Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճիշտ ընտրված հագուստը` ցրտահարումից խուսափելու միջոց

Ճիշտ ընտրված հագուստը` ցրտահարումից խուսափելու միջոց

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետեւանքով' ձմռանը կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում:

«Ցրտահարումը առաջին հերթին հյուսվածքների տեղային վնասումն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանը:

Նրա խոսքով' ցրտահարմանը նպաստում են քամին, խոնավ կամ սեղմող հագուստը եւ կոշիկները: Ցրտահարում կարող է առաջանալ նաեւ սառը առարկաների, նյութերի հետ շփումից: Սովորաբար ցրտահարվում են մարմնի բաց հատվածները, որտեղ բարակ է ճարպային եւ մկանային շերտը՝ ականջները, այտերը, քիթը, կզակը, ձեռքի եւ ոտքի մատները:

Ցրտահարումը կարող է լինել մակերեսային, մասամբ թափանցող եւ խորը: Մակերեսային ցրտահարումը ընդգրկում է միայն մաշկի վերին շերտը: Մասամբ թափանցող ցրտահարման դեպքում վնասվում են մաշկի երկու շերտերը: Խորը ցրտահարումների դեպքում, բացի մաշկից, վնասվում են նաեւ ենթամաշկային հյուսվածքները: Ցրտահարման աստիճանը հնարավոր է որոշել միայն վնասված հատվածը տաքացնելուց հետո: Որոշ' ծանր դեպքերում ցրտահարումը կարող է հանգեցնել մարմնի ցրտահարված հատվածների հյուսվածքների մեռուկացման:

«Ցրտահարումից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ թե հնարավորինս տաք հագնվել, այլ հագնվել համապատասխան' եղանակին»,-պարզաբանեց մաշկաբան-վեներոլոգը: Դա նշանակում է, որ հագուստով մարմինը գերբեռնելն էլ կարող է բացասաբար ազդել եւ քրտնարտադրության հետեւանքով առաջացնել մրսածություն: Մաշկաբանը խորհուրդ է տալիս խուսափել նաեւ չափազանց կիպ հագուստից, որը նույնպես կարող է ցրտահարման առաջացման պատճառ դառնալ:

Ցրտահարման պահին եւ ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս մաշկի սառնություն, այրող ցավ կամ զգայունության բացակայություն, մաշկի սպիտակադեղնավուն կամ կապտավուն երանգ, մոմանման մաշկ, փայտացած հյուսվածքներ:

Վնասված հատվածի տաքանալուց հետո ի հայտ են գալիս նշաններ, որոնցով կարելի է որոշել ցրտահարման աստիճանը: Հակոբյանը ընդգծեց, որ

ցրտահարված մարդուն առաջին օգնության ցուցաբերումը պետք է սկսել ցրտահարումը հայտնաբերելուց անմիջապես հետո ' վնասված հատվածներից հեռացնելով խոնավ հագուստը, գուլպաները, ձեռնոցները: Տուժածին խորհուրդ է տրվում հագցնել չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ փաթաթել վնասված հատվածը բրդյա գործվածքով: Անհրաժեշտ է հանել զարդերը (մատանիները, ժամացույցը, այլ ջերմահաղորդիչ իրերը): Բացի այն, որ նրանք նպաստում են ջերմության կորստին, վնասված հատվածի տաքանալուց հետո առաջանում է այտուց:

«Ցրտահարումը քրոնիկ բնույթ չի կրում. այն սուր հիվանդություն է, որը ժամանակին բժշկի դիմելու շնորհիվ հեշտությամբ հաղթահարելի է»,- հավելեց Հակոբյանը:

Քրոնիկ ցրտահարումը սովորաբար հանդիպում է անօթեւան, մուրացկան մարդկանց շրջանում, որոնք 10 կամ ավելի օր ցածր ջերմաստիճանի դեպքում չեն ստացել անհրաժեշտ օգնություն, գիշերել են դրսում: Բացառված չէ, որ նման դեպքերում ցրտահարումը հանգեցնում է մահվան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]