Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների էներգետիկ բաղկացուցիչը


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ռուսաստան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների նորագույն շրջանը սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո' տասնամյակներ շարունակ ստեղծված տնտեսական կապերի զանգվածային խզումներով: Պատճառը Հարավային Կովկասի իրավիճակն էր' պատերազմները Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Փոփոխված քաղաքական իրավիճակը եւ խզված կապերը Ռուսաստան-Հայաստան տնտեսական հարաբերություններում խորը ճգնաժամի հանգեցրեցին:

ԽՍՀՄ-ի փլուզումը բացասաբար ազդեց բոլոր հանրապետությունների վրա, սակայն Հայաստանի Հանրապետության վրա այդ ազդեցությունն էլ ավելի մեծ էր, քանի որ մեր երկիրը հայտնվեց շրջափակման մեջ: Հայաստանի տնտեսությունն աշխատում էր հիմնականում (մոտ 80%) ներկրվող հումքի բազայի հիման վրա: Ներկրման ընդհատումը հանգեցրեց տնտեսական համակարգի փլուզմանը: Ներքին համախառն արդյունքը կրճատվեց 10 անգամ, ինչնն աննախադեպ էր ԱՊՀ ողջ տարածքում: 90-ական թվականներին Հայաստանը եւ Ռուսաստանը սկսեցին կառուցել ռազմավարական նոր հարաբերություններ, կնքվում էին նորանոր պայմանագրեր: Այս տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ընդհանուր առմամբ կնքվել է 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր: Միջպետական առաջին պայմանագիրը, որը կարգավորում էր երկուստեք հարաբերությունները, ստորագրվեց 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին' «ՀՀ կառավարության եւ ՌՖ կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր»: Երկու երկրների տնտեսական հարաբերությունների կարգավորման բազային երկրորդ պայմանագիրը կնքվեց 2000-ի հոկտեմբերի 20-ին'»ՀՀ եւ ՌՖ կառավարությունների միջեւ համատեղ առեւտրի ժամանակ ոչ ուղղակի հարկերի հավաքագրման մասին»: Տնտեսական հարաբերությունների կարգավորման համար ռազմավարական նշանակություն ունի նաեւ 2001-ի սեպտեմբերի 15-ին' «ՀՀ եւ ՌՖ միջեւ մինչեւ 2010թ-ը տնտեսական երկարատեւ համագործակցության մասին պայմանագրի» կնքումը: Այսինքն, 90-ականների տնտեսական համագործակցության ցածր մակարդակին փոխարինելու եկավ 2000-ականների ակտիվ համագործակցությունը:

Հայաստանի շրջափակման հետեւանքով հատկապես տուժեց տնտեսության էներգետիկ հատվածը: 90-ականների առաջին կեսին Մեծամորի ատոմակայանի չմտածված փակման եւ գազի ներմուծման անկանոնության պայմաններում Հայաստանը էներգետիկ խորը ճգնաժամի մեջ հայտնվեց: Գազի մատակարարման ընդհատումների հետեւանքով Երեւանի եւ Հրազդանի ջերմակայանները չէին աշխատում, ինչը հանգեցրել էր էլեկտրաէներգիայի դեֆիցիտի: Այս իրավիճակի հաղթահարման համար իրականացվեց հայկական ԱԷԿ-ի վերագործարկում, ինչն աննախադեպ էր ատոմային կայանների շահագործման պատմության ընթացքում: 90-ականների երկրորդ կեսից կանոնավորվեց գազի մատակարարումը Ռուսաստանից: Մեծամորի ԱԷԿ-ի վառելիքը մատակարարվում էր Ռուսաստանից եւ հիմնականում ատոմային վառելիքի մատակարարման շուրջ ծագած պարտքն էր (մոտ 100 մլն դոլար) պատճառը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարությունը իրականացրեց «Գույք' պարտքի դիմաց» ծրագիրը, ինչն իր ձեւի մեջ նույնպես աննախադեպ էր համաշխարհային պրակտիկայում: Այս համաձայնագրի շրջանակներում որոշվեց 5 տարով Մեծամորի ԱԷԿ-ի ֆինանսական-տնտեսական կառավարումը հանձնել Ռուսաստանին: Սակայն հայ-ռուսական էներգետիկ ոլորտում ամենամեծ եւ հաջողված գործարքը կարելի է համարել 1997-ին «Հայռուսգազարդ» ընկերության ստեղծումը: Համատեղ այս ձեռնարկությանն է պատկանում Հայաստանում գազի շուկայի մեծամասնությունը եւ երկրի գազաբաշխման ողջ համակարգը: Ռուսաստանի էներգետիկ ակտիվացումը Հայաստանում, հատկապես գազի ներմուծման բնագավառում, պայմանավորված էր, ոչ միայն մեր երկրի նկատմամբ ռազմավարական հետաքրքրությամբ, այլեւ ավանդական այն կապերով, որոնք կան երկու երկրների միջեւ: Ի դեպ նշենք, որ Ռուսաստանը տիրապետում է համաշխարհային գազի պաշարների 33%-ին, երկրորդ տեղում է մեր հարավային հարեւանը' Իրանի Իսլամական Հանրապետությունը, մոտ 16%, ԱՊՀ տարածքում գազի զգալի պաշարներ ունի նաեւ Թուրքմենստանը' 4.3%, Ուզբեկստանը եւ Ղազախստանը' 1.0-ական %, Ադրբեջանը' 0.7%:

Ինչեւէ, Հայաստանը էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացման քաղաքականության սկզբունքով ակտիվ բանակցություններ սկսեց վարել Իրանի Իսլամական Հանրապետության հետ. արդյունքում կողմերը 2004-ի սեպտեմբերի 8-ին ստորագրեցին պայմանագիր Իրան- Հայաստան գազամուղի կառուցման մասին: Համաձայն կնքված պայմանագրի՝ իրանական կողմը պետք է Հայաստանին 20 տարվա ընթացքում մատակարարի մոտ 36 մլրդ խորանարդ մետր գազ: Հայաստանի համար ռազմավարական նշանակության այս խողովակաշարի կառուցման նկատմամբ ռուսական կողմը սկզբնական շրջանում բավական հոռետես էր, հնչում էին կարծիքներ, որ հայ-իրանական խողովակաշարը կարող է նույնիսկ մրցակից լինել ռուս-թուրքական «Կապույտ հոսք» կոչվող գազամուղին: Սակայն, հետագայում Գազպրոմը հայտարարեց, որ հետաքրքրված է ծրագրով եւ պատրաստ է մասնակցել խողովակաշարի կառուցմանը: Այս փաստը հաստատեց նաեւ Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստան-Իրան գազամուղի ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ այն ոչ միայն այլընտրանքային գազ է ապահովում ՀՀ-ին եւ հնարավոր ճգնաժամի' Ռուսաստանից գազի մատակարարման խափանման դեպքում, կարող է այլընտրանք լինել, այլեւ զսպում է գազի գնի բարձրացումը ռուսական կողմից: Ներկայում «գազ' էլեկտրականության դիմաց» ծրագրով Իրանից առաքվող գազի գինը' 1000 խորհանարդ մետրի դիմաց արժե մոտ 215-230 դոլար: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից գազը ստանում է 180 դոլար: Ռուսական կողմից գազի գնի հետագա բարձրացումը Հայաստանին հնարավորություն կտա գազ գնել Իրանից, ինչը լիարժեք կդարձնի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը: Հանուն արդարության պետք է նշել, որ «Գազպրոմ»-ը Հայաստանին վաճառում է գազը հնարավորինս ցածր գնով' 180 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, Բելառուսին' 244 դոլար, Եվրոպային' 350-500 դոլար գնով: Իրանը Թուրքիային գազը վաճառում է 350 դոլարով, իսկ Ադրբեջանը 290 դոլար: Ինչեւէ, գնային այս պայքարում Հայաստանը համամետաբար ցածր գնով գազ երկարատեւ ստանալ չի կարող եւ ռուսական գազի գնի աճը շարունակական կլինի, իսկ թե ինչքանով կհամաձայնի մեզ գազ վաճառել Իրանը, այս հարցի պատասխանը հնարվոր կլինի ստանալ, երբ կայանան երկկողմ բանակցություններ:

Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության կարեւոր ուղղություններից է նաեւ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցը: Գաղտնիք չէ, որ հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանի էլետրաէնեգիայի պահանջարկի մոտ 40%-ը, հետեւաբար այն ռազմավարական նշանակություն ունի: Սակայն Եվրամիությունը պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը' դրա համար ժամկետ սահմանելով 2016թ.: Ի դեպ այս հարցը դրված է նաեւ Եվրամիության «Եվրանեստ» նոր քաղաքականության օրակարգում: Սակայն ԱԷԿ-ի փակումը Հայաստանի էներգահամակարգը նոր դժվարությունների առաջ կկանգնեցնի եւ, հետեւաբար, կարեւորվում է փոխարինող նոր հզորությունների ստեղծումը: Նկատենք, որ վերջին տարիններին Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երի վերազինման արդյունքում հզորացել է այս կայանների հնարավորությունը, սակայն ԱԷԿ-ը ոչ միայն էներգետիկ, այլ ընդհանրապես Հայաստանի անվտանգային ռազմավարության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է, որի փակումը, նույնիսկ այլընտրանքային էներգիայի առկայության դեպքում, չի բխում ՀՀ-ի շահերից:

Ներկայում աշխատում է Մեծամորի կայանի միայն մեկ էներգաբլոկը, մոտ 407.5 մեգավատ հզորությամբ: Ինչպես հայտնի է Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել կառուցել նոր ատոմակայան, որի հզորությունը կկազմի 1060 մեգավատ: Այս ծրագրի իրականացման համար ստեղծվել է հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգոատոմ» ձեռնարկությունը, որը կստանձնի շինարարական աշխատանքները: Ռուսական կողմը հայտարարում է, որ էներգակայանի մոտավոր արժեքը կկազմի 5 մլրդ դոլար: Նոր ատոմակայանի գինը թերեւս որոշակի հարցեր Է առաջացնում փորձագիտական շարջանակներում, քանի որ պարզ չէ թե ինչու հենց այդ գինն է նշվում, երբ նմանատիպ ԱԷԿ-ի համար Հնդկաստանից «Ռոսատոմը» պահանջել է ընդհամենը 3.5 մլրդ դոլար:

Ինչեւէ, ծրագրի իրականացումը կբարձրացնի Հայաստանի էներգաանվտանգության մակարդակը, եւ Հայաստանը կկարողանա մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները, իսկ արտահանման համար մենք միայն մեկ ուղղություն ունենք' Իրանի Իսլամական Հանրապետություն: Հայաստանի Ազգային ժողովը 2006թ.-ին ընդունեց օրենք, որով վերացվեց պետության մենաշնորհը նոր կառուցվող ատոմակայանի նկատմամբ: Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս մասնավոր ներդրումներ ներգրավել ծրագրում: Ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել այս ծրագիրը եւ ներդնել գնի 20%' մոտ 1 մլրդ. դոլար, սակայն ատոմակայանի կառուցման համար հայտարարված միջազգային մրցույթներն անարձագանք մնացին ներդրողների կողմից: Հետեւաբար նոր ԱԷԿ-ի կաուցումը հնարավոր կլինի, եթե Ռուսաստանն ընդունի քաղաքական որոշում եւ ամբողջովին ֆինանսավորի կայանի կառուցումը:

Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական «էներգաերկխոսությունը» գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ առկա քաղաքական ու տնտեսական փոփոխությունների համատեքստում Հայաստանը կարող է ռազմավարական-գործընկերային իր հարաբերություններն էլ ավելի բարձրացնել' ակտիվ կերպով Ռուսաստանին ընդգրկելով իր էներգետիկ ծրագրերում: Այս ծրագերերից թերեւս ռազմավարական նշանակություն է ստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հարցը:

 

Արմեն Մանվելյան

Պատմական գիտութունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ