Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

«Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը` Շուշիում

«Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը` Շուշիում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիում հուլիսի 15-29-ը կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը' ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործի: Սիմպոզիումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ու Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պտասխանատու Գայանե Դուրգարյանը, այսօրինակ հավաք Արցախի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ: Անդրանիկ այս հավաքին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին, Մադդալենա Ջովաննելլին, Լուիզա Մորոնին, 22 քանդակագործներ, նկարիչներ: Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջերարդո Լո Ռուսսոն: Գ. Դուրգարյանի խոսքով' նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռեւս 2009 թ., երբ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու հրավերով Ֆլորենցիայում բնակվող հայաստանցի քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ Հայաստան էր այցելել իտալացի անվանի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն' մասնակցելու Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կազմակերպվելիք հոբելյանական ցուցահանդեսին: «Հավաքի առանցքը, ի թիվս դասախոսությունների, վարպետության դասերի, ցուցահանդեսների եւ կինոդիտումների հագեցած ժամանակացույցի, քանդակների ստեղծումն է, որի արդյունքում մասնակից արվեստագետներից յուրաքանչյուրն ազատ թեմայով կկերտի իր քանդակը շուշվա կրաքարից' այն նվիրելով քաղաքին»,- ասաց նա' հավելելով, որ նյութի ընտրությունը խորհրդանշական է այն առումով, որ հենց այդ քարից է կառուցված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին: Որպես ամենամյա նախաձեռնության անդրանիկ հավաք, սիմպոզիումը կոչված է քանդակագործների համար դառնալու համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության, ստեղծագործական ոգեշնչման հարթակ: «Այն նաեւ կոչված է նպաստելու Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը արվեստի միջոցով, վերականգնելու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավն ու կարգավիճակը, խթանելու հետպատերազմական Շուշիի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքն ու զարգացումը»,- ասաց նա:

Նշենք, որ սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն հավաքածուում' արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ