Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լ. Մալխասյան. «Ջազը տվյալ պահի, չկրկնվող հոգեվիճակ է»

Լ. Մալխասյան. «Ջազը տվյալ պահի, չկրկնվող  հոգեվիճակ է»

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սեւամորթների ժողովրդական երաժշտությունից սնունդ առած երաժշտական ամենահայտնի ժանրերից մեկը` ջազը, ժամանակի ընթացքում ընդլայնել է իր աշխարհագրությունը  հաստատվելով աշխարհի տարբեր անկյուններում: Հայկական ջազի հիմնադրման եւ զարգացման,  նաեւ իր ստեղծագործական հետաքրքրական ուղու մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հանրահայտ ջազմեն,  Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, բազմաթիվ  միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Լեւոն Մալխասյանը կամ ինչպես նրան անվանում եւն Երեւանում, Մալխասը:  Մարդ, ով 15 տարեկանում ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ  դաշնակահար-ջազմեն` հետագայում իր միակ ուսուցիչ Օսկար Պիտերսոնի երաժշտությունը` հավերժ կապեց իր կյանքը ջազի հետ:

         -Հայաստանում ջազի հիմնադրման հետ կապված  կան  տարբեր կարծիքներ, ի վերջոե՞րբ  հաստատվեց  ջազըՀայաստանում:

-Հաճախ մարդիկ շփոթում են փաստերը` ինձ համարելով  ջազի հիմնադիր: Իրականում Հայաստանում ջազի հիմնադիրն է Արտեմի Այվազյանը, ով 1938 թ-ին ստեղծեց «Հայաստանի ջազ նվագախումբ»-ը, որը հետագայում վերանվանվեց «Պետական էստրադային նվագախում»:  Այնուհետեւ  1956-ից այն ղեկավարել է Կոնստանտին Օրբելյանը: 60-ականներին Հայաստանում կար մի քանի բիգ-բենդ` մեծ կազմով նվագախումբ, որոնք էին «Հեռուստառադիոյի պետական նվագախումբ»-ը` Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ, «Պետկրկես»-ի նվագախումը եւ Վ. Բրույոսվի անվան համալսարանի նվագախումը:  Բացի այդ Ստեփան Շաքարյանը, Առնո Բաբաջանյանը, Մելիք Մավիսակալյանը, Էդուարդ Բաղդասարյանը եւ այլք  ջազ էին նվագում մեծ նվագախմբերում:  Հետագայում ես առաջինը հիմնեցի փոքր կազմ ունեցող ջազ եռյակ, որը  վերափոխվեց քառյակի, եւ մենք 70-ականներին սկսեցինք համերգներ տալ տարբեր քաղաքներում, առաջին համերգը տեղի ունեցավ Վարոնեժում համամիութենական փառատոնի ժամանակ:

-Ի՞նչն էր պատճառը, որ  խորհրդային տարիներին ջազը գնահատված  չէր հասարակության կողմից:

-Դա դիտվում Էր բուրժուական  գաղափարախոսության պրոպագանդայի արդյունք: Այդ տարիներին մեզ համար լավագույն հոնորարը պարզապես ջազ նվագելու հնարավորություն ունենալն էր: Այն ժամանակ այլ էր, ամեն քայլափոխի նոր «աստղեր» չէին հայտնվում: Երբեք չեմ հանդուրժել եւ թույլ տվել իմ անվան կողքին «աստղ» բառի առկայությունը,  50 տարվա ընթացքում նման բան չի եղել:  Միշտ խուսափել եմ պաշտոններից, որովհետու ջազը ազատություն է սիրում: Ջազմենը ոչ մեկին հաշվետու չէ:

-Հետագայում ինչպե՞ս  ընթացավ Ձեր  եւ Հայաստանի ջազային ուղին:

-»Հենրիկ Իգիթյանի» գեղագիտական կենտրոնի  եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ 1985 եւ 1988-ին  մեզ հաջողվեց փառատոններ կազմակերպել, որոնք շատ մեծ հաջողություն ունեցան: Հետո հասկանալի սոցիալ-տնտեսական եւ պատերազմական գործոններով պայմանավորված  մոտ 5 տարի, մինչեւ Արցախյան պատերազմի ավարտը, ջազը եւ առհասարակ մշակութային կյանքը անկում ապրեց: Սակայն պատերազմի ավարտից հետո ինձ հրավիրեցին «Առագաստ» սրճարան, ուր  ես փորձեցի համախմբել, բոլոր այն նվագախմբերը, որոնք մնացել էին: 1998-ին անցկացրեցինք  «Միջազգային ջազ փառատոն», որին մասանակցեց 10 երկիր, այդ թվում Հայաստան ժամանեցին «New Yor Voices» հանրահայտ համույթը եւ Նյու Օռլեանի մի քանի մենակատարներ: Վերոնշյալ ինչպես նաեւ  2000-ի,  2006-ի փառատոնները, եւ  վերջինը «Շարմ» հոլդինգի հետ համատեղ իրականացրած  «Հայկական ջազ 70»-ը, շատ կարեւոր իրադարձություններ էին, որոնք մեծապես նպաստեցին Հայաստանում ջազի տարածմանը: Արտասահմանից ժամանած հանրահայտ ջազմեններն էլ իրենց հերթին  տպավորված էին, որ Հայաստանի նման փոքր երկրում կան այսքան շատ եւ այսքան որակյալ ջազմեններ:  Պետք է նշեմ նաեւ, որ  վերջերս  Կենտրոնական բանկի կողմից  թողարկվեց հատուկ արծաթյա մետաղադրամ, որի վրա պատկերված է ջազային փոքր նվագախումբ. համաձայնեք, որ ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ նման մետաղադրամով:

-Հարցազրույցներից մեկում  նշել եք, որ ջազը կոմերցիոն երաժշտական ժանր  չէ, ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը:

-Այո, որովհետեւ այն փոփ եւ ռաբիս, անգամ դասական էլ չէ, որ ստադիոններ հավաքի: Ջազում բացառությամբ ամենախոշոր համաշխարհային մեծության երաժիշտների  մեծ գումարներ չես կարող աշխատել, քանի որ այն զանգվածային ժանր չէ: Ջազը մարդաշատ վայրեր չի սիրում, այն ենթադրում է փոքր տարածք, լսարանի հետ անմիջականորեն  հաղորդակցվելու համար:   

-Գիտեմ, որ կարեւորում եք երիտասարդ տաղանդների մուտքը ջազ, ինչպիսի՞ն  եք տեսնում հայկական  ջազի ապագան:

-Այսօր հայաստանում կա 3 բիգ բենդ Երեւանում եւ 1-ը Արցախում, իսկ ընդհանուր առմամբ մոտ 15 ջազ նվագախումբ, ինչը իսկապես մեծ բան է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում բիգ բենդերի թիվը  1-ն է: Ուրախ եմ նաեւ, որ  կան ակումբներ որտեղ երիտասարդ սկսնակ երաժիշտները կարող են դրսեւորել իրենց. իմ ակումբում կա ջազի տարբեր հոսքերի 7  նվագախումբ, որի ոչ բոլոր երաժիշտներն են աշխատում մեզ մոտ, շատերը պարապում են, ես էլ եմ նրանց հետ հաճախ  նվագում: «Jam  session»-նները ավանդական են դարձել, ինչը խոսում է ակումբների կարեւորության մասին: Հայկական ջազը արդեն 70 տարի է կա,  եւ նրա ապագայի համար ես հանգիստ եմ:

- Ի՞նչ եք կարծում ջազի մեջ կա  ինչ-որ բան, որ այլ երաժշտական ժանրերում բացակայում է:

-Ջազի մեջ կա այն,  ինչ ընդհանրապես չկա ոչ մի երաժշտական ժանրում: Ջազի բնորոշումներից մեկը թարգմանվում է որպես կյանք, հետեւաբար ջազը կյանք է:  Չկրկնվող,  անընդհատ փոփոխվող, տվյալ պահի  հոգեվիճակ է, որը այլեւս հաջորդ ակնթարթում  նույնը չի լինի: Ջազը ամբողջովին հիմնված է իմպրովիզացիայի վրա, այն պահանջում է անկեղծություն եւ ինքանվիրում, եթե դա չկա ապա կատարումը մեխանիկական է,  եւ վստահաբար կարող եմ ասել հանդիսատեսը կնկատի այդ բացը: Եթե ջազմենը չունի ինպրովիզացիոն սկիզբ, ապա ոչ մի դպրոց դա իրեն տալ չի կարող: Ջազը ազատ է, այն դուբլեր, անգիր արած բաներ չի սիրում, միեւնույն ստեղծագործությունը վաղը պահի ազդեցության տակ կարող է բոլորովին այլ կերպ նվագես:

            - Պարոն  Մալխասյան, հայկական ջազում կա՞ն էթնո երաժշտության  տարրեր:

-Իրականում բոլորովին էլ պարտադիր չէ ազգային երաժշտական գործիքներ` քամանչա կամ դհոլ ներառել կատարման մեջ, որպեսզի համարվի ազգային էթնո ջազ: Ցանկացած երկրում որտեղ նվագել եմ 10 րոպե հետո ասել են.»դաշնակահարը Արեւելքից է»: Պատճառը ոչ թե արտաքին տվյալներն են կամ ազգային գործիքների առկայությունը, այլ այն, որ երաժշտության մեջ չի կարող քո ազգայինը ինչ–որ կերպ չարտահայտվել:

         -Բազմիցս նշել եք, որ  Ձեր երազանքներից մեկը` «Մալխաս ջազ ակումբ»-ի հիմնումն էր, դա իրականացել է, ի՞նչ նոր երազանքներ եւ ծրագրեր ունեք առաջիկայում:

            -Ծրագրերը շատ են, չեմ բացի բոլոր փակագծերը, նախատեսում եմ հանրապետության 20-ամյակին նվիրված «Հայկական ջազ փատատոն» կազմակերպել մինչ տարեվերջ, որի շրջանակներում կփորձեմ համախմբել այստեղի լավագույն ջազ երաժիշտներին  եւ արտերկրում ապրող հանրահայտ հայ ջազմենների, անհատ կատարողների, որոնց թվում են Սերգեյ Մանուկյանը  եւ Ալեքսանդր Զաքարյանը՝ Մոսկվայից, Արթուր Սաթյանը՝ Բեյրութից, Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ Նյու Յորքից, Տիգրան Ամասյանը՝ ԱՄՆ-ից եւ շատ ուրիշներ: Ընդհանրապես ամեն տարի կցանկանայի ջազ-փառատոններ անցկացնել: Երազում եմ  ջազային դպրոց-ստուդիա բացելու մասին, որտեղ բոլոր տաղանդավոր երիտասարդ ջազային երաժշիտները` ոլորտի մասնագետների օգնությամբ կլրացնեին այն բացը, որը կա այսօր ջազային կրթության մեջ: Դա կլինի այն, ինչ ես ու իմ սերնդակիցները չկարողացանք ժամանակին ստանալ: Պահը հասունացել է, սակայն դպրոցի հիմնումը մի շարք ֆինանսական եւ այլ տեսակի խնդիրների հետ է կապված:

-Դուք բազմաթիվ փառատոնների դափնեկիր եք, հաջողակ եւ պահանջված երաժիշտ, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը կյանքում:

-Իմ դուստրը` Իրինան, ով բացարձակ լսողություն ունեցող վոկալիստ է, երաժշտագետ, դասավանում է Կոնսերվատորիայում` ջազի պատմության կուրս է վարում: Ուրախ եմ, որ նա ստացել է այն մասնագիտական` երաժշտական կրթությունը, որը ես չեմ ստացել:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]