Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական թեման` Ալեքսանդրիայի միջազգային գիտաժողովում

Հայկական թեման` Ալեքսանդրիայի միջազգային գիտաժողովում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքներն է սկսել «Մերձավոր Արեւելքի երկրներում եւ լեզուներով տպագրության եւ հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում են 75 մասնագետներ' ժամանած աշխարհի մոտ 20 երկրներից, այդ թվում' Եգիպտոսից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Հորդանանից, Լիբանանից, Մարոկկոյից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով 2012թ. հայ գրատպության 500-ամյա հոբելյանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը' գիտաժողովի շրջանակներում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ:

Գիտաժողովի հանդիսավոր բացումը կատարել են Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եւ տպագրությանը ու հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը:

Գրադարանի տնօրեն Ի. Սերագելդին իր ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանի անցած պատմական ուղուն, հայ-եգիպտական ջերմ, ավանդական կապերին' ուշագրավ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Եգիպտոսի պատմության որոշակի փուլերի միջեւ: Նա հատուկ ընդգծել է այն մեծ դերակատարությունը, որ հայերն ունեցել են Եգիպտոսում տպագրության զարգացման գործում' միաժամանակ արժեւորելով աշխարհասփյուռ հայերի նշանակալից ներդրումը իրենց բնակության երկրների գիտամշակութային կյանքում:

Դեսպան Մելքոնյանն իր խոսքում ՀՀ մշակույթի նախարարության անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին' հայկական թեմային կենտրոնական տեղ հատկացնելու համար, անդրադարձել հայատառ գրատպության 500-ամյակի ու Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող լայնածավալ միջոցառումներին:

Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստերը նվիրված են եղել հայկական գրատպության ավանդույթին եւ պատմությանը: Առաջին նիստում, որում նախագահել է դեսպան Ա.Մելքոնյանը, զեկույցներով հանդես են եկել Ե.Չարենցի գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, ինչպես նաեւ անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը եւ Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող դոկ. Մուստաֆա Էլ-Ռազզազը: Հայկական թեման երկրորդ նիստում շարունակվել է եգիպտահայ Սուրեն Բայրամյանի եւ մի քանի այլ եգիպտացի գիտնականների զեկույցներով:

Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաեւ Հայաստանի երկու կարեւորագույն գիտամշակութային հաստատությունների' Մատենադարանի եւ Գրականության ու արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես: Այստեղ ներկայացված են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (Մադրաս 1772 թ), Ամստերդամում 1666թ տպագրված «Աստվածաշունչ», Եփրեմ Խուռի Ասորի «Գիրք աղօթից» (1793-95թթ Կ. Պոլիս), Գրիգոր Նարեկացու' 1763թ-ին Վենետիկում լույս տեսած «Բանք աղօթից» եւ այլ բացառիկ հրատարակություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am