Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դպրոցներում «Շախմատ» առարկային շաբաթական երկու ժամ է հատկացված

Դպրոցներում «Շախմատ» առարկային շաբաթական երկու ժամ է հատկացված

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում շախմատը կընդգրկվի ծրագրային առարկաների շարքում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այս ձմռանն իրենց համար ակնհայտ դարձավ, որ ավելի նպաստավոր պայմաններ լինել չեն կարող շախմատը' իբրեւ ուսումնական առարկա, հանրակրթության ոլորտում ներգրավելու համար:

«Մենք այսպիսով կդառնանք առաջին երկիրը, որտեղ շախմատ է դասավանդվում, այն էլ' ոչ փորձարարական հիմունքներով: Հեղինակավոր լրատվամիջոցները Հայաստանը համարել են սենսացիոն երկիր այս առումով»,- ասաց նախարարը' նկատելով, որ նույն այդ լրատվամիջոցները լուսաբանել են նաեւ շախմատի հայ արքաների հաջողությունները:

Շախմատ կդասավանդվի բոլոր հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում, ապագայում պիտի ընդգրկվի տարրական դպրոցի բոլոր դասարաններում: Ա. Աշոտյանը նշեց, որ շախմատի շնորհիվ կզարգանա երեխաների տրամաբանելու կարողությունը, ինչպես նաեւ հմտություններ' սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելու: Նախարարի խոսքով' մեր մարզական հաջողությունների համար այս ասպարեզում պարարտ հող է ստեղծվում:

Շաբաթական երկու դասաժամ է հատկացված «Շախմատ» առարկայի համար, որոնցից մեկը' ի հաշիվ ֆիզիկական կուլտուրայի դասաժամերի, եւ մեկ լրացուցիչ ժամ, որ վարձատրվելու է պետության կողմից: Նախարարի խոսքով' ավելորդ են խոսակցությունները, թե ֆիզիկական կուլտուրայի հաշվին չի կարելի շախմատ անցնել: Նա նշեց, որ ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված է երեք ժամ, եւ «երկուսն էլ է բավարար». միջառարկայական պայքար չկա: «Շախմատը, դեռ հայտնի չէ, սպո՞րտ է, թե՞ արվեստ»,-ասաց Ա. Աշոտյանը: Ու քանի որ աշխարհում եզակի երկիր ենք, որտեղ համակարգված ձեւով ներդրվում է շախմատը' որպես պարտադիր առարկա, շատերն ուշադիր հետեւում են' արդյունքներին սպասելով:

Ա. Աշոտյանի խոսքով' իրենք չափավոր լավատես են. զգուշանում են ակնհայտ լավատեսությունից, սակայն ստեղծել են բոլոր հիմքերը նախագծի հաջող մեկնարկի նույնքան հաջող ընթացքի համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ շախմատի դասավանդման որոշումը երեք տարի ուսումնասիրվում էր, քննվում, մշակվում, եւ միայն այս տարի ի կատար ածվեց: Նա իր զարմանքն արտահայտեց, որ ողջ հանրապետության տարածքում չկա մեկ դպրոց, որտեղ չլինի շախմատի դասավանդման առկայի պահանջներին համապատասխանող ներկայացուցիչ:

«Ուզում եմ հավատալ, որ այս ծրագրի արդյունավետությունը լինելու է շատ բարձր: Նման պարագայում Հայաստանը ոչ միայն շախմատային, այլեւ կրթական համակարգի հաջողությունների շնորհիվ իր վրա կբեւեռի համայն աշխարհի ուշադրությունը»,- ասաց Ս. Լպուտյանը' հավելելով, որ սահմանամերձ, բարձր լեռնային շրջանների դպրոցները եւս ապահովված են համապատասխան մասնագետներով: Յուրաքանչյուր մարզում կլինի ԿԳ նախարարի հրամանով լիազորված մեկ ներկայացուցիչ, ում վստահված կլինի այդ մարզում շախմատի դասընթացի հետագա հսկողությունը: Լեռնային Ղարաբաղի մեկ դպրոց եւ Հայաստանի' տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ մեկ դպրոցում եւս փորձնական ձեւով անցկացվելու է այս առարկան:

Բանախոսները նշեցին, որ բոլոր ուսուցիչները նաեւ մանկավարժական ձեռնարկներով են պատրաստվել' ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ: Այս առարկայի ներդրման նպատակը ոչ թե երեխաների միջեւ մրցակցություն սկսելն է, այլ մի շարք հմտությունների զարգացումը: Լավագույն աշակերտները 4-րդ դասարանից հետո հնարավորություն կունենան իրենց «շախմատային» կրթությունը շարունակելու:

Շախմատի ակադեմիան պարբերաբար կազմակերպում է շախմատի համապետական մրցաշարեր, որոնց մասնակցության հնարավորություն են ունենում նաեւ դպրոցականները: Այժմ, նախարարի խոսքով, հնարավոր է ընթացակարգային եւ այլ վերանայում կատարել' համապատասխանեցնելով նոր իրողությանը: Ս. Լպուտյանը տեղեկացրեց, որ դպրոցներում կա շախմատի 1219 ուսուցիչ, նրանցից 621-ը' դպրոցի ներսից, 598-ը' դրսից: Շախմատ դասավադելու համար պատրաստվել են նաեւ հայերենի, ֆիզիկայի եւ այլ առարկաների ուսուցիչներ: Մարզերում ուսուցիչները հիմնականում դպրոցի ներսից են: Ուսուցիչները հատուկ քննություն են անցել. մեկ տարվա դասավանդման թույլտվություն ստացել են 10-12 միավոր վաստակած ուսուցիչները, 2 տարվա' 13-16, 17-20 միավոր վաստակելու դեպքում երեք տարվա դասավանդման իրավունք է տրվում:

Շախմատի դասավանդման համար անհրաժեշտ գույքը բոլոր դպրոցներին նախարարության կողմից կտրամադրվի: ԿԳՆ-ն հորդորել է նաեւ առանձին դասասենյակներ հատկացնել' համապատասխան միջավայր ստեղծելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]