Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

NABUCCO գազամուղը եւ ռազմաքաղաքական նոր մրցակցությունը Կասպից ծովում


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունիսի 8-ին Թուրքիայի Կայսերի քաղաքում NABUCCO ընկերության եւ 5 պետությունների' Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների միջեւ կնքվեց պայմանագիր, որով NABUCCO գազամուղի կառուցման ծրագիրը սկսեց իրական ուրվագծեր ստանալ: Արդեն հայտնի են ոչ միայն այն երկրները որոնց տարածքով կանցնի այդ խողովակաշարը, այլեւ թե որ ընկերությունները կկառուցեն գազամուղը եւ ինչը ժամանակահատվածում: Նախատեսված է մոտ 9 մլրդ եվրո արժողությամբ խողովակաշարը գործարկել 2017թ-ից:

NABUCCO գազմուղը Եվրամիության էներգետիկ նոր ռազմավարության մաս է, որի առանցքային դրույթներից է «Հարավային միջանցք» նախագիծը: Վերջինս եվրոպական գազի շուկան պետք է սնուցի նոր աղբյուրներից, իսկ այդ հարցում կարեւորվում է Մերձավոր Արեւելքը եւ Կասպից ծովի ավազանը: Նախատեսվում է մինչեւ 2020թ. այս տարածաշրջաններից Եվրամիությանը մատակարարել անհրաժեշտ գազի 10-20 %-ը:

Փորձագիտական շրջանակները նշում են, որ միակ երկիրը, որը կարող է տեսանելի ապագայում գազ մատակարարել NABUCCO խողովակաշարին Ադրբեջանն է, իսկ հետագայում նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները' Թուրքմենստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Այսինքն' «Հարավային միջանցք» նախագծի առաջին ու հիմնական ուղղությունը Կասպից ծովի ավազանն է:

Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասով անցնող բոլոր խողովակաշարերն ընդգծված քաղաքական երանգ են ունեցել, ինչն ազդել է ոչ միայն այդ նախագծերի շուրջ ընթացող գործընթացների վրա, այլեւ ողջ տարածաշրջանի: Այդ գործընթացների քաղաքականացման հիմնական ջատագովն Ադրբեջանն է, որն այդպիսով փորձում է որոշակի դիվիդենտներ շահել տարածաշրջանում եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր դիրքերը ամրապնդելու համար: Ժամանակին հնարավորինս քաղաքականացվում էր Բաքու-Ջեյհան նավթամուղը այժմ փորձում են քաղաքական երանգը հաղոդել արդեն NABUCCO նախագածին:

Բաքվում լավ են հասկանում, որ Կասպից ծովի ավազանից գազի առաքման հարցում Եվրամիությունն ունի Ադրբեջանի աջակցության կարիքը եւ փորձում են շահագործել մարտավարական իրենց առավելությունը:

Սակայն NABUCCO ծրագիրը ամբողջ հզորությամբ կսկսի աշխատել,եթե Կասպից ծովի ընդերքով կառուցվի Թուրքմենստան-Ադրբեջան գազամուղ: Այս հարցի շուրջ արդեն խաչվել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը: ԱՄՆ-ը եւ Եվրամիութույնը ակտիվ կերպով զբաղվում են անդրկասպյան գազամուղի կառուցման լոբբինգով' այս հարցի շուրջ բազմաթիվ հանդիպումներ անցկացնելով Բաքվում եւ Աշգաբադում: Միեւնույն ժամանակ Իրանը եւ Ռուսաստանը արդեն հասցրել են հայտարարել, որ ծովի ընդերքով գազմուղի կառուցումն իրենց համար անընդունելի է, քանի որ այն վտանգում է ջրային այդ տարածքի էկոհամակարգը, բացի այդ Կասպից ծովի միջազգային իրավական կարգավիճակի շուրջ գոյություն չունի միջազգային պայմանգիր, իսկ դրա բացակայության պայմաններում խողովակաշարի կառուցումը ծովի ընդերքով անհնար է:

2011 հունվարի 13-ին Եվրահանձնաժողովի եւ Ադրբեջանի նախագահներ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Իլհամ Ալիեւը արդեն ստորագրել են հռչակագիր' իրենց աջակցությունը հայտնելով «Հարավային միջանցք» նախագծին: Այս գործընթացին ի պատասխան' ԱՄՆ պետքարտուղարութան Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգստարը հայտարարել է, որ ծովի ընդերքով գազմուղի կառուցման համար բավարար է միայն Ադրբեջանի եւ Թուրքմենստանի համաձայնությունը:

Այսինքն' NABUCCO նախագիծը դեռ չիրականացած' Կասպից ծովի շուրջ նոր զարգացումներ են սկսվում, որոնք իրենց մեջ ընդգծված լարվածության տարրեր են պարունակում: Լարվածության պատճառը ծովի ընդերքով խողովակաշարի կառուցման հարցն է եւ այդ հարցում ափամերձ մյուս երկրների կարծիքը: Սրան արդեն հասցրել է արձագանքել Ռուսաստանը' այս տարվա մայիսին հայտարարելով Կասպից ծովում իր ռազմական նավատորմիղի հզորացման մասին: Ի դեպ, հիշեցնենք, որ Ռուսաստանն առանց այն էլ Կասպից ծովում տիրապետում է ամենամեծ ռազմածովային ուժերին, հետեւաբար դրա հզորացման միտումը շատ փորձագետներ գնահատում են որպես ռազմական նոր մրցակցության սկիզբ եւ պատասխան Արեւմուտքի' ծովի ընդերքով գազմուղ կառուցելու փորձերին:

Հիշեցնենք, որ 2003թ-ին արդեն մեկ անգամ ռազմածովային առճակատում էր տեղի ունցել Կասպից ծովում, երբ իրանական ռազմածովային ուժերը ստիպել էին Ադրբեջանի դրոշի տակ երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարող, «Բրիթիշ Պետրոլիում» ընկերության նավին հեռանալ վիճելի ջրային տարածքներից: Այդ միջադեպը հնարավոր եղավ հարթել, սակայն սկսված նոր մրցակցությունը կարող է մեծացնել լարվածությունը Կասպից ծովի ավազանում, հատկապես, երբ ի պատասխան Ռուսաստանի որոշման, ափամերձ մյուս երկրները նույնպես սկսում են ընդլայնել եւ հզորացնել իրենց ռազմածովային ուժերը: Պաշտոնական Վաշինգտոնը ոչ ուղղակիորեն ներքաշված է, եւ կարելի է պնդել, որ հրահրում է սկիզբ առնող ռազմական նոր մրցակցությանը Կասպից ծովում: «ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ադրբեջանին Կասպից ծովում անվտանգության պահպանման համար»,- այս մասին հունիսի 24-ին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով տեղակալ Էնդրյու Շապիրոն:

NABUCCO գազամուղի շուրջ սկիզբ առնող մրցակցությունը ռազմավարական նոր հակասություն է ստեղծում մի կողմից Արեւմուտքի' ԱՄՆ-Եվրամիություն եւ մյուս կողմից Ռուսաստանի ու Իրանի միջեւ: Այս հակասության մեջ ակտիվ կերպով ներքաշված է նաեւ Չինաստանը, որը նույնպես դեմ է Կասպից ծովի ընդերքով գազմուղի կառուցմանը: Վերջինիս աճող տնտեսությունը նորանոր էներգակիրների կարիք ունը, իսկ Կենտրոնական Ասիան նրա համար ռեսուրսային լավ հարթակ է' ծավալվելու ու էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ ապահովելու համար:

Սկիզբ առնող ռազմաքաղաքական հակասության հիմքում անդրկասպյան գազամուղն է, առանց որի NABUCCO խողովոկաշարը, միայն ադրբեջանական գազով, չի ունենա սպասվելիք ռազմավարական նշանակությունը Եվրոպական շուկայի համար, որի տարեկան պահանաջարկը' նվազագույնը 450 մլրդ. խորանարդ մետր է եւ այս շուկան դինամիկ կերպով ընդլայնվում է: Եվրոպան այսպիսով ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, իսկ Ռուսաստանն էլ չի ցանկանում թույլ տալ իր համար կենսական նշանակություն ունեցող Կենտրոնական ասիական տարածաշրջան եվրոպացիների մուտքը, նաեւ իր դիրքերի թուլացումը Եվրոպայի գազի շուկայում: Ռուսաստանն արդեն մասամբ կորցրել է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի գազի շուկայում, երբ 2009թ-ին շահագործման հանձնվեց Թուրքմենստան-Չինաստան գազամուղի առաջին հատվածը: Հետեւաբար էներգետիկ այս տարածաշրջանի համար ընթացող պայքարում նոր խաղացողի' Եվրամիության մուտքը պաշտոնական Մոսկվայի համար անցանկալի է:

NABUCCO խողովակաշարի եւ հատկապես անդրկասպյան գազամուղի կառուցման շուրջ սկիզբ առնող զարգացումները կարող են էականորեն փոխել տարածաշրջանի դիմագիծը, ստեղծելով բաժանարար նոր գծեր, առաջացնելով ռազմական նոր լարվածություն, ինչն էականորեն կազդի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա:

 

Արմեն Մանվելյան

Պատմական գիտութունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ