Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցում հաջողություն է գրանցում

Հայաստանը ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցում 
հաջողություն է գրանցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանի հետ:

 

-Պարոն Շահինյան, Հայաստանում ճանապարհային երթեւեկության  անվտանգությանն ուղղված աշխատանքներն ի՞նչ փուլում են:

 

-Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհերի թիվը նվազել է, բայց վիրավորների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել է: Դա կարելի է բացատրել նրանով, որ ԱՊՊԱ-ն սկսեց գործել հունվար ամսից, եւ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, բնականաբար, պետք է աճեր: Դա ոչ թե խոսում է նրա մասին, որ իրականում աճել է, այլ նրա մասին, որ բոլորը գրանցվում են` բնականաբար, ելնելով նրանից, որ կարող են ստանալ փոխհատուցում: Ինչ վերաբերում է վիրավորների եւ մահացության թվի աճին վերջին մի քանի ամիսներին` սկսած հուլիս ամսից ներառյալ նոյեմբերը, դա, իհարկե, շատ տխուր ցուցանիշ է: Ասեմ, որ շատ կարեւոր է նշել այն, որ 2008-ի համեմատությամբ, իրականում, ընդհանուր առմամբ էլի նվազում կա:

 

-Պարոն Շահինյան, ամեն փրկված կյանք մի քաղաքացի է, մեզանից մեկն է, ի՞նչ պետք է անենք, որպեսզի այդ վիճակագրությունը գնա դեպի նվազում:

 

-Միանշանակ պետք է տարբեր մոտեցում ցուցաբերել: Առաջինը` օրենքի կիրառումով, որին մենք ականատես եղանք 2009 թվականին, երբ ուժի մեջ մտավ ամրագոտիների պարտադիր կիրառումը: Դրա հետեւանքով ծանր վնասվածքները դարձան թեթեւ, եւ մահացության դեպքերը նվազեցին: Միանշանակ պետք է տարվի քարոզարշավ, մարդկանց գիտակցությունը պետք է բարձրացնենք` լինի դա վարորդ, ուղեւոր, թե հետիոտն:

 

-Պարոն Շահինյան, Հայաստանն, ավանդաբար, ճանապարհային անվտանգության առումով առաջատարների թվում չի եղել: Ձեր նշած ռազմավարության ընդունումից եւ ձեր խորհրդի գործունեության արդյունքներից մեկն այն է, որ զգալիորեն բարելավվեցին Հայաստանի թե միջազգային հեղինակությունը, թե դիրքերը: Այդ առումով ի՞նչ կասեք:

 

Ընդունված ռազմավարության արդյունքում, որի համար պետք է խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարության ջանքերին, մենք կարողացանք  ընդամենը 1 տարում մահացությունները նվազեցնել մինչեւ 21 տոկոսի, իսկ 2 տարվա կտրվածքով` մոտ 38 տոկոսի: Ճանաչում ստացանք, որովհետեւ Հայաստանը եղավ առաջինը տարածաշրջանում, որն ունեցավ հստակ ռազմավարություն եւ հստակ գործունեություն մի քանի տարվա համար, որտեղ հստակ դրված էր թիրախը եւ այն գործողությունները, որոնք պետք է արվեին:

 

-Ո՞րն է անվտանգ երթեւեկության տասնամյակի հիմնական գաղափարը. եւ ո՞ր հատվածով է այն կիրառելի մեզանում, եւ ի՞նչ պետք է արվի:

 

-»Ճանապարհային անվտանգություն» հասկացությունը չունի ընդհանուր դեղամիջոց: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր Կառավարություն եւ ժողովուրդ պետք է ստեղծի իրենը, իրեն պատկանողը: Մեր պարագայում մենք  ձգտում ենք դարձնել մեր ճանապարհներն անվտանգ, որովհետեւ դու կարող ես ունենալ շատ լավ մեքենա, շատ լավ վարորդ, բայց շատ վատ ճանապարհ, բայց նաեւ կարող ես ունենալ շատ լավ ճանապարհ, բայց շատ վատ վարորդ: Մարդը կարող է սխալ թույլ տալ: Մենք, ցավոք, բոլորս գիտակցում ենք, որ կան շատ մարդիկ, ովքեր չունեն համապատասխան փորձ: Սա, միգուցե, գալիս է օբյեկտիվ պատճառներից, որովհետեւ մարդիկ տարիներ շարունակ մեքենա չեն քշել եւ հիմա սկսում են քշել` բնականաբար, այդ հմտությունները կորցրած: Դա հեծանիվ քշել չէ, եւ վերապատրաստումը շատ կարեւոր է: Ցավոք, այսօր Հայաստանում բացակայում են այն վայրերը, որտեղ մարդիկ կարող են գնալ եւ վերապատրաստվել, ստանալ բարձր մակարդակի վերապատրաստում, որի ուղղությամբ այսօր արդեն աշխատանքներ են տարվում: Նաեւ նշեմ, որ միջազգային առաջատար երկրները` Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն, ընդունել են, որ Հայաստանն առաջինն է այս ոլորտում, որ հասել է հաջողության` ապացուցելով, որ Կառավարությունը կարող է իր լուման ունենալ ճանապարհային անվտանգության մեջ:

 

 -Որո՞նք են լինելու առաջիկայում իրականացվելիք  գլխավոր քայլերը ոլորտում հաջողության հասնելու ուղղությամբ:

 

-Առաջինը. պետք է շարունակենք անել այն, ինչ անում էինք: Երկրորդը, պետք է ավելացնենք մեր ջանքերը: Սա այն գործն է, որը դու չես կարող այն հույսով ապրել, որ հասցրել ես արդյունքի եւ հանգիստ նստել: Դա անընդհատ փոփոխվող գործողություն է: Երբ մենք տեսնում ենք, որ ցուցանիշները փոխվում են դեպի բացասականը, ապա միանշանակ պետք է գործողություններ արվեն, այսինքն այն, ինչ արվել էր` գումարված նոր գործողություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]