Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Կազանի գագաթնաժողովը ամենալուսաբանվողն էր եւ սպասումներով լին


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների' երկու տասնյակից ավելի հանդիպումներից եւ ոչ մեկը չէր եղել այս աստիճան գովազդված, ինչքան Կազանում կայացած հանդիպումը: Նույնիսկ Քիվեսթյան հայտնի բանակցութունները' ԱՄՆ-ի միջնորդությամբ, այսքան չէին լուսաբանվում միջազգային լրատվամիջոցների կողմից: Կազանում երեք նախագահների ձեւաչափով իններորդ հանդիպումը, թերեւս ամենալուսաբանվողն ու սպասումներով լին էր: Աղմուկն այս հանդիպման շուրջ այն աստիճան բարձր էր, որ թվում էր' իսկապես ուր որ է ինչ- որ բան պետք է ստորագրվի: Սակայն, չնայած աղմուկին, քաղաքագիտական ու փորձագիտական լուրջ շրջանակաները հոռետեսությամբ էին հետեւում կազանյան գործընթացին' հասկանալով, որ ղարաբաղյան խնդիրն այն աստիճան է հեռացել զուտ հարցի լուծման տրամաբանությունից, որ ներկայում հիշեցնում է գերտերությունների միջեւ ընթացող սպորտային մրցակցություն, որտեղ մրցանակը լինելու է վերահսկողությունը Հարավային Կովկասի նկատմամբ, իսկ կազանյան հանդիպումը մրցակցության այդ դրվագներից մեկն էր միայն:

Եվ այսպես, Կազանում ոչինչ չստորագրվեց, իսկ տարածված հայտարարությունն ընդամենն այն փաստի արձանագրումն էր, որ բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափով դեռ երկար ժամանակ կշարունակվի, եւ զուր Էին «կանխատեսումները», որ եթե Կազանում արդյունքներ չլինեն, ապա միջնորդական առաքելության ձեւաչափը, հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի, պետք է փոխվի: Հայտարարությունը մեկ անգամ եւս հաստատեց այն փաստը, որ համանախագահող երկրներին' ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, գոնե առայժմ այլընտրանք չկա, եւ ղարաբաղյան հարցում այս երկրները կշարունակեն դոմինանտ դերակատարություն ունենալ, հետեւաբար հարցի լուծման ցանկացած տարաբերակ պետք է դիտարկել առաջին հերթին տարածաշրջանում այս երկրների ունեցած քաղաքական ու տնտեսական շահերի եւ հետաքրքրությունների տեսանկյունից: Պետք է հաշվի առնել նաեւ տարածաշրջանին անմիջական հարեւան երկրների' Թուրքիայի եւ Իրանի շահերը, որոնք ոչ ուղղակիորեն, սակայն նույնպես ներգրավված են այս գործընթացում: Հասկանալի է, որ կարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի տեսակետներն են, որոնք շատ դեպքերում կախված են ներքաղաքական զարգացումներից, եւ վերջապես' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մոտեցումն այս հարցում:

Այսինքն' փորձել մեկ փաստաթղթում արտահայտել նմանատիպ իրարամերժ, շատ դեպքերում իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների շահերը եւ հետաքրքրությունները շատ դժվար է: Ավելին՝ տարածաշրջանում կա վաստահության պակաս, ուստի մեկ ընդհանուր, թեկուզեւ նախնական եւ առավել եւս' հիմնարար սկզբունքների շուրջ ընդհանուր հայտարարի հասնելը դառնում է գործնականում անլուծելի խնդիր: Հատկապես, երբ հակամարտող կողմերը տարբեր խնդիրներ են լուծում, մեկի համար սա տարածքների հարց է, մյուսի համար' անվտանգության պահպանման եւ սեփական հողի վրա խաղաղ ապրելու իրավունքի խնդիր: Առաջինը, նավթային իր գերհզորությունից հղփացած, համոզված է իր ուժի, երկրորդը' հանուն արդարության պայքարելու ու հաղթելու իր ճշմարտացիության մեջ: Հասկանալի է, որ մոտեցումների եւ սկզբունքների այս բազմազանությունն էլ ստեղծում են այն տարաձայնությունները, որոնք անհնար են դարձնում հարցի լուծման բանակցային տարբերակը:

Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ միջնորդ երկրներն ունեն տարբեր մոտեցում' կախված այդ երկրի տարածաշրջանային դերակատարությունից, հետաքրքրություններից, ընդունված ռազմավարությունից, հիմնախնդրի իրենց ընկալումից եւ, վերջապես, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրականության գնահատումից:

Համանախագահ երկրները' Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, թերեւս համոզված են մեկ բանում' ղարաբաղյան հիմնահարցը Հարավային Կովկասի առանցքային հակամարտություններից է, որը թելադրում է այս տարածաշրջանում ընթացող զարգացման ողջ տրամաբանությունը, հետեւաբար մուտք ունենալ դեպի այս խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթաց նշանակում է ազդեցության հսկայական լծակ ունենալ տարածաշրջանում:

Թերեւս սրանով էլ ավարտվում է հակամարտության նկատմամբ տերությունների մոտեցման ընդհանրությունը, մնացած հարցերում վերջիններս առաջնորդվում են սեփական շահերով, որոնք շատ դեպքերում խաչվում են' էլ ավելի անհնար դարձնելով հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունը:

Եթե Ռուսաստանի համար Հարավային Կովկասն իր ազդեցության ավանդական շրջանն է, որտեղ նա ունի կենսական շահեր, եւ որտեղ պաշտպանում է իր հարավային սահմանները, ապա Ֆրանսիան, մտնելով բարդագույն բանակցային գործընթացի մեջ, այն դիտարկում է սեփական կարեւորությունը եւ Եվրամիության առաջատարի դերը շեշտելու տեսանկյունից, ԱՄՆ-ի համար Կովկասը «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի մի մասն է եւ դեպի Կենտրոնական Ասիայի էներգակիրներ ելք ունենալու կարեւոր միջանցք:

Տարածաշրջանի մյուս խաղացողները' Թուրքիան եւ Իրանը, իրենց շահերն են փնտրում. եթե առաջինի համար Ղարաբաղյան հարցն ուղղակիորեն շաղկապված է իր ցեղակից ադերբեջանցինների եւ տարածաշրջանային իր քաղաքականության հետ, ապա Թեհրանի համար այն կենսական նշանակության տարածք է: Վերջինս նախընտրում է, որ իր սահամանի մոտ 100 կմ հատվածը վերահսկվի ԼՂՀ Պաշտպանական բանակի, այլ ոչ թե միջազգային խաղաղապահ ուժերի, առավել եւս ադրբեջանական բանակի կողմից:

Ղարաբաղյան հիմանահարցի շուրջ տարբեր երկրների մոտեցումներին եւ շահերին գումարվում է հակամարտության մաս կազմող երկրների քաղաքական ձգտումները եւ զարգացման ու անվտանգության իրենց տեսլականը: Հասկանալի է, որ Ղարաբաղի համար սա առաջին հերթին ինքնորոշման' ազատ ու անկախ ապրելու իրավունքի հարց է: Հայաստանի համար տարածաշրջանում անվտանգ ապրելու եւ զարգանալու հնարավորության ու հայության դեմ այլեւս երբեք նոր հարձակումներ ու կոտորածներ թույլ չտալու խնդիր:

Այս պայմաններում բնական հարց է առաջանում' արդյոք մոտեցումների նման բազմազանությամբ ու շահերի միջեւ առկա նմանատիպ հակասություններով, հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի եւ ստորագրել հիմնարար սկզբունքները: Առավել եւս, որ վերջին տարիներին Հարավային Կովկասում էներգետիկ միջազգային նոր ծրագրերը եւ տարանցիկ խողովակաշարերի կառուցման նախագծերը նոր իմաստ են հաղորդել այս հարցին. տեղի է ունենում քաղաքական հետաքրքրությունների եւ շահերի տեղաշարժ, ու շատերի համար հասկանալի է դառնում, որ նմանատիպ ծրագրերից դուրս գտնվող երկրի համար ղարաբաղյան հարցը լավ լծակ է սեփական կարծիքը թելադրելու համար:

Ժամանակը ցույց տվեց, որ ղարաբաղյան խնդիրը շատ ավելի բարդ հարց է, քան նրա շատ «գիտակներ» պատկերացնում էին: Այս հարցը չի կարող դիտարկվել որպես այսրոպեական լուծման խնդիր, քանի որ ռազմավարական առումով այն ապահովում է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան սահմանները, անվտանգ դարձնում այս բարդ ու բավականին ագրեսիվ տարածաշրջանում հայկական էթնոսի գոյությունը եւ տարածաշրջանում շարունակում պահպանել խաղաղության փխրուն համակագը: Այն նաեւ «ձայնի» իրավունք է տալիս Հայաստանին մի տարածաշրջանում, որը շատ արագ վերածվում է Արեւելք-Արեւմուտք էներգետիկ միջանցքի: Հետեւաբար, ճիշտ չեն նրանք, ովքեր պնդում են, որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու չէ ոչ մեկին. գոնե Հայաստանի եւ Ղարաբաղի պարագայում այն անվտանգության եւ խաղաղության պահպանման առայժմ միակ երաշխիքն է:

Հետեւաբար հակասությոնների նման բազմազանության պայմաններում դժվար է, եթե չասենք անհնար, մեկ հանդիպման ժամանակ գալ ընդհանուր հայտարարի եւ ստորագրել հիմնարար սկզբունքներ մի հարցի շուրջ, որտեղ բացի հակամարտող երկրների շահերից, խաչվում են մեծ տերությունների քաղաքական հետաքրքությունները: Խոսել Կազանում կայացած հանդիպման անհաջողության մասին անիմաստ է, քանի որ այն ընդամենը ցույց տվեց առկա տարաձայնությունների խորությունը եւ դրանք հաղթահարելու դժվարությունները, սակայն միաժամանակ պարզ է, որ այլընտրանք բանակցային գործընթացին գոյություն չունի:

 

Արմեն Մանվելյան

Պատմական գիտութունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ