Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջին հարցազրույցն է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջին հարցազրույցն է 
տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրների, վարդագույն քաղաքի գույնի ու Ամանորյա հանդերձանք ստացած Երեւանի մասին առաջին հարցազրույցն է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:  

-Պարոն քաղաքապետ, հասցրե՞լ եք արդյոք բախվել նոր աշխատանքի դժվարություններին: Որո՞նք են քաղաքի` առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները: 

-Քաղաքային խնդիրներն ինձ համար նոր չեն, ծանոթ եմ նաև դժվարություններին, այդ ամենը մեր ամենօրյա աշխատանքն է: Հավատացեք, որ բոլոր այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ՝ սկսած շքամուտքերից ու բակերից, մինչև տրանսպորտ ու սանմաքրում: Այդ խնդիրները ամբողջությամբ գույքագրված են, յուրաքանչյուրի մասով կա մոտավոր ֆինանսական գնահատական, աշխատանքային ծրագիր և արդեն կոնկրետ նախագծերի  տեսքով ներառված են  մեր տարեկան ծրագրերում: Համոզված եմ, որ  բոլոր հարցերն էլ լուծելի են ժամանակի մեջ,  ուղղակի պետք է վճռականություն ու կամք, ինչը  մեր թիմը ունի, ու ամենակարևորը՝   սրտացավ ու հետևողական աշխատանք։ Քաղաքային նշանակության շատ խնդիրներ լուծում կարող են ստանալ միասնական, հետևողական աշխատանքի շնորհիվ։ Միասնական ասելով նկատի չունեմ միայն քաղաքապետարանի կամ վարչական շրջանների աշխատակազմերը։ Մեր բնակչությունն էլ մեր թիմի անդամ է, և մենք ակնկալում ենք նաև մեր բնակիչների աջակցությունը շատ հարցերում: Եվ առաջին հերթին, որ բնակիչը ինքը անտարբեր չլինի:

Քաղաքային տնտեսության մեջ կարևոր ու երկրորդական խնդիրներ չկան. բոլոր խնդիրներն էլ կարևոր են ու  պահանջում են ամենօրյա հետևողական աշխատանք։ Երբեմն առաջ են գալիս հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք, բնականաբար, առաջնահերթ են դառնում:  Իսկ ընդհանուր առմամբ բոլոր խնդիրներին համակարգված մոտեցում է ցուցաբերվում,  ներառվում  են Երևան քաղաքի զարգացման ծրագրերում և, յուրաքանչյուր տարի բյուջեն կազմելիս և ավագանու հաստատմանը ներկայացնելիս, հաշվի են առնվում առաջնահերթությունները։

 -Ձեր ծրագրում նշում եք, որ նպատակ ունեք Երեւանը դարձնելու մաքուր, կանաչ, հարմարավետ, բարեկարգ, աշխատանքի եւ ավանդույթների քաղաք: Ցանկալի մայրաքաղաք ունենալու ճանապարհին շա՞տ են անելիքները: 

-Այսպես ասեմ, դա ոչ միայն իմ, այլ մեր քաղաքական ամբողջ թիմի նպատակն է, որ հստակ նշվել էր նաև մեր նախընտրական ծրագրում։  Այդ ծրագիրը   մեր համաքաղաքացիների կողմից  ստացել է վստահության քվե և հետևողականորեն իրականացվում է: Շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի զարգացմանը:   Պետք է նշեմ,  որ դրանցից շատերն արդեն կյանքի են կոչվել և որոշակի ուղղություններով առաջընթացը տեսանելի է։ Ծրագրերի մի մասն էլ ընթացքի մեջ է, և վստահ եմ, որ դրանք էլ են իրականություն դառնալու։

Քաղաքը յուրօրինակ կենդանի օրգանիզմ է և, բնականաբար,  ժամանակի ընթացքում առաջ են գալիս նոր խնդիրներ, որոնք նոր մոտեցումներ, նոր լուծումներ են պահանջում։ Պետք է կարողանանաք շատ ճկուն ու համահունչ արձանգանքել նաև դրանց:

Իսկ բոլորիս նպատակը, այո,  Երևանը լավագույն  քաղաքներից մեկը պիտի լինի՝ ներկայանա իր ավանդույթներով ու հյուընկալությամբ, առանձնանա քաղաքային միջավայրի իր հարմարավետությամբ:  

 -Դուք Երեւանի Ավան համայնքի ղեկավարն եք եղել: Դառնալով ղեկավարը ողջ մայրաքաղաքի, այնուամենայնիվ, փոքր-ինչ «կողմնապահություն» չի՞ լինելու հարազատ համայնքի նկատմամբ: 

-Ասում եք կողմնապահություն  լինելո՞ւ է։ Երևանը ես պատկերացնում եմ մեծ ընտանիք, և որպես քաղաքապետ, շատ մեծ պատասխանատվություն ունեմ բոլոր վարչական շրջանների, և այո, յուրաքանչյուր բնակչի համար: Չգիտեմ , կողմնապահություն է դիտվում, երբ խրախուսվում է լավ նախաձեռնությունը,   լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանի ղեկավարը կամ հակառակը: Իմ համոզմամբ, աշխատանքը պետք է գնահատվի, իսկ թերացումների համար էլ համապատասխան տույժեր կիրառվեն: Այս տարի քաղաքապետարանում առաջին անգամ ներդրվեց վարչական շրջանների  աշխատանքների գնահատման և վերլուծության համակարգը, ինչը հնարավորություն տվեց ըստ ոլորտների դիտարկել և  օբյեկտիվ գնահատական տալ աշխատանքներին, բացի այդ ձևավորել դրական իմաստով մրցակցային միջավայր: Կրկնում եմ ՝ մեր հաջողությունը միասնական, թիմային աշխատանքն է և այդ թիմի որևէ օղակում թերացումը պարզապես անթույլատրելի է։ Սա աշխատանքի մասով: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա ես արդեն մի քանի անգամ նշել եմ, որ քաղաքաշինական ու ներդրումային նոր  ծրագրերը, որոնք հավանություն կստանան, նախատեսում ենք ուղղորդել վարչական մյուս շրջաններ՝ մի կողմից զարգացնելով վարչական շրջաններում փոքր կենտրոններ ստեղծելու գաղափարը, և մյուս կողմից՝ապահովելով ընդհանրապես քաղաքի համաչափ զարգացումը:

 -Նախատեսու՞մ եք, արդյոք, թեթեւացնել քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Եթե այո` ի՞նչ կերպ: 

-Տրանսպորտային խնդիրը Երևանի, ինչպես և բոլոր խոշոր քաղաքների, ամենախնդրահարույց  կողմերից է։ Արդեն պատրաստ է և հաջորդ տարեսկզբից կկիրառվի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցը, որի նպատակը, ինչպես բազմիցս ասել ենք, առաջին հերթին ուղղված է քաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը: Ցանցը  կազմելիս հաշվի են առնվել նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը, բնակչության կողմից արված առաջարկությունները:

Առհասարակ տրանսպորտային նոր հայեցակարգով  նախատեսվում է միկրոավտոբուսներից աստիճանական անցում կատարել միջին ու մեծ տեղատարողության ավտոբուսների։ Ի դեպ, արդեն առաջիկա օրերին Երևան կհասնի Չինաստանից ներկրվող նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը, հունվարին սպասում ենք մնացած ավտոբուսներին, որոնց սպասարկման ու շահագործման նպատակով ստեղծվել է նոր ձեռնարկություն:  Հասարակական տրանսպորտը շատ շուտով կսկսի գործել նոր երթուղային ցանցին համապատասխան և , կարծում եմ, դրական տեղաշարժը մեր բնակչության համար տեսանելի կլինի։

-Մանկության տարիներին ի՞նչ գույներ ուներ Ձեզ համար Երեւանը: Ինչպիսի՞ն եք տեսնում քաղաքն ապագայում: 

-Առանձնացնել իմ մանկության Երևանի որևէ գույն՝ թերևս դժվար է, բայց միանշանակ կարող եմ ասել, որ բոլոր գույներն էլ եղել են  տպավորիչ։ Հետո միայն, հայտնի պատճառներով, խամրեցին այդ գույները։ Հիմա, փառք աստծո, Երևանն օրեցօր վերականգնում, վերագտնում  է իր պայծառությունը՝ նաև նոր գույներով։ Ինչ վերաբերում է Երևանի ապագային, ապա ես այն տեսնում եմ այնպիսին, ինչպիսին կուզեր տեսնել յուրաքանչյուր երևանցի և, ինչու չէ, յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի։ Տեսնում եմ համաչափ զարգացող  քաղաք, բարեկարգ, լուսավոր ու  մաքուր,  եթե ձեր հարցին կարճ պատասխանեմ՝  վառ գույներով հագեցած քաղաք: Մեր ծրագրերն ուղղված են դրան և ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։

-Ինչպիսի՞ն է լինելու Երեւանը 2012-ի շեմին: Ի՞նչ կերպ է Հայաստանի մայրաքաղաքը պատրաստվելու Ամանորին:  

-Ամանորի նախաշեմին Երևանը լինելու է տոնական հանդերձանքով, պայծառ ու լուսավոր։ Վստահ եմ , որ տոնական միջոցառումները, որ կազմակերպվել են  մեր բոլոր վարչական շրջաններում, կնպաստեն, որ նոր տարին դիմավորենք ուրախ, բարձր տրամադրությամբ, որը կուղեկցի մեզ հաջորդ ամբողջ տարվա ընթացքում։

Օգտվելով առիթից, նաև շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող 2012–ը լինի խաղաղության, առողջության, ընտանեկան երջանկության ու բոլոր երազանքների իրականացման տարի։

 

Հարցազրույցը` Հայկանուշ Թորոսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]