Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի պատվիրակությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունում


ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի (ՄՀԵԱ) պատվիրակությանը' ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարյանի գլխավորությամբ:

Մոսկվայի 16 համալսարանների հայ ուսանողների միություններ միավորող ՄՀԵԱ-ն հիմնադրվել է 2011թ. մարտի 3-ին: Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստան-Ռուսաստան կապերի զարգացմանը եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, Մոսկվայի հայ երիտասարդության համախմբմանը եւ ուսանողների ակտիվ հասարակական գործունեության համար պայմանների ստեղծմանը: Ասոցիացիան ունի յոթ վարչություն' գիտական, մշակութային, ֆինանսական, սպորտի, իրավական, կադրերի եւ ԶԼՄ-ի ու հանրային կապերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարյանը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին' Հ.Սարդարյանը նշել է, որ ասոցիացիան ակտիվ պայքարում է ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ եւ այդ նպատակով ստեղծել է օպերատիվ խումբ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաեւ սոցիալական ցանցերում:

Ողջունելով երիտասարդներին եւ Մոսկվայի հայ երիտասարդության համախմբմանն ուղղված նրանց ջանքերը' ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը' կոչ անելով ակտիվ մասնակցել եւ աջակցել դրանց իրականացմանը: Երիտասարդական, կրթական ծրագրերից նախարարն առանձնացրել է «Մեր մեծերը» ծրագիրը, որում այս տարի ընդգրկված են Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Ջիվանու եւ Պետրոս Դուրյանի անունները:

Հ.Հակոբյանը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել համայնքի երիտասարդների կրթության, հայոց լեզվի իմացության աստիճանի բարձրացման խնդիրներին: Նախարար Հ.Հակոբյանն ընդգծել է երիտասարդության դերի կարեւորությունը Հայրենիք-Սփյուռք գործակցության ակտիվացման եւ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ