Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրին վերականգնում է արդյունաբերական հզորությունը. երկրաշարժից 23 տարի անց

Գյումրին վերականգնում է արդյունաբերական հզորությունը. երկրաշարժից 23 
տարի անց

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին մինչեւ 1988 թվականի երկրաշարժը եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն: Սննդի, թեթեւ արդյունաբերությամբ, մեքենաշինությամբ եւ մետաղամշակմամբ զբաղվող շատ գործարաններ մեծ համբավ էին վայելում  խորհրդային հանրապետություններում: Արդյունաբերության ներկայիս վիճակի եւ զարգացման հեռանկարների շուրջ  «Արմենպրես»-ի` Շիրակի թղթակիցը զրուցեց մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Մարիամ Գյոդակյանի հետ:

 

-Տիկի՛ն Գյոդակյանարդյունաբերության ինչպիսի՞  վիճակ ենք  ունեցել մինչեւ երկրաշարժը եւ ի՞նչ կորցրեցինք երկրաշարժի հետեւանքով:

 

-Իհարկե, եթե խոսքը գնում է երկրաշարժի մասին, պետք է համեմատենք, մինչեւ երկրաշարժն ու դրանից հետո ունեցածը: Մինչ երկրաշարժը  եղել է պլանային տնտեսություն, եւ Շիրակի մարզն ունեցել է 56 արդյունաբերական ձեռնարկություն, դրանց  մեծ մասը եղել են խոշոր ձեռնարկություններ,  մի քանիսը Երեւանի ձեռնարկությունների մասնաճյուղեր էին: Երկրաշարժից հետո մեր հիմնական միջոցները վերացան. եղան ձեռնարկություններ, որոնք հողին հավասարվեցին եւ դրանց փոխարեն մեկ այլ միավոր չստեղծվեց: Մյուսներում էլ կատարված ներդրումները եւ վերականգնման գործընթացը մնաց անավարտ:

 

-Որ՞ էր պատճառը, որ հնարավոր չեղավ վերկանագնել  չփլված գործարանները:

 

-Երբ  սկսվեց սեփականաշնորհման գործընթացը, ամեն ինչ փոխվեց. մեր հանրապետությունը, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետությունները, պլանային տնտեսությունից  անցան շուկայական հարաբերությունների, եւ բնականաբար, ամեն ինչ սկսեցին որոշել տնտեսավարող սուբյեկտները եւ մասնավորապես սեփականատերերը: Վատն այն է, որ որոշ ընկերություններ, որոնք ձեռք բերվեցին  սեփականաշնորհման արդյունքում, ոչ ծրագրային սեփականաշնորհում  իրակացրին, արդյունքում՝ դրանք վերացան:

 

-Այսօր` երկրաշարժից տարիներ անցի՞նչ ունենք, եւ կարողացե՞լ  ենք վերկանգնել կորցրածը:

 

-Ներկայում մեր մարզի արդյունաբերական վիճակն անհամեմատելի է  90 թվականների սկզբի հետ: Եթե այն ժամանակ մեզ խանգարում էին եւ՛ ճանապարհները, եւ՛ էներգետիկ ճգնաժամը, եւ՛ կապերի բացակայությունը, եւ՛ շուկաների ուսումնասիրման անբավարարությունը, հիմա այդ վիճակից անցել ենք ենք: Այսօրվա դրությամբ, մենք մարզում ունենք արտադրանք թողարկող մոտ 110 տնտեսվարող սուբյեկտ: Դրանց մեջ դարձյալ կան մասնաճյուղեր:

Ամենակարեւոր հանգամանքը այն է, որ ձեռնարկությունները չեն աշխատում  պահեստի համար: Եթե կա պահանջարկ, ուրեմն թողարկվում է, չկա՝ փոխվում է արտադրանքը:

 

-Ո՞րն է այսօր մարզի արդյունաբերության գերակա ճյուղը: 

 

-Նախորդ ժամանակահատվածի հետ եթե համեմատենք, փոխվել է նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքը: Եթե այն ժամանակ մենք ունեինք մոտ 56 տոկոս թեթեւ արդյունաբերություն եւ հանրապետությունում մեր  թեթեւ արդյունաբերական արտադրանքի ծավալը  կազմում էր 35 տոկոս՝ լինելով  առաջատար դիրքերում, ներկայում  այդ դերը չունենք: Տարեցտարի բազմաթիվ ընկերություններ են ստեղծվում, մի մասը կարողանում է կայանալ եւ գործել, մյուս մասը  չի կարող գոյատեւել: Այս պահին էլ թեթեւ արդյունաբերության վիճակը մեր մարզում վատ չէ, բայց դա մտնում է մեկ այլ ճյուղի մեջ, որը կոչվում է մշակող արդյունաբերություն, որն իր մեջ ներառում  է նաեւ մետաղամշակումը, սննդի արդյունաբերությունը, կահույքագործությունը եւ այլն: Մշակող արդյունաբերության մեջ ունենք բավական հաջողություններ:

 Մեր արդյունաբերության ճյուղերը փոխվել են.  եթե նախկինում չկար թափոնների հավաքման  եւ վերամշակման ճյուղ, այսօր կա այդ ճյուղը, եւ մենք էլ ունենք որոշակի ցուցանիշներ, իհարկե, ոչ այնպիսին, ինչպես Երեւան քաղաքը, կամ Կոտայքի մարզը:

 

-Այս տարի արտադրության ծավալների աճ գրացվե՞լ է:  

 

-Եթե անցած տարի, մինչեւ Ախուրյանի շաքարի գործարանի շահագործումը,  մեկ կիսամյակում ունեինք 15 մլրդ դրամի արտադրանք, ապա այս տարի, անցած ինը ամիսների կտրվածքով` ունենք 34 մլրդ դրամի արտադրանք: Համոզված եմ, որ յուրաքանչյում միավոր ձեռնարկություն, որ շահագործվում է, մեծ ներդրումների, ջանքերի եւ աշխատանքի հաշվին, իր հետ բերում  է նաեւ  արտադրության ծավալների աճ: Վերջերս Ամասիայում եւս շահագործման հանձնվեց նոր կարի ֆաբրիկա, որտեղ այսօր աշխատում է 150 մարդ եւ աշխատանքի ծավալների ավելացման հետ, ավելանում են նաեւ աշխատատեղեր: Եթե մենք նախկինում, հանրապետության մյուս մարզերի հետ համեմատ, զբաղեցնում էինք վերջին տեղերը՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները հաշվի առնելով, հիմա ավելի բարձր տեղում ենք: Նախորդ տարվա համեմատ, մեր արդյունաբերական արտադրանքը  կազմել է 195 տոկոս: 15 տարի առաջ մենք թողարկում էինք 5 մլրդ դրամի արտադրանք: ճիշտ է, այսօր շատ բան է փոխվել, բայց, այնուամենայնիվ, 34 մլրդ դրամը բավական տարբերություն է: Թվերն արդեն խոսում են, որ կա տեղաշարժ: Տեղաշարժը ձեռք է բերվում շատ մեծ դժվարությամբ, քանի որ մեր տարածաշրջանը հրապուրիչ չէ ներդրողների համար: Այսօրվա դրությամբ` մարզում ոչ թե զարգանում է մետաղամշակման ճյուղը, այլ տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ ավելի շատ ներդրումներ են պետք եւ՛ մտավոր, եւ ՛ ֆինանսական: ՀՀ կառավարության որոշմամբ` Գյումրիում ստեղծվելու է «Տեխնոպարկ» եւ  այդ գործընթացն իրականացնում է Գյումրու  տնտեսական զարգացման հիմնադրամը, որն այս պահին չորս փոքր ձեռնարկություններ է ստեղծել եւ  որոշակի ծրագրեր է իրականացնում: Դա իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:

 

-Կա՞ն ընկերություններ, որոնք ոչ միայն  կարող են հանրապետությունում իրենց արտադրանքի ծավալներով լինել առաջինը, այլ նաեւ արտահանել որակյալ արտադրանք:

 

-Այո, կան: Դրանցից շատերը ոչ միայն առաջատար են հանրապետությունում, այլ նաեւ  հասցրել են ճանաչում գտնել հանրապետությունից դուրս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]