Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Երևանի 54-րդ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու նոյեմբերի 15-ի արտահերթ նիստին հաջորդած քվեարկությամբ միաձայն' 49 կողմ քվեով, մայրաքաղաքի 54-րդ քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքապետը լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում' Երևանի բնակիչներին տրված երդմամբ: Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին' ժամը 11:00-ին' Երևանի ավագանու նիստում:

Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում: 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան' գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: 2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև' բաժնի պետ: 2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում: 2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից' ՀՀԿ խորհրդի անդամ: 1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը: 2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից' Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ Ազգային ժովի նախագահի կողմից' ՀՀ ԱԺ պատվո մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից' «Գարեգին Նժդեհ» մեդալով, Երևանի քաղաքապետի կողմից' Ոսկե մեդալով, Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով, Երկրապահ կամավորականների միության կողմից' «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: «Հայաստանի համայնքների միության» կողմից' ոսկյա, անվանական հուշամեդալով' Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ