Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Արմեն Աշոտյանի համար ամանորյա ամենամեծ հրաշքը տոնն ընտանիքի հետ անցկացնելն է


ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պաշտոնյաներն այսօր քիչ ժամանակ են ունենում խոսելու համամարդկային տոների, խնդիրների եւ զգացմունքների մասին: Սակայն ինչպես փաստում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտոնեական դիրքից դուրս վիճակը շատ-շատ պաշտոնյաների ավելի գրավիչ կամ հետաքրքիր կարող է դարձնել հասարակության համար: «Արմենպրես»-ն այժմ ներկայացնում է Արմեն Աշոտյանի վերաբերմունքը Ամանորին, տոնի հետ ասոցացվող հրաշքներին:

-Պարո'ն Աշոտյան, ինչ զգացողություններ եւ հիշողություններ կան կապված Ամանորի հետ:

Ամանորը բոլորիս մոտ տպավորվում է որպես մանկությունից եկած հեքիաթային մի ժամանակահատված, որն իր ամբողջ հմայքով գործում էր մեզ վրա: Այդ տարիներին, կարծես թե, ապրում էինք Ամանորից Ամանոր: Դրանք եղել են երջանիկ մանկության գագաթակետեր, որոնք դաջվել են հիշողությանս մեջ` որպես քաղցր, «սարսափելի» քաղցր հուշեր: Այսօր էլ արդեն մեկ այլ կարգավիճակով, երբ արդեն ամանորյա միջոցառումների կազմակերպիչ-պատասխանատուն եմ մեր  տան իմ երկու որդիների համար, բնականաբար փորձում եմ նման տոն ապահովել նրանց համար: Նամակը Ձմեռ պապիին երկուսն էլ գրել են` մեկը փորձել է ինքնուրույն գրել, մյուսը` որպես փոքր, թելադրել է մայրիկին իր փոխարեն գրել: Եվ ես ու կինս, ինչպես նաեւ տատիկներն ու պապիկներն ամեն ինչ կանենք, որպեսզի տոնը յուրահատուկ դառնա նրանց համար:

- Պարո'ն Աշոտյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատում եք, արդյոք, ամանորյա հրաշքին:

Ինձ համար ամենամեծ հրաշքն այն է լինելու, որ ես գոնե ամառային արձակուրդներից հետո տարվա մեջ երկրորդ անգամ հնարավորության սահմաններում կլինեմ ընտանիքի հետ: Դա ինձ համար իրական  հրաշք է դարձել: Իսկ ընդհանրապես «գերագույն» բառի գոյությանն իհարկե հավատում եմ, հետեւաբար հավատում եմ, որ այդ բարին իրեն զգացնել է տալիս պարբերաբար: Ամանորյա օրերից սպասումներն ավելի մեծ են:

-Կա, արդյոք, մի երազանք, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

Ես ունեմ երազանքներ, որոնք յուրաքանչյուր տարի ակտուալ են: Դրանք ավելի շատ մաղթանքներ են` առողջություն մերձավորներիս, ընկերներին, ընտանիքի անդամներին, առողջություն եւ միայն առողջություն, իսկ մնացածը հնարավոր է վաստակել, աշխատել, ստեղծել: Եվ միշտ մաղթում եմ հարազատներիս, որ կորուստներ չունենան իրենց կյանքում, շրջապատում: Սա ամենաարդիական ցանկությունն է:

 

 - Տոնը տոն, սակայն այն ուղեկցվում է նաեւ ամանորյա հոգսերով, որոնց շարքին են դասվում ամանորյա գնումները: Այդ գործում Դուք Ձեր մասնակցությունն ունենու՞մ եք:

         Սա առաջին տարին է, երբ ես տիկնոջս եւ երկու զավակներիս հետ տոնը պետք է նշեմ առանձին տանը: Մինչ այդ` անգամ ամուսնանալուց հետո, ապրում էինք ծնողներիս եւ եղբորս հետ մեծ ընտանիքում, բնականաբար այդտեղ պատասխանատվությունը շատ ավելի փոքր էր, որովհետեւ ամեն ինչ կազմակերպվում էր իմ հարազատների կողմից: Սա առաջին անգամն է, որ ընտանեկան օջախի տոնակատարությունների նախապատրաստման գոնե ֆորմալ պատասխանատուն ես եմ: Թիվ մեկ խնդիրը եղել է ինձ համար տոնածառ եւ զարդարանքներ գնելը: Իսկ երկրորդ ուղղությունը, որտեղ ես հաստատ պետք եմ, նվերների ընտրությունն է եւ դա պետք է անեմ մենակ, որպեսզի ոչ ոք չիմանա: Մնացած ամեն ինչը` ճաշկերույթային նախապատրաստությունները, բարեհաջող կիրականացվեն առանց ինձ, որովհետեւ ես այդ չեմ սիրում` մանավանդ, երբ խանութներում իրարանցում է եւ նյարդերս չեն հերիքելու:

 

-Այնուամենայնիվ, ամանորյա գնումները Ձեզ համար հո՞գս են, թե՞ հաճույք:

Ընդհանրապես հաճույք է, բայց երբ մինչեւ վերջին օրն աշխատանքային եռուզեռի մեջ ես, տարի ես ամփոփում, կատարողականներ ես տալիս, հաջորդ տարվա անելիքներն ես բանաձեւում, կողքից ցանկացած բան սկսում է քեզ շեղել: Այս փուլում դժվար եմ պատկերացնում, որ կարող եմ շատ ժամանակ տրամադրել դրանց:

 

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

Շատ-շատ եմ սիրում նվերներ ստանալ, ինչպես նաեւ` տալ: Ամանորյա նվերներից մտաբերում եմ մանկական տարիներին ստացածներս, որովհետեւ կարծես թե զգացմունքները հասուն տարիքում սկսում են բթանալ եւ ամեն ինչ սովորական է դառնում: Հիշում եմ հինգերորդ թե վեցերորդ դասարանում նվեր ստացա «Անիծյալ թագավորները» շարքի բոլոր գրքերը միանգամից, եւ մեծ ուրախություն էր ինձ համար, որովհետեւ այդ ժամանակ միայն մեկն էր ձեռքս ընկել: Այսօր նվերները շատ կենցաղային ու կիրառական են դարձել, երբ մի փոքր ոչ կիրառական նվեր ես ստանում, զարմանում ես: Շատ եմ ուրախանում, երբ ինձ լավ գրքեր են նվիրում առ այսօր, ուրախանում եմ նաեւ օծանելիքների, փողկապների համար, բայց իհարկե ամենաօրիգինալ նվերը մնում է գիրքը:

 

  -Սովորաբար, ընդունված է Ամանորը համարել ընտանեկան տոն: Դուք ինչպե՞ս եք նախընտրում տոնել այն` Հայաստանում, տանը, ընտանիքի հետ, թե գուցե Հայաստանից դուրս:

Հայաստանից դուրս ընդամենը մեկ Ամանոր եմ նշել, երբ փոխանակման ծրագրով սովորում էի Ֆրանսիայի Մարսել քաղաքի համալսարաններից մեկում, գումար չկար, որպեսզի հետ գաս տուն դիմավորես Ամանորը, նորից վերադառնաս սովորելու, ստիպված մի քանի ընկերներով մնացինք այնտեղ նշելու տոնը` առաջին ու վերջին անգամ: Այս տարի նույնպես դիմավորելու եմ Հայաստանում` գուցե Դիլիջանում կամ այլ տեղ, բայց Սուրբ ծնունդն անպայման հայրական օջախում եմ տոնելու:

 

- Ամանորյա սեղանի ո՞ր ուտելիքն եք ամենից շատ սիրում:

Շատ եմ սիրում ամանորյա տոլման, որն ինձ համար այլ համ ունի:Սիրում եմ ամանորյա խմորեղները: Ընդհանրապես քաղցրակեր եմ, որն իրեն պարբերաբար զգացնել է տալիս: Ամեն Ամանորից հետո ստիպված ես լինում սննդակարգի կարգավորում անել:

 

-Իսկ ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

Ժողովրդին կմաղթեմ, որ տեր լինեն մեր պետականությանն ու երկրին, լինեն համբերատար եւ լավատես: Պետականասեր լինեն, իմաստնություն ունենան թույլ չտալու սխալներ, որոնք պատմական առումով կարող են կործանարար լինել երկրի, պետության համար: Յուրաքանչյուրին` ճանաչում եմ թե ոչ, ինձ սիրում են թե ոչ` մաղթանքս նույնն է` անձնական երջանկություն եւ առողջությւն իրենց օջախներում, տներում, որովհետեւ մարդ, եթե տանը երջանիկ չէ, ամեն ինչ հանդարտ չէ, դժվար էլ մեծ հաջողությունների հասնի արտաքին շփումներում: Իսկ ահա ուսանողներին կմաղթեմ շատ մեծ ուրախությամբ նշել ամանորյա տոները եւ առավելագույնը վայելել: Մարդկային պարզ շփումներն արդեն այսօր շքեղություն են դիտվում: Դրանից հետո հանձնել լավ քննություններ եւ սովորել, սովորել, սովորել:

 

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ