1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանական գերության մեջ երկու տարի անցկացրած Ա. Բադալյանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանական գերության մեջ երկու տարի անցկացրած Ա. Բադալյանը դիմել է ՄԻԵԴ

ՎԱՆԱՁՈՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը, որը գրեթե երկու տարի է անցկացրել ադրբեջանական գերության մեջ, հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան' ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Հայցադիմումը պատրաստվել է Վանաձորում գործող «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպանական հասարակական կազմակերպության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ի' Լոռու մարզի թղթակցին հայտնեց ՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, դիմում-բողոքը, կից փաստաթղթերով եւ ապացույցների հետ մեկտեղ, արդեն ուղարկվել է Եվրադատարան, որոշ ժամանակ անց հայտնի կդառնա' արդյոք այն կընդունվի վարույթ, թե ոչ: Դիմումի մեջ մանրամասն նկարագրված են նաեւ Տավուշի մարզի Մովսես գյուղին պատկանող «Յալի գոմեր» կոչվող հանդամասում' հայկական տարածքում ադրբեջանցիների կողմից առեւանգված (որոնողական աշխատանքներ իրականացրած փրկարարները Ա. Բադալյանի կողմից հավաքված սունկը գտել էին սահմանից 5-6 կմ հեռավորության վրա), գերության օրից' 2009թ. մայիսի 9-ից սկսած, շարունակական կտտանքները:

Դիմումատուն Ադրբեջանի Հանրապետությունում 22 ամիս գերության ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների եւ զինվորականների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, որի ժամանակ նրան երեսով դեպի հատակը գետնին գցած վիճակում' հիմնականում հարվածել են ոտքերին, որի արդյունքում նա երկար ժամանակ իր ոտքերը չի զգացել եւ չի կարողացել քայլել, նրա մատներին էլեկտրական հոսանք են միացրել եւ այդպես ցավեր պատճառել, նրա խցի դուռն անընդհատ ենթարկվել է մետաղյա իրերով զարկերի, ինչի արդյունքում նա մինչեւ հիմա ձայներ է լսում: Ա. Բադալյանին հիմնականում քաղցած են պահել, թույլ չեն տվել զուգարանից օգտվել եւ այլն:

Ադրբեջանական իշխանությունները, ի դեմս հատուկ ծառայությունների եւ զինվորականների, պնդել են, որ Արթուր Բադալյանը հանդիսանում է զինվորական եւ խոշտանգումների միջոցով փորձել են նրանից ռազմական նշանակություն ունեցող արժեքավոր տեղեկություններ ստանալ, որը բնականաբար տեղի չի ունեցել այն պարզ պատճառով, որ Արթուր Բադալյանը հանդիսանում է քաղաքացիական անձ, սովորական գյուղացի, որը որեւէ ռազմական կամ այլ պետական տեղակատվության չի տիրապետում:

Դիմումատուն պնդում է, որ ադրբեջանական իշխանությունները, ի դեմս հատուկ ծառայությունների եւ զինվորականների, երկար ժամանակ իրեն ենթարկել են խոշտանգումների, անմարդկային դաժան վերաբերմունքի, որը մեղմացել է այն ժամանակ միայն, երբ նրանք համոզվել են, որ գործ ունեն քաղաքացիական անձի, սովորական գյուղացու հետ, ով ոչ մի կապ չունի ռազմական գործի հետ:

2011 թվականի մարտի 17-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ' Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին' Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ սահմանահատվածում, տեղի է ունեցել գերիների փոխանակում: Հայկական կողմից Ադրբեջանին է հանձնվել Լեռնային Ղարաբաղում գերի վերցված ադրբեջանական բանակի սպա Անվար Հաջիեւը, իսկ Ադրբեջանի կողմից հայկական կողմին է հանձնվել Արթուր Բադալյանը:

Դիմումատուն պնդում է, որ իր գերեվարման առաջին օրվանից մինչեւ հայկական կողմին հանձնելը երբեւէ Ադրբեջանի իրավասու դատարանի առջեւ չի կանգնել, նրա ազատությունից զրկելու հարցը որեւէ դատարանում չի քննարկվել, եւ ինքը շուրջ 22 ամիս ազատությունից զրկված է եղել առանց Ադրբեջանի իրավասու դատարանի որոշման:

Իրավաբան Է. Մարուքյանը, ով դեպքի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից եւ այցելելով տուժածին' հասարակական կազմակերպության իրավաբանական օգնությունն առաջարկել Եվրոդատարան դիմելու գործում, նշում է, որ հաշվի առնելով այն հագնամանքը, որ Արթուր Բադալյանը դեռեւս բուժման մեջ է, նրա կրած բարոյական եւ նյութական վնասների, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերի հաշվարկը ներկայում ամբողջական չի կարող ներկայացվել ՄԻԵԴ : Գերության, խոշտանգումների արդյունքում Ա. Բադալյանի մոտ առաջացած լուրջ (թե' ֆիզիկական, թե' հոգեկան) առողջական խնդիրների վերաբերյալ ապացույցները եւս ներկայացված են հայցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]