1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերականգնվում է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին


ԳԱՎԱՌ, 13 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Պատմական աղբյուրների վկայությամբ՝ 9-րդ դարում Սահակ Սյունեցի իշխանի հովանավորությամբ կառուցված ճարտարապետական կոթողը կանգուն է մնացել մինչեւ 1667 թվականի աշխարհավեր երկրաշարժը, որի ժամանակ փլվել են եկեղեցու տանիքը եւ գմբեթը: Տեղացի տարեցների վկայությամբ՝ Արեւմտյան Հայաստանից գաղթած եւ Նորատուսում հաստատված վերաբնակիչները 19-րդ դարում փայտե ծածկ են տեղադրել ավերված տանիքի վրա եւ ծառայեցրել շինությունը որպես եկեղեցի: Խորհրդային տարիներին մի ընթացք այս շենքը ծառայել է որպես կոլտնտեսության պահեստ: Ապա 1980-90-ական թվականներին եկեղեցին պետության կողմից նախապատրաստվել է վերականգնման, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այն մնաց կիսավեր վիճակում: Եկեղեցու համար բեկումնային եղավ 2010 թվականը, երբ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը գտավ նրա վերականգնման հովանավորին՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը :

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը՝ եկեղեցու վերականգնումն ամբողջությամբ իրականացնելու համար «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հատկացրել է մոտ 400 միլիոն դրամ, ինչի շնորհիվ արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել են աշխատանքները: Վերականգնման աշխատանքներին անցած տարվա ամռանը նախորդել են հնագիտական պեղումները եկեղեցու ներսում եւ տարածքում, որոնք իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ պեղված տարածքում հայտնաբերվել են խաչքարեր, տապանաքարեր, շինաքարեր կամ դրանց բեկորներ, խեցեղեն: Պեղումների հիմնական նպատակը եղել է շրջակայքի մաքրումը եւ վերականգնման համար շինաքարերի հայտնաբերումը, ինչը եւ իրականացվել է ամբողջությամբ: Պեղումները փաստել են, որ հուշարձանի տարածքում եւ հատակում մշակութային ավելի հին շերտ չի գտնվել: Եկեղեցին վերականգնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրատվությամբ:

Վերականգնման աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «Հուշարձանների պահպանության եւ վերականգնման» գործակալությունը, ճարտարապետն է Միշա Հակոբյանը: Վերականգնող ավագ վարպետ Հարություն Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն իր աշխատանքային 40 տարիների ընթացքում պատմական շատ հուշարձաններ է վերականգնել, եւ հերթական այս հուշարձանն էլ կավելանա դրանց թվին' ամբողջությամբ ու նորոգ ծառայելով մեր ժողովրդի հոգեւոր- մշակութային կարիքներին: Այն պահպանելու է իր պատմական եւ նախկին տեսքն ամբողջությամբ՝ 14 մետր լայնություն, 21 մետր երկարություն, 24 մետր բարձրություն: Վերականգնվելու են խորանը, խցերը, գմբեթը: Օգտագործելու են հողի տակից հանված բոլոր շինաքարերը, իսկ պակասը լրացվելու է նոր' համապատասխան քարեր կտրելու եւ հղկելու հաշվին: Վերականգնման աշխատանքները կտեւեն մոտ չորս տարի: Ավագ վարպետի հետ աշխատում են վարպետներ Ցոլակ եւ Շավարշ Սամսոնյանները եւ Մարատ Պետրոսյանը: Եկեղեցու վերականգնման աշխատանքներում ընդգրկվել են նորատուսցի չորս բանվորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]