Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մոտկորում բացվեց Հրանտ Մաթեւոսյանի արձանը


ՎԱՆԱՁՈՐ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 14-ին Լոռու մարզում եւս նշվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Կրկնակի տոն էր Մոտկոր աշխարհում. մարզի Թումանյանի (Մոտկորի) տարածաշրջանի Շամուտ գյուղի բարձրավանդակում կառուցված սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի մոտ բացվեց Հրանտ Մաթեւոսյանի արձանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լոռու մարզից, հանդիսությանը ներկա էին բազմաթիվ լոռեցիներ, հյուրեր, գրողի հարազատները: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ողջունեց ներկաներին, նշելով, որ Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին նվիրված հուշարձանն այստեղ տեղադրելու մտահղացումը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին: Քանդակագործ Սարգիս Ղարիբյանի (Սեւո) հեղինակած քանդակը, ըստ Սերգո Երիցյանի, մեր ժողովրդի տաղանդավոր զավակի «քարեղեն» վերադարձն է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս շնորհավորեց բոլորին: «Հրանտ Մաթեւոսյանն այսօր մեր կողքին չէ: Սերունդներին փոխանցենք նրանց արածը, ովքեր հետք են թողել մեր կյանքում», - ասաց նա:

Խոսք ասացին նաեւ Հ. Մաթեւոսյանի գրչակից ընկերներն ու բարեկամները: ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի համար ամեն տեղ, որտեղ ապրել եւ շնչել է Հրանտ Մաթեւոսյանը, սրբատեղի է: «Նա եկավ եւ ասաց, որ հայերը, բացի պոեզիայից, նաեւ արձակ ունեն, եւ նրա արձակը հավիտենական է: Հպարտ եմ, որ իմ մասնակցությունն ունեմ իր երկերում: Տոն էր թե' ինձ համար, թե' գործընկերներիս, նրա «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում նկարահանվելու ժամանակաշրջանը»,- ասաց մեծանուն դերասանը:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն օրհնեց ներկաներին, կատարեց խաղողօրհնեքի կարգը, որից հետո մատուցվեց սուրբ մատաղ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ