Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Dasaran.am» ծրագիրն անվճար հիմունքներով հասանելի կդառնա Հայաստանի բոլոր դպրոցներին

«Dasaran.am» ծրագիրն անվճար հիմունքներով հասանելի կդառնա Հայաստանի բոլոր դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում այսօր համագործակցության երկու համաձայնագրեր կնքվեցին' մի կողմից' ԿԳՆ եւ «Dasaran.am», մյուս կողմից' «Dasaran.am» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով' այս եռակողմ համագործակցության արդյունքում կկարողանան կյանքի կոչել այն նախագիծը, որը թույլ կտա հանրակրթության ոլորտում ապահովել գերակա մի շարք ուղղություններում նոր հնարավորություններ:

«Սա նախագիծ է, որով կբարձրանա աշակերտի եւ ծնողի պատասխանատվությունը կրթական գործընթացում: Դրանով հույս ունենք լուծել նաեւ կրթական գործընթացի թափանցիկության խնդիրը»,-ասաց նախարարը' նկատելով, որ նախագիծն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ. միտված է բացառելու շինծու գնահատականների առկայությունը դպրոցում, տարեվերջի անարդար ամփոփումները, այն նաեւ կնվազեցնի ծնող-ուսուցիչ հնարավոր հանցավոր համաձայնությունը, թույլ կտա առցանց ռեժիմով տեղեկատվություն ստանալ երեխայի առաջադիմության մասին: Ծրագրի շահառուները ծնողները, աշակերտներն ու ուսուցիչներն են: Այն մեկնարկում է Երեւանում: Հաջորդ իսկ շաբաթվանից բոլոր դպրոցները, անկախ գերատեսչական պատկանելությունից, կստանան հանձնարարություն ՀՀ ԿԳ նախարարից' մուտքագրելու օրվա բոլոր գնահատականները թվայնացված մատյանում: Գնահատականների մուտքագրումը կատարելու են ուսուցիչներն իրենք:

«Ուզում ենք, որ այս մատյանը չլինի միայն ծրագիր, այլ լինի նաեւ միջավայր, որը կձգի երեխաներին»,-ասաց Ա. Աշոտյանը' հավելելով, որ հետագայում միասնական էլեկտրոնային կրթական համակարգում կընդգրկվեն նաեւ հանրապետության բոլոր դպրոցները: Այս տարի, սակայն, մարզերը կամավոր կերպով կարող են ներգրավվել այս նախագծում: «Սա պետք է դառնա միջավայր, որտեղ երեխայի կրթության համար ստեղծված են լավագույն պայմանները: Համակարգը հնարավորություն կտա աշակերտներին ստեղծել հասակակիցների եւ ընկերների լայն ցանց, խորացնել գիտելիքները' զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ' մասնակցելով հատուկ մշակված մրցույթների»,-նշեց նախարարը' հայտնելով, որ կրթական ծառայությունը բոլորի համար կլինի անվճար: Ուսուցիչների համար նախատեսված են նաեւ անվճար հատուկ դասընթացներ, որոնք ուղղված կլինեն համակարգչային գիտելիքների եւ հմտությունների խորացմանը:

«Dasaran.am» ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով' մինչ օրս ծրագրից օգտվում էին մայրաքաղաքի մոտավորապես 46 դպրոցներ' շուրջ երեսուն հազար բաժանորդներով. բաժանորդներն աշակերտներն են եւ ծնողները: Նա նշեց, որ թեեւ եղել են դեպքեր, երբ տնօրենները հրաժարվել են, սակայն այժմ նման խնդիր չի լինի: Ըստ Ս. Ալոյանի' ծրագիրը միտված է տնօրեններին օգնելու: Նախկին փորձը ցույց է տվել, որ երեք ամիս ծրագրից օգտվելու դեպքում 12 տոկոսով աճել է առաջադիմությունը եւ 20 տոկոսով նվազել բացակայությունները: Բանախոսների տեղեկացմամբ' մատյանները, սակայն, կշարունակվեն կիրառվել. դրանք պարտադիր փաստաթուղթ են դպրոցում, այս նախագիծը պարզապես թույլ է տալիս դրանք ավելի հասանելի դարձնել: Ստանալով սեփական ծածկագիրը' ծրագրի շահառուները կարող են գրանցվել համակարգում եւ օգտվել նրանից:

Ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով' ընկերությունը միացել է այս ծրագրին' հաշվի առնելով, որ այն իրականացվելու է նաեւ մարզերում, քանի որ Հայաստանը միայն Երեւանով չի սահմանափակվում: Մյուս կողմից' լինելով դպրոցահասակ երեխաների հայր' Ռ. Յիրիկյանը քաջատեղյակ է' ինչ խնդիրներ կան դպրոցներում, ուստի փորձում է ամեն կերպ աջակցել դրանց լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]