Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էմմին` «Եվրատեսիլ 2012»-ի եւ իր ծրագրերի մասին

Էմմին` «Եվրատեսիլ 2012»-ի եւ իր ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 20  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմիի յուրաքանչյուր նոր կատարում, նախագիծ,  անգամ սանրվածք  անտարբեր չի թողնում  հասարակությանը` դառնալով քնննարկման թեժ թեմա տարբեր շրջանակներում: Նրա առաջիկա ծրագրերի, «Եվրատեսիլ 2012» միջազգային  երգի մրցությում մասնակցության եւ ստեղծագործական գործունեության այլ մանրամասների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Էմմիի հետ:

 

-Բազմիցս նշել եք,  որ սիրում եք իրագործել, հետո խոսել կատարված աշխատանքի մասին: Այնուամենայնիվ, ի՞նչ ծրագրեր եք ուրվագծել, որոնք պետք է իրականացնեք  2012-ի ընթացքում:

 

-Կան հստակ նախանշված աշխատանքներ, որոնք այս տարվա ընթացքում կհանձնվեն հանդիսատեսի դատին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է նոր «Հայեր» կոչվող նախագծին, որի հեղինակն է Հարություն Դերհովան:

 Քանի որ երգը նվիրված է հայ մարզիկներին, բնականաբար երգի տեսահոլովակը պետք է լինի մի քիչ մասշտաբային: Այժմ կան փոքր-ինչ խնդիրներ եղանակային պայմանների հետ, քանի որ երբ նման մասշտաբի նկարահանումներ իրականացնելու անհրաժեշտություն է ծագում, ապա ցանկանում ես, որ այն լինի նկարահանված տաք եղանակային պայմաններում:

Տեսահոլովակը պետք է շտապ նկարահանվի, սակայն դեռեւս արեւի եւ  ամառային տրամադրության ակնկալիքներ չկան, փորձում ենք գտնել լուծում, թե ինչպես կարելի է այն նկարահանել, որպեսզի ձմեռային տպավորություն չթողնի:

 

-«Հայերը»- Ձեր եւ երգահան Դերհովայի Լոնդոնում կայանալիք 2012 թվականի Օլիմպիական խաղերին է նվիրված: Ինչպե՞ս առաջացավ այն ստեղծելու գաղափարը եւ երբ այն կհայտնվի եթերում:

 

-Իրականում միշտ մեծ է եղել Դերհովայի հետ աշխատելու ցանկությունը: Երբ նրա հեղինակած երգը «Այո»  «Եվրատեսիլ 2011 »-ի հայաստանյան նախընտրական  փուլում չանցավ, այլ ընտրվեց  «Բում-բում»-ը, մենք հասկացանք, որ մեր հաջորդ քայլը լինելու է մեկ այլ մեծ նախագիծ, որը կարծես «կփակի» այն, ինչ եղավ մրցույթի նախընտրական փուլում: Հենց այդպես էլ եղավ: Չնայած այսօր արդեն պատրաստ է «Այո» երգի ռեմեյք տաբերակը, եւ հարմար պահի ենք սպասում այն հանդիսատեի դատին հանձնելու համար, առաջիկայում երգը կհայտնվի նաեւ ռադիոկայաններում: «Հայեր» երգը հույս ունենք, որ շատ շուտով կհայտնվի եթերում, բայց տեսահոլովակը կլինի առաջիկա  երկու ամիսների ընթացքում:

 

-Ձեր ցանկացած նախագիծ` բաբաջանյանական երգերի  նոր մատուցում, թե մեկ այլ բան,  անտարբեր չի թողնում, ստանում է հասարակական հնչեղություն, ի՞նչ նոր «անսպասելի» անակնկալների սպասի հանդիսատեը:

 

-Երգը, որի մասին խոսեցինք իսկապես կունենա մեծ արձագանք, վստահ եմ, որ կլինի աղմկոտ: Այլ նոր նախագծեր ու երգեր նույնպես կլինեն առաջիկայում:

 

-2011-ի սկիզբը Ձեզ համար ազդարարվեց ողբերգական իրադարձությամբ` Ձեր հոր մահվամբ , նախա- եւ հետեվրատեսիլյան թոհուբոհով: Հաճախ նման իրավիճակներում մարդիկ ունենում են ստեղծագործական անկում: Ի՞նչը Ձեզ ուժ տվեց անցանկալի անկումից խուսափելու համար:

 

- «Եվրատեսիլ» մեկնելուց առաջ ես չէի բարձրաձայնել, որ մեկնում եմ հաղթելու  համար, ես բազմիցս նշել եմ, որ գնում ենք լավ ելույթ ունենալու նպատակով, ինչն էլ մեզ հաջողվեց ապահովել, քանի որ ունեինք գեղեցիկ ելույթ, պարողներ,  հագուստ, բեմական կեցվածք: Կարծում եմ,  ամեն ինչ բարձր որակով է կատարվել ` նախապատրաստական  աշխատանքը եւ այն ինչ կախված էր ինձանից եւ իմ ընկերներից, մենք կատարել ենք լիարժեք: Մնացածը ընդամենը չհաջողված ավարտ էր, որը վատ հետք չթողեց ինձ վրա, քանի որ այդ ժամանակահատվածում իսկապես ունեցել եմ ավելի դժվար ցավ, որն ինչ-որ չափով նաեւ օգնեց ինձ չզգալու համար այն, ինչ կատարվեց «Եվրատեսիլ»-ում:

 

-«Եվրատեսիլ»-ի թեման այս օրերին շատ արդիական է, որպես երգչուհի, ով պատվով ներկայացրեց մեր երկիրը մրցույթում նախորդ տարի, ի՞նչ կասեք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանի արդեն հաստատված մասնակցության մասին:

 

- Շատ ուրախացա, երբ իմացա, որ Հայաստանի մասնակցությունը կա, քանի որ  մինչ մասնակցության հաստատվելը ինձ շատ էին հարցնում` արդյոք ես կցանկանայի, որ Հայաստանը մասնակցեր մրցույթին այս տարի: Ես միշտ բարձրաձայնում էի, որ` այո: Մեր  լավ պատրաստված մասնակցությամբ կարող ենք հարեւան երկրներին ապացուցել, որ մենք  քաղաքակիրթ ազգ ենք, եւ եթե խոսքը գնում է Եվրոպայի մասին, մեզ ոչինչ չի կարող խանգարել լավ ներկայանալու համար: Կցանկանայի, որ կամ արական սեռի ներկայացուցիչ մեկնի Եվրատեսիլ կամ խումբ, որոնք կներկայացնեն իսկական առնական հայկական գեղեցիկ շոու:

 

՞րեւէ  նախապատվություններ ունեք Հայաստանի պատվիրակի ընտրության  հարցում:

 

-Մենք ունենք լավ երգիչներ, օրինակ` Մհերը, Ռազմիկ Ամյանը, Էրիկը, Արամեն, այլք: Ես պարզապես կնախնտրեի, որ ուժեղ սեռի ներկայացուցիչ մասնակցի մրցույթին այս տարի:

 

-«Եվրատեսիլ»-ի կենսագրության մեջ եղել է հայտնի նախադեպ, երբ երգիչը մասնակցել է մրցույթին  երկրորդ անգամ եւ հաղթել  է, երբեւէ մտածե՞լ եք երկրորդ անգամ  մրցույթին մասնակցելու մասին:

 

-Դեռ այնտեղ, երբ այդ հարցը ինձ տալիս էին, ասում էի, որ ամեն ինչ հնարավոր է, ինչո՞ւ ոչ: Եթե  զգամ, որ ճիշտ պահն է պատրաստ լինելու եւ մի շոուի, նախագծի  այդ քան ժամանակ տրամադրելու համար,  ապա անպայման կմասնակցեմ:

 

-Գուցե մեր իրականության մեջ է, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ առհասարակ մրցույթի հետ կապված ցանկացած իրողություն փոքր-ինչ «ցավագին» է ընկալվում: Ի՞նչ է տալիս  մրցույթը մասնակցող երգչին առաջին հերթին:

 

-Այնպիսի փոքր երկրում ինչպիսին, որ մերն է, այդ շոուն  նոր նախագծերի, համագործակցության  հնարավորություն է` անկախ պարտությունից կամ հաղթանակից;

«Ցավագին» չընկալելու համար հանրությունը  պետք է հաշվի առնի, որ երգչից այդ ժամանակ պետք է ակնկալել լավ կատարում, լավ բեմականացում, լավ աշխատանք,  իսկ մնացածը երգչից կախված չէ: Բավականին մեծ գումարներ պետք է ծախսվեն բարձր հորիզոնականում  հայտնվելու համար: Սուտ է, չի կարող առանց գումար ինչ-որ մի բան կատարվի այսպիսի մեծ նախագծերում:

Եթե ոչ յոթանասուն- երեսուն, ապա հիսուն-հիսուն հարաբերակցության մեջ ամեն  ինչ նյութականացված է նման մասշտաբի  մրցույթներում:

 

-Օրեր առաջ սոցիալական կայքերից մեկի Ձեր էջում գրեցիք այն մասին, որ արտիստին հանգիստ է պետք թողնել, որպեսզի նա կարողանա ստեղծագործել հատկապես այն պարագայում, երբ հանդիսատեսը նրանից ավելին է պահանջում: Ի՞նչ նկատի ունեիք այս գրությամբ:

 

-Արտիստի ցանկացած լավ դրսեւորումը, հաջողությունը  չեն բարձրաձայնում այն ոգեւորությամբ, որքան որ արձագանքում են անգամ ամանափոքր վրիպումի դեպքում: Բերեմ պարզ օրինակ: Սոնա Շահգելդյանը հաղթեց մի մրցույթում, որտեղ առանց գումարի առկայույթան անգամ չեն էլ բարեւում: Ես բացեիբաց եւ  պարզ եմ խոսում, ինչը գուցե այս պահին տգեղ երեւույթ է, սակայն  ոչ ոք այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց այդ հաղթանակի համար,  որքան խոսեցին նրա հարցազրույցի շուրջ բարձրացված աղմուկի մասին:

Երբ արտիստը վրիպում է բեմում երգելիս, ապա կարելի է նրան մեղադրել: Ինչ-որ մեկը տիրապետում է ռուսերենին, մյուսը` անգլերենին, մյուսը` ոչ մի լեզվի, բայց հայտնի է: Ուզում եմ ասել` խոսքը նաեւ  այն մասին է, որ մենք` արտիստներս, ամեն ինչ անում ենք սրտանց  եւ յուրաքանչյուր երեք րոպե տեւողությամբ ելույթին շատ ավելի երկար ենք պատրաստվում, քան թվում է: Ոչ միայն  ֆինանսական, այլեւ հոգեւոր ռեսուրսներ են ծախսվում ելույթի  համար: Երբ այդ ամենը կատարվում է լավ, ապա մնացած հարցերը պետք է երկրորդական լինեն: Իմ դեպքում կարող եմ նույնսիկ  շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին, որ երբեւէ  տգեղ երեւույթի չեմ հանդիպել: Իրականում արտիստներս փխրուն մարդիկ ենք, եւ որքան էլ կոփվենք տարբեր  իրադարձություններից,  խնդրում եմ մեզ  աջակցել լավ վերաբերմունքով:

 

-Համացանցում ակտիվորեն շրջանառվում է Ձեր ամուսնության մասին լուրը, կբացե՞ք փակագծերը:

 

-Ես ոչ երեք, ոչ մեկ տարի, ոչ մեկ ամիս առաջ երբեւէ չեմ խոսել իմ անձնական կյանքից եւ այն թողել եմ, որ միշտ մնա իմ անձնականը: Բայց երբ ինձ հարցնում են, թե արդյո՞ք հնարավոր է նման իրադարձություն այս տարի, ես պատասխանում եմ, որ ամեն ինչ կարող է պատահել, ոչ` այո,  ոչ` ոչ: Ամեն ինչ կարող է պատահել, երբեք չես կարող ինչ որ բան բացառել եւ իմանալ, թե  վաղը, երբ արթնանաս, ինչ կկատարվի քեզ հետ, այդ իսկ պատճառով ես վստահաբար                 ասում եմ` ամեն ինչ կարող է պատահել: 

 

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]