Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայաստանի արդյունաբերության 11 ճյուղեր ունեն արտահանման մեծ ներուժ


ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, ՀՀԿ տնտեսական սեմինարի ընթացքում, արտահանման ռազմավարության հիմնական ուղղությունները ներկայացրեց EV Consulting ընկերության նախագահ Մանուկ Հերգնյանը: Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: 

Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում եւս կքննարկվեն զարգացման եւ արտահանման հստակ ծրագրեր:

Հերգնյանի ներկայացմամբ՝ ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության եւ արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:

Ռազմավարության համաձայն` տնտեսության արտահանելի հատվածի մեծացմամբ ծրագրվում է, որ ապրանքների արտահանման եւ ՀՆԱ հարաբերակցությունը մինչ 2015 թվականը կկազմի 16, իսկ 2020 թվականը` 19 տոկոս, 2010-ի` 11 տոկոսի դիմաց: Մասնավորապես, ռազմավարությամբ ծրագրվում է 2015 թվականին արտահանման ծավալները ներկայի 1,7 մլրդ դոլարի փոխարեն հասցնել 3,5 մլրդի, իսկ 2020-ին՝ 5-6 մլրդ դոլարի:

Նախատեսվում է, որ մինչ 2015 թվականը վերամշակող արդյունաբերության արտադրողականության միջին տարեկան իրական աճը կկազմի 5, իսկ մինչ 2020 թվականը` 4 տոկոս:

Ռազմավարությամբ առաջնայնություն է տրվում մասնավոր հատված-պետություն համագործակցությանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ