Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր պարգեւավճարների տրամադրումը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում

Նոր պարգեւավճարների տրամադրումը կշարունակվի ամբողջ տարվա 
ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011թ-ի դեկտեմբերի ամսից ՀԴՄ կտրոնով շահողներին տրամադրվելու են երեք հարյուր միավոր նոր պարգեւավճարներ: Նոր խաղարկության մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ:

Պարոն Ալավերդյան, ինչով է պայմանավորված` նոր պարգեւավճարների ներմուծումը:

Լրացուցիչ պարգեւավճարները  մտցվել են դեկտեմբերից, այսինքն` դեկտեմբերի կտրոններով արդեն կարելի է պարգեւներ շահել: Նոր համակարգը ներառում է տասնհինգ ավտոմեքենա` 8 եւ 7 թվերի համընկնմամբ կտրոններով շահողների համար, ինչպես նաեւ` վեց եւ հինգ թվերի դեպքում`  արդեն կտրոնում նշված առավելագույն գումարի չափը հաշվի առնելով: Դեկտեմբերի 1-ից ՀԴՄ կտրոն պահանջողներին տրամադրվում է լրացուցիչ երեք հարյուր միավոր պարգեւավճար` 100 անվճար ինտերնետային կապ` վեց ամիս ժամկետով եւ  200 բջջային հեռախոս: Առաջին պարգեւավճարները  կտրամադրվի փետրվարի երկրորդ շաբաթվա ընթացքում:

Որն էր նոր պարգեւավճարներ ներմուծելու նպատակը:

Այդ ամենը նպատակ ուներ հասարակությանն ավելի  ներգրավել գործընթացներում: Ինտերնետային կապի եւ հեռախոսների ընտրությունը մասամբ  պայմանավորված էր ուսանողության եւ երիտասարադության շահագրգռվածության բարձրացմամբ: Ամեն դեպքում  հասարակության բոլոր շերտերը  պետք է շահագրգռված լինեն կտրոններ պահանջելու համար: Նախորդ տարվա փորձը ցույց է տալիս, որ հասցեական շահումները, թեկուզ սահմանափակ քանակությամբ եւ  հետաքրքիր պարգեւավճարներով` բնակչության մեջ առաջացնում են շահագրգռվածություն:

Նախկինում երկու եւ ավելի թվերի դեպքում շահումներ կայինՍակայն կարճ ժամանակ հետո դրանք հանվեցին, եւ միայն մեքենաներ խաղարկվեցին: Ինչով էր այդ որոշումը պայմանավորված:

Վիճակահանության պատմությունը երեք տարուց ավելի է, եւ մենք այդ տարիների ընթացքում փորձարկել ենք մի քանի մեթոդներ: Դրանցից մեկն այն էր, որ պետք է ընդգրկեինք հասարակության ավելի լայն խավերին պարգեւավճարների մեջ: Փորձը ցույց տվեց, որ դրամական պարգեւավճարները ունեն իրենց բացասական կողմերը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ էին ընդգրկվում ողջ այս գործընթացում: Հասնել արդարության, վերահսկողության, արժանահավատության, կարողանալ հազարների սպասարկման խնդիրը կարգավորել, գործ ունենալ կապի բաժանմունքների` «Հայփոստ»-ի հետ,  այս ամենը առաջացնում էին խնդիրներ:  Բազմահազար կտրոնների ամենամսյա շրջանառության ընթացքում ի հայտ էին գալիս մի շարք խախտումներ: Արդյունավետ է, երբ շահումները արժեքավոր են, ունեն որոշակի սահմանափակումներ, եւ դա կարող է խթան լինել նույն քանակի մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը ակնկալիք ունի որ ոչ թե պետք է շահի, այլ հավանականություն ունի, որ կշահի:

Իսկ հնարավոր է, որ նախորդ երեք ամսվա կտրոնները կրկին խաղարկվեն:

Մենք փորձել ենք բազմաթիվ տարբերակներ եւ չենք կարող ասել, որ հանգել ենք լավագույն տարբերակին: Բայց պարեւավճարների այս ձեւը` ավտոմեքենաների խաղարկության, արդեն մեկ տարուց ավելի է գործում է. այս ընթացքում մենք չենք նկատել հետաքրքրության կորուստ: Լրացուցիչ այս պարգեւավճարների ներդրման նպատակն է եղած հետաքրքրվածների մեր բանակ համալրել: Բջջային հեռախոսներն ու անվճար վեցամսյա ինտերնետ կապն եւ մոդեմները կարող են հետաքրքիր դառնալ հատկապես ուսանողության համար:

Որքան ժամանակ կշարունակվի նոր  պարգեւավճարների տրամադրումը:

Պաշտոնապես կարող եմ նշել, որ այս մեխանիզմը ամբողջությամբ կգործի 2012 թ-ի ընթացքում: Եւ  կա մի առանձնահատկություն. եթե 15 ավտոմեքենաների ֆինանսավորումը իրականացվում է պետական միջոցների հաշվին, ապա 300 պարգեւավճարները` մասնավոր կազմակերպության հաշվին, ինչի հետ կապված հայտարարվել է մրցույթ դեռեւս սեպտեմբերին: Հոկտեմբեր եւ նոյեմբերի ամիսներին ներկայացվեցին հայտերը: Հաղթող ճանաչվեց ինտերնետեային կազմակերպությունը, որի տարբերանշանը ապրիլից հայտնվելու է ՀԴՄ կտրոնների դարձերեսին:

Պարոն Ալավերդյան, վիճակահանության հետեւողների, ՀԴՄ պահանջողների թվի ավելացում թե նվազում է նկատվում:

2011թ-ը ցույց տվեց, որ ունեցել ենք մեծ մասամբ վեց թվով շահողներ, տասնհինգից ավելի յոթ թվով շահողներ, ի տարբերություն 2010թ-ին, երբ հաշված քանակությամբ էին վեց կամ յոթ թիվ շահողները: Հանրությունը սկսեց ուշադրություն դարձնել գործարքի արժեքին: Այս ամենից ելնելով` կարող ենք եզրակացնել, որ թվի անկում նախորդ տարի չի եղել: Օգտագործողների զանգվածը մնում է կայուն եւ հույս ունենք, որ նոր տարում նրանց թիվը կավելանա:

Բացի պարգեւավճարներից կա նաեւ հարկային վարչարարություն ՀԴՄ կտրոն չտրամադրողներին: Թեժ գծերի միջոցով մենք բացահայտում ենք խախտումները: Բազմաթիվ փորձեր տեղի ունեցան, որպեսզի հսկիչ դրամարկղային մեքենաները կամ տեղադրվեն, կամ օգտագործվեն կամ քաղաքացիներին կտրոններ տրամադրվեն: Այժմ տնտեսվարող սուբյեկտները գիտեն ՀԴՄ-ները կիրառելու ձեւերը, խախտումները համեմատաբար պակասել են: Սակայն մնում է լուծել մի մեծ որակական խնդիր, որպեսզի ՀԴՄ կտրոնները տեղադրեն բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք կանխիկ դրամաշրջանառությամբ են աշխատում: 

Կային մարդիկ, ովքեր կեղծիքներ էին իրականացնում: Ինչ է արվում նրանց թիվը նվազեցնելու ուղղությամբ:

Հարյուր հազարավոր մարդիկ երկու թվի շահումի դեպքում դիմում էին հարկային մարմինների, «Հայփոստ»-ի բաժանմունքներին, որ պետք է ստուգեին իսկապես շահում եղել է թե` ոչ: Հարյուր հազարից ավելի դեպքերը հնարավոր չէր վերահսկել: Խախտումներ էին լինում մասնակիցների կողմից: Այդ բազմահազար շահումների ընթացքում տեղի ունեցան ամենախոշոր խախտումները: Մարդկանց առանձին խմբեր հանցավորության նպատակով սկսեցին կեղծիքներ անել` ՀԴՄ-ի կեղծ կտրոններ կամ կեղծ գործարքներ իրականցնելով: Մենք ունեցանք այդպիսի խախտումների տասնյակ դեպքեր: Անցյալ տարի խաղարկվում էր 180 ավտոմեքենա, եւ այդ ընթացքում  միայն մեկ դեպք է եղել: Քաղաքացին փորձել է կտրոնի վրա շահող թիվը փոխարինել իր ուզած թվով, որպեսզի ավտոմեքենա շահի: Բայց շատ արագ բացահատվեց այդ ամենը համապատասխան մարմինների կողմից, եւ գործը հանձնվեց քննչական մարմիններին:

Ունեք վիճակագրություն, թե նախորդ տարում խախտման քանի դեպք է գրանցվել:

Յուրաքանչյուր տարի մենք հայտնաբերում ենք խախտումների արձանագրման դեպքեր: Վիճակահանությունը գործոններից մեկն է, որը պակասեցնում է խախտումների քանակությունը: Քաղաքացին, եթե առեւտուր իրականացնելիս պահանջում է կտրոնը, տնտեսվարող սուբյեկտը արդեն տրամադրում է: 2011թ-ին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 1200 խախտում, մեկ տարում`շուրջ 10 հազար արձանագրված խախտում : Ընդհանուր գումարը կազմել է  1.3 միլիարդ դրամ:

 

Հարցազրույցը` Անահիտ Առաքելյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]