Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Նավթային գործոնի ազդեցությունն Ադրբեջանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999թ.-ին Լոնդոնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար միջազգային կոնսորցիումի ստեղծման շուրջ պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց' «այս խողովակաշարով ոչ թե նավթ է հոսելու այլ քաղաքականություն»: Ամրագրվեց Ադրբեջանի քաղաքականության հիմնական դրույթը, որի համաձայն' վերջինս իր նավթային գործոնն օգտագործում է ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը' փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Պաշտոնական Բաքուն, շահարկելով նավթի խնդիրը, փորձում է իրեն ներկայացնել որպես Արեւմուտքի նավթի ու գազի հիմնական մատակարարի' այս հարցը շաղկապելով Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Սակայն Ադրբեջանի նավթային գործոնը ոչ միայն նրա ամրության, այլեւ թուլության պատճառն է: Արեւմուտքում հասկանում են, որ ադրբեջանական նավթը եւ գազը չի կարող այլընտրանք լինել Պարսից ծոցի երկրների էներգակիրներին, սակայն Հարավային Կովկաս եւ հատկապես Կասպից ծովի ավազան ելք ապահովելու ու դեպի Կենտրոնական Ասիայի հումքով հարուստ տարածաշրջան մուտք ունենալու համար կարեւոր են հարաբերությունները պաշտոնական Բաքվի հետ:

Ադրբեջանի նավթային սեկտորը, որը կազմում է նրա ներքին համախառն արդյունքի 60 տոկոսից ավելին, մեծացնում է նրա կախվածությունը միջազգային հումքային սակարաններում նավթի գներից: Եվ ինչքան Բաքուն ավելացնում է արտահանման ծավալները, այնքան մեծանում է նաեւ նրա կախվածությունը նավթի գների տատանումներից, այսինքն՝ այնքան նրա տնտեսությունը ավելի խոցելի է դառնում: Նավթային ոլորտում ներդրումների մեծացումը բերում է այդ երկրի ներքին համախառն արդյունքի աննախադեպ աճին, ինչը փրկեց այդ երկրի տնտեսությունը ճգնաժամային 2008-2009թթ.:

Ներդրումները նավթային ոլորտում, սակայն, քիչ են ազդում երկրի բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ այդ ճյուղը, լինելով բավականին ֆինանսատար, միաժամանակ աշխատատար չէ' այդ բնագավառում զբաղված է Ադրբեջանի բնակչության 1-2 տոկոսը: Ադրբեջանը վաղուց արդեն վերածվել է «մեկ տնտեսության» երկրի եւ նավթից ստացվող աննախադեպ եկամուտներն Ալիեւների կլանին հնարավորություն են տալիս ուժեղացնել իր դիրքերը երկրի ներսում' կատարելով քայլեր, որոնք բնորոշ են հումքով հարուստ բռնատիրական պետություններին' կրճատել հարկերը կամ որոշ դեպքերում դրանք ընդհանրապես վերացնել, նվազեցնել բյուջեի ձեւավորման գործում երկրի բնակչության ու գործարար խավի դերակատարումը, հետեւաբար նաեւ իշխանությունների կախվածությունը այդ շրջանակներից: Փոխարենն ակնկալում են ֆինանսական մեծ մուտքեր նավթի արտահանման ծավալներից, ինչը սակայն մեծացնում է կախվածությունը նավթային վերազգային ընկերություններից:

Այն փաստը, որ Ադրբեջանի կախվածությունը նավթից կրիտիկական է, երեւաց ճգնաժամի տարիններին: 2009թ. ճգնաժամի շրջանում արտաքին առեւտրային շրջանառության անկումը կազմեց 2,6 անգամ' 54 մլրդ դոլարից հասնելով 20.8 մլրդ դոլարի, եւ սա արդյունք էր, ոչ թե նավթի արտահանման ծավալների անկման այլ նավթի գների նվազման միջազգային հումքային սակարաններում: Արտահանման բնագավառում անկումը կազմեց 3.6 անգամ' հասնելով 14.6 մլրդ դոլարի: Հիշեցնենք, որ այդ երկրի արտահանման ծավալում 92,8 տկոսը կազմում են հում նավթը եւ գազը: Այսինքն' միջազգային սակարաններում նավթի գնի տատանումները ուղակիորեն ազդում են այդ երկրի տնտեսության վրա, էլ ավելի մեծացնելով վերջինիս կախվածություննը հումքի գներից ու վերազգային նավթային ընկերություններից:

«Բրիթիշ փեթրոլիում», «Սթաթօյլ» եւ միջազգային այլ գերհզոր նավթային ընկերություններ ուղղակիորեն կամ վերահսկողության տակ գտնվող կոնսորցիումների միջոցով իրենց ձեռքում են կենտրոնացրել Ադրբեջանի նավթային սեկտորի ճնշող մեծամասնությունը: Նրանք ոչ միայն կառավարում են այդ երկրի ամենաեկամտաբեր նավթահորերը, այլեւ հսկողություն են սահմանել Ադրբեջանից նավթի եւ գազի առաքման հիմնական խողովակաշարերի' Բաքու-Ջեյհանի եւ Բաքու-Էրզրումի նկատմամբ:

Ադրբեջանից արտահանվող նավթի առյուծի բաժինը պատկանում է Ադրբեջանական միջազգային օպերացիոն ընկերությանը (ԱՄՕԸ): ԱՄՕԸ կոնսորցիումի հիմնական բաժնետերերը միջազգային 9 խոշոր նավթային ընկերություններն են, իսկ վերահսկիչ փաթեթը պատկանում է «Բրիթիշ փեթրոլիում»-ին' 34.1%: ԱՄՕԸ-ի տնօրինմանն է հանձնվել Ադրբեջանի նավթի ամենամեծ հանքավայրը' Չիրաք-Գյունեշլին:

«Բրիթիշ փեթրոլիում»-ը վերահսկում է Բաքու-Ջեյհան նավթամուղը եւ նրան է պատկանում բաժնետոմսերի 30.1%-ը: Ադրբեջանի պետական նավթային ընկերության ակտիվներն այս խողովակաշարում ընդամենը 25% են, մնացած բաժնետոմսերը վերազգային տարբեր այլ ընկերությունների վերահսկողությանն են պատկանում:

Նույն վիճակն է տիրում նաեւ Ադրբեջանի գազի միակ հանքավայրում' Շահդենիզում: Այս հանքավայրը շահագործում է «Շահդենիզ հանքավայրի պայմանագիր» ընկերությունը, որի հիմնական փայատերերն են «Բրիթիշ փեթրոլիում»-ը' 25.5% եւ «Սթաթօյլ»-ը' 25.5% եւ այլն: Ադրբեջանական գազը միջազգային շուկա դուրս բերելով' Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը շահագործում է «Հարավկովկասյան խողովակաշար» ընկերությունը, որի հիմնական բաժնետերը նույնպես բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում»-ն է' 25.5% եւ նորվեգական «Սթաթօյլ»-ը 25.5%, իսկ Ադրբեջանին պատկանում է այս խողովակաշարի միայն 10%-ը: Այսպիսով, բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում»-ը եւ նորվեգական «Սթաթօյլ»-ը վերահսկում են ոչ միայն Շահդենիզի հանքավայրն, այլեւ այն խողովակաշարը, որով ադրբեջանական գազը հոսում է դեպի Թուրքիա եւ Եվրոպա:

Ադրբեջանի պետական բյուջեի 50 տոկոսը հավաքագրվում է ընդամենը նավթային երկու' Պետական նավթային եւ Ադրբեջանի միջազգային օպերացիոն (ԱՄՕԸ) ընկերություններից:

Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը, անցնելով հումք արտահանող երկրների «ճանապարհով», ամբողջովին կախման մեջ է հայտնվել վերազգային ընկերություններից, որոնք վերահսկում եւ կառավարում են այդ երկրի նավթի եւ գազի ոլորտները:

2011թ. Եվրամիության կողմից Էներգետիկ նոր դոկտրինի ընդունումից հետո Բրյուսելը փորձում է ակտիվացնել իր դերկատարումը Կենտրոնական Ասիայում եւ NABUCCO ու նմանատիպ այլ ծրագրերի միջոցով այլընտրանք ստեղծել Ռուսաստանից Էներգակիրների ներմուծմանը: Այս տարի հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ստորագրել են համատեղ հռչակագիր «Հարավային էներգետիկ միջանցքին» Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ: Այս ծրագիրը ենթադրում է NABUCCO գազամուղի կառուցմամբ Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների արտահանում Եվրամիություն:

Եվ այսպես, Ադրբեջանի ներկա վերնախավը էներգետիկ գործոնը փորձում է օգտագործել լուծելու երկու հիմնական խնդիր' ուժեղացնել Ալիեւների կլանը երկրի ներսում' ստանալով Արեւմուտքի լոյալությունը եւ առավելության հասնել ղարաբաղյան խնդրում: Դառնալով Արեւմուտքի նավթային կցորդը' Ալիեւների կլանը լուծում էր կարեւորագույն խնդիր' լեգիտիմացնում էր իշխանությունը հորից որդուն փոխանցելու քաղաքական ավանդույթը:

Ադրբեջանում նավթային բումը բերում է այդ երկրի կախվածության մեծացմանը նավթային վերազգային ընկերություններից, որոնք փաստորեն հսկում են այդ երկրի տնտեսության մեծ մասը: Այսինքն' Ադրբեջանի նավթային սեկտորը նրա ամենախոցելի տեղն է. այդ երկրի ապագան կախված է այդ հումքի արտահանման ծավալներից եւ սակարաններում դրա գներից: 2008-2009թ.թ. ճգնաժամի շրջանում նավթի գների աննախադեպ անկումը լուրջ խնդրներ հարուցեց այդ երկրի տնտեսության համար, սակայն գների անկման կարճաժամկետությունը փրկեց Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական համակարգը կործանումից: Սակայն, ինչպես նշում են արեւմտյան տեսաբանները, Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական համակարգի կախվածությունը նավթից այնպիսի չափերի է հասել, որ այդ երկրից էներգակիրների' նավթի ու գազի արտահանման դադարեցումը, ասենք, հնարավոր ռազմական հակամարտության դեպքում, կահանգեցնի այդ երկիրի իշխանական բուրգի ու տնտեսության փլուզմանը:

Արմեն Մանվելյան

Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ