1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ա.Նադանյան. «Սիրտս Լեւոնի համար հանգիստ է»

Ա.Նադանյան. «Սիրտս Լեւոնի համար հանգիստ է»

ԵՐԵՎԱՆ, 4  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում այսօր կտրվի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի մեկնարկը: Այս մրցաշարում ութ գրոսմայստերների պայքարի արդյունքում կորոշվի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցակիցը: Կազանի մրցաշարում մոլորակի` վարկանիշով երրորդ շախմատիստ, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը գլխավոր ֆավորիտներից մեկն է:

Լեւոն Արոնյանի վերջին պատրաստությունների եւ հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց նրա թիմի անդամ, մարտավկա Աշոտ Նադանյանի հետ, ով նրան օգնելու համար վերջերս է Սինգապուրից տեղափոխվել Հայաստան:

 - Լեւոն Արոնյանի թիմը, որի կազմում նաեւ Դուք էիք, պարոն Նադանյան, ամիսներ շարունակ նրան օգնեց Կազանում կայանալիք հավակնորդների մրցամարտերին պատրաստվելիս: Լեւոնն արդեն Կազանում է. ինչպե՞ս  եք Դուք, որպես փորձառու մարզիչ, գնահատում նրա պատրաստվածությունն ու հնարավորությունները:

-Սիրտս հանգիստ է. ինձ թվում է` հաջող կանցնի, մանավանդ որ լավ ենք պարապել: Փաստորեն, մենք երկու ամիս (մեկ ամիս` Ծաղկաձորում, մեկ ամիս` Երեւանում) պարապեցինք: Եթե արտակարգ որեւէ բան չպատահի, Լեւոնը պիտի հաղթի:

 - Այս մրցամարտերին պատրաստվելիս Լեւոնին թիմակիցներ ընտրելու հարցում ֆեդերացիան նրան շատ լայն հնարավորություններ տվեց, բայց նա արտերկրից հրավիրեց միայն Ձեզ` իր հայրենակցին, եւ չինացի շախմատիստ Վան Հաոյին: Ինչո՞վ կբացատրեք Լեւոնի ընտրությունը. նախկինում նրա հետ աշխատելու փորձ ունեցե՞լ եք:

 - Բացի շախմատային կարողություններից, Լեւոնը շատ է կարեւորում մարդկային հատկանիշները: Նախկինում չենք պարապել միասին, բայց ճանաչել ենք իրար, լավ հարաբերություններ ենք ունեցել: Մեր շախամատիստներից ես աշխատել եմ Գաբրիել Սարգսյանի եւ Վարուժան Հակոբյանի հետ, իսկ վերջին տասը տարիներին ապրել եմ Հայաստանից դուրս, սկզբում` Քուվեյթում, հետո` Սինգապուրում. մարզել եմ այդ երկու երկրների ազգային հավաքականները: Երեք-չորս տարի առաջ արձակուրդին եկա Հայաստան եւ Լեւոնին հանդիպեցի Ծաղկաձորում. դեռ այն ժամանակ նա ասաց` հետաքրքիր կլիներ, եթե իր թիմի մեջ լինեի: Հետո Սինգապուրում ծնվեց իմ երեխան, եւ գալս ձգձգվում էր, որովհետեւ սպասում էինք` մի քիչ մեծանար… Ինչ վերաբերում է Վան Հաոյին, կարծեմ նա աշխարհի ամենաուժեղ շախմատիստների քսանյակի մեջ է, բացի այդ, շատ հաճելի եւ վստահելի է:

 - Ի՞նչ սկզբունքով էիք կազմակերպում մարզումները. պատրաստվում էիք կոնկրե՞տ հակառակորդի դեմ, թե՞ ընդհանուր առմամբ:

- Կարելի է ասել` ընդհանուր առմամբ, որովհետեւ յուրաքանչյուր շախմատիստ հիմա կարող է ցանկացած սկզբնախաղի պատրաստվել: Պարապել ենք` ընդհանուր խնդիրներ հաշվի առնելով:

 - Ի՞նչ կարծիք ունեք Լեւոնի առաջին մրցակցի` Գրիշչուկի մասին:

- Նա վտանգավոր հակառակորդ է այն առումով, որ անկանխատեսելի է. կարող է ե’ւ շատ լավ խաղալ, ե’ւ շատ վատ: Նա օբյեկտիվորեն մյուս մրցակցից` Կրամնիկից, թույլ է, բայց տաղանդավոր եւ անկանխատեսելի հակառակորդ է: Նման մարդիկ վտանգավոր են:

 - Իսկ ինչպիսի՞ մարզավիճակում Լեւոնը մեկնեց Կազան: Պատրա՞ստ է նա այդ վտանգներին:

-Կարծում եմ` այո’: Ես այնքան եմ սիրում ու հավատում Լեւոնին` որպես շախմատիստի, որ չեմ պատկերացնում` նա ոնց կարող է պարտվել: Այս ընթացքում, երբ մենք սկսել ենք միասին աշխատել, ես` որպես Լեւոնի մարզիչ եւ մարտավկա, նրան պարտվելիս չեմ տեսել…

 - Ասում են` չորս տուրից կազմված մրցամարտեր անցկացնելն այդքան էլ հաջող տարբերակ չէ: Դո՞ւք ինչ եք կարծում:

- Այո’, Կազանում առաջին երկու մրցամարտերը չորս տուրից են կազմված, վերջինը` վեց: Եթե երեքի համար էլ 6-ական խաղ նախատեսված լիներ, մրցաշարը, կարծում եմ շատ կերկարեր, բայց մյուս կողմից էլ` արդյունքը ավելի հիմնավոր կլիներ, պատահականության գործոնը` ավելի փոքր: Ամեն դեպքում, Լեւոնը դեմ չէր այս տարբերակին:

 - Տեղեկություններ ունե՞ք, թե հակառակորդներն ինչպես են պատրաստվել Կազանի մրցաշարին:

 - Շատ տեղեկություններ չկան: Երեւի Լեւոնի մասին ինֆորմացիան էր համեմատաբար բաց: Եվ ես այդտեղ վատ բան չեմ տեսնում. թող տեսնեն եւ վախենան: Մարդիկ շատ լավ են արձագանքում «Facebook»-ում Լեւոնին վերաբերող ցանկացած ինֆորմացիայի, նա երբեք աննկատ չի մնում փողոցում քայլելիս, անգամ պատշգամբներից նրան ողջույններ են հղում… Լեւոնին սիրում եւ հավատում են Հայաստանում:

 - Լեւոնի հետ Կազան են մեկնել Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը: Դուք այստեղից կկարողանա՞ք օգնել նրան:

- Իմաստ չուներ, որ շատ մեծ թիմ գնար նրա հետ: Եթե կարիք լինի,կարելի է օգտակար լինել նաեւ օնլայն: Երբ նա խաղում է, ես ու հայրս էլ լարված նստած ենք լինում մոնիտորի առաջ:

 - Դժվա՞ր օրեր են սպասում:

- Լավ կլինի:

Հարցազրույցը`  Տաթեւ Մադաթյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]