Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Թուրքիայում խորքային պետության եւ «Էրգենեկոն»-ի կապի շուրջ


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրգենեկոն» կազմակերպության' սկսած 2007 թ. առաջին ձերբակալումներից, թե երկրի հասարակական կարծիքում, թե արեւմտյան մամուլում ակտիվորեն սկսեց քննարկվել եւ շահարկվել Թուրքիայում գոյություն ունեցող այսպես կոչված «խորքային պետության» խնդիրը: Վերլուծաբանների մեծ մասը հակված է «Էրգենեկոն»-ում տեսնել այդ «խորքային պետություն» անվանվող կառույցը, մյուս մասը պնդում է, որ եթե նույնիսկ «Էրգենեկոնը» չի կարելի ամբողջովին նույնացնել խորքային պետության հետ, այնուամենայնիվ, նշված կառույցի ոչնչացմամբ շատ լուրջ հարված է հասցվել վերջինիս: Վերլուծաբանների մեկ այլ խումբ, միավորելով «Էրգենեկոն», «Մուրճ», «սաունայի մաֆիա» եւ այլ բացահայտված գաղտնի դավադիր կազմակերպությունները, առաջ է քաշում այն տեսակետը, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հետեւողական պայքար է վարում «անցյալի ժառանգություն» հանդիսացող խորքային պետության կառույցներից եւ ավանդույթներից ձերբազատման համար: Թուրք գիտնականներից եւ լրագրողներից շատերն այն կարծիքին են, որ «խորքային պետություն» ասվածը իրականում գոյություն չունի, եւ այն շատ հարմար պատրվակ է, որին կարելի է վերագրել տեղի ունեցող բոլոր անարդարությունները ու դեռեւս չպարզաբանված իրադարձությունները: Գիտնականների մեկ այլ խումբ գերադասում է խորքային պետության փոխարեն օգտագործել «խորքային կապեր» արտահայտությունը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «խորքային պետություն» հասկացությունը, եւ արդյո՞ք այն հստակ ձեւակերպված կառույց է' բնորոշ բոլոր ստորաբաժանումներով, թե՞ խոսքը գնում է ազդեցության շրջաննակների ու խմբերի մասին, որոնք միավորվում են ինչ-որ միասնական գաղափարի շուրջ: Թուրքիայի քաղաքական միտք «խորքային պետություն» ձեւակերպումը եւ նրա շուրջ տարբեր շահարկումները մուտք գործեցին 1970-ական թթ.: Քաղաքական գործիչներից 1970-ական եւ 1990-ական թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բյուլենթ Էջեւիթն առաջինը բացահայտորեն խոսեց Թուրքիայում գոյություն ունեցող խորքային պետության մասին: Թուրքիայի 8-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելն ավելի հստակեցրեց այն' ասելով, որ «խորքային պետությունը զինվորականությունն է»: 1990-ական թթ. թուրք քաղաքագետներն ու պատմաբանները սկսում են գիտականորեն ուսումնասիրել խորքային պետության ֆենոմենը, նրա գենեզիսը եւ հավանական դերակատարությունն ամենաաղմկալի եւ ճակատագրական նշանակություն ունեցած իրադարձություններում:

Ներկայում գիտնականների մեծ մասն այն կարծիքին է, որ չնայած դեռեւս Բյուզանդական եւ Օսմանյան կայսրություններում խորքային դավադրական խմբեր եւ ավանդույթներ գոյություն ունեին' Թուրքիայում խորքային պետության ձեւավորումը (որպես այդպիսին) կապված է երիտթուրքական կառավարման (1908-1918 թթ.) շրջանի հետ: «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կազմում գործում էր քաղաքական հակառակորդների սպանությունների կազմակերպման աչքի ընկած «ֆիդայիների խմբավորում», որի հիման վրա 1913-1914 թթ. ստեղծվեց «Հատուկ կազմակերպությունը» (Teşkilat-ı Mahsusa): Հայտնի է, որ բացի 1915 թ. հայերի ցեղասպանության ժամանակ տեղահանման եւ ճանապարհին տեղահանվածների քարավանների ոչնչացման իրականացումից, Հատուկ կազմակերպությունը զգալի դեր է խաղացել 1919-1922 թթ. Թուրքիայի ազգայնական շարժման կազմակերպման մեջ:

«Խորքային պետության» այս պատմական (երիտթուրքական) ավանդույթը հանրապետական Թուրքիայում իր հետագա զարգացումն ապրեց' ձեւափոխվելով արեւմտյան պետություններում' առաջին հերթին ԱՄՆ-ում, գոյություն ունեցող տարբեր կիսագաղտնի կառույցների օրինակով, որոնցից Թուրքիայի պարագայում առավել ազդեցիկ դարձավ 1950-ական թթ. ստեղծված «Հատուկ պատերազմական վարչությունը»: Վերջինս մի շարք քաղաքագետների կարծիքով «սառը պատերազմի» տարիներին հանդիսացել է խորքային պետության կարեւոր օղակներից մեկը: Սակայն, ինչպես երիտթուրքերի օրոք դ-ր Նազըմ - դ-ր Բեհաեդդին Շաքիր տանդեմի օրինակով, այդպես էլ այսօր Թուրքիայում խորքային պետության մասին խոսելիս նկատի ունեն ոչ թե հստակ ձեւավորված կառույց, որն իր ստորաբաժանումներն ու վերահսկողության մեխանիզմներն ունի, այլ ազդեցության խմբերի մասին, որոնք, մտահոգված լինելով պետության ամբողջականությամբ ու զարգացման ուղիով, միավորվում են նույն երիտթուրքական գաղափարի շուրջ' «ինչպես կարելի է փրկել այս պետությունը»: Այդ ազդեցության խմբերը կազմված են խոշոր արդյունաբերողներից, բանակի վերնախավից, մասոնական կառույցներից, միջին եւ բարձր օղակի բյուրոկրատիայից: Ճգնաժամային պահերին այս ազդեցիկ խմբերի ու խմբավորումների շահերը համընկնում են, որոնք, ճգնաժամից դուրս գալու կամ հետագա զարգացման միասնական ծրագիր մշակելով, իրականացնում են այն: Այսպես, 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջմանը նախորդել էր 1979 թ. Կոնիայում տեղի ունեցած գաղտնի ժողովը, որին մասնակցում էր գեներալիտետը եւ խոշոր գործարարներն ու արդյունաբերողները, ինչպես հետագայում ծայրահեղ ձախակողմյան կազմակերպություններից մեկի կողմից սպանված Օզդեմիր Սաբանջին: Այս ժողովում հավանության էր արժանացել պետությունը ճգնաժամից դուրս բերելու համար զինվորական հեղաշրջում իրականացնելու գաղափարը, ընդ որում' նման պահանջով հանդես էր եկել պետության գործարար վերնախավը:

Վերը նշվածի լույսի ներքո «Էրգենեկոնի» օրինակի դեպքում խոսքը կարող է գնալ խորքային պետության եւ նրա կողմից օգտագործվող ուժերի մասին, որոնք հանդիսանում են ընդունված որոշման իրականացման մեխանիզմ: Տարբեր շրջաններում խորքային պետության կողմից օգտագործվող ուժերը փոփոխվել են եւ աչքի ընկել իրենց լայն սպեկտրով' ծայրահեղ ազգայնամոլներից մինչեւ իսլամական միաբանություններ (թարիքաթներ): 1960-1970 ական թթ. նման դերում հիմնականում հանդես էին գալիս ազգայնական ուժերը հանձինս «Ազգայնական շարժում» կուսակցության, նրա երիտասարդական թեւ համարվող, սակայն իրականում առանձին կառույց հանդիսացող «Գորշ գայլերի» կազմակերպության: 1980-ական թթ. մի շարք քաղաքական խնդիրների լուծման, մասնավորապես ASALA-ի դեմ պայքարում օգտագործվեցին աջակողմյան կողմնորոշում ունեցող կազմակերպված հանցավորության (մաֆիայի) կնքահայրերը: 1997 թ. փետրվարի 28-ի «փափուկ» կամ «սպիտակ» հեղաշրջումից առաջ ստեղծվեց «հասարակական պահանջի մթնոլորտ», որտեղ հիմնական դերակատարությունը տրված էր Աթաթուրքի գաղափարախոսության ընկերություններին: Այդ շղթայում 1990-ական թթ. Հարավ-արեւելյան Անատոլիայում քրդական անջատողականության եւ Քրդական բանվորական կուսակցության (PKK)-ի դեմ պայքարում օգտագործվեցին «Էրգենեկոն» կազմակերպության ղեկավար կամ անդամ հանդիսացող անձինք, ինչպես գեներալ Վելի Քյուչուքը:

Ուշագրավ է, որ Թուրքիայի քաղաքական եւ հասարակական կյանքում գոյություն ունեն «թաբու»-ներ, որոնց մասին մեծամասնությունը տեղյակ է, բայց գերադասում է խուսափել խոսելուց կամ քննարկելուց: Նման «թաբու»-ների թվին պատկանում է խորքային պետության կողմից օգտագործվող ուժերի կամ անձանց խնդիրը: Նրանք օգտվում են թողտվության մթնոլորտից, անձեռնմխելի են այնքան ժամանակ մինչեւ դուրս չեն գալիս վերահսկողությունից եւ փորձում իրենց սեփական խաղը տանել կամ իրավիճակի փոփոխության հետեւանքով վտանգավոր դառնում: Նորագույն շրջանի թուրքական պատմագրության եւ գրականության մեջ այդ իրավիճակի խորհրդանիշ հանդիսացավ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ֆիդայիներից Յաքուփ Ջեմիլը, որը 1913 թ. երիտթուրքական հեղաշրջման ժամանակ անձամբ սպանեց ռազմական նախարար Նազըմ փաշային եւ անպատիժ մնաց, բայց, երբ 1916 թ., թերագնահատելով իր ուժերը, պետական հեղաշրջման պատրաստություններ սկսեց, անմիջապես ձեռբակալվեց եւ չնայած Էնվերի կարգադրությանը' գնդակահարվեց: Նույն ճակատագրին արժանացավ 1960 թ. մայիսի 27-ի հեղաշրջման ակտիվ մասնակիցներից մեկը' գնդապետ Թալեաթ Այդեմիրը, որը հեղաշրջումից հետո նոր հեղաշրջման երկու անհաջող փորձ արեց: Առաջինից հետո նրան ներհում շնորհվեց, եւ նա նույնիսկ նշանակվեց տանկային ուսումնարանի հրամանատար, բայց 1963 թ. իրականացրած երկրորդ փորձից հետո արագացված դատավարության արդյունքում կախաղան հանվեց: Այս օրինակները հիմնավորում են այն իրողությունը, որ Թուրքիայում կարեւոր եւ պետության տեսակետից վտանգավոր դատավարությունները շատ կարճ են տեւում, որպեսզի չբացահայտվի դեպի խորքային պետություն տանող կապը, ինչը «Էրգենեկոնի» պարագայում մեկ սպանությամբ կտրվեց:

«Էրգենեկոնի» եւ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցած ավելի փոքր չափի նմանատիպ գաղտնի կազմակերպությունների դատավարությունների ժամանակ ակնհայտ եղավ խորքային պետության եւ նրա կողմից օգտագործվող ուժերի միջեւ նախկինում եւս նախադեպեր ունեցող կարեւոր խնդրի առկայությունը: Հանրապետական Թուրքիայի պատմությունում գրանցվել են դեպքեր, երբ խորքային պետության կողմից օգտագործվող կազմակերպություններ եւ ուժեր հզորանալով, վերահսկողությունից դուրս են գալիս եւ փորձում իրենց սեփական գիծը տանել, ինչպես դա տեղի ունեցավ Յաքուփ Ջեմիլի եւ Թալեաթ Այդեմիրի հետ: «Էրգենեկոնի» պարագայում նման անձ հանդիսացավ այդ կազմակերպության ղեկավարներից մեկը' գեներալ Վելի Քյուչուքը: Վերջինիս վերահսկողությունից դուրս գալու պահ հարկ է համարել ոչ թե լրագրող Հրանտ Դինքի սպանության կամ հակակառավարավարական ակցիանների նախապատրաստումը, այլ երբ Քյուչուքը հայտարարեց, որ Աթաթուրքի կողմից ընդունած Ազգային ուխտը (խոսքը գնում է 1920 թ. ընդունած Թուրքիայի սահմանները նշող Ազգային ուխտի մասին) նա չի ճանաչում եւ Ադրբեջանը, օրինակ, իր համար նույնպես թուրքական տարածք է: Համանմանություն անցկացնելով խորքային պետության կողմից օգտագործելու շրջանում անձռնմխելի եւ անպատիժ լինելու այլ ուժերի հետ' կարելի է նշել, որ 1990-ական թթ. Հարավ-արեւելյան Անատոլիայի քրդաբնակ շրջաններում ժանդարմերիայի հատուկ ջոկատավորների (JITEM) կամ այլ կառույցների կողմից իրականացված սպանություններն ու բռնությունները կոծկվել էին եւ անպատիժ մնացել այնքան ժամանակ, երբ քաղաքական իրավիճակը երկրում չէր փոխվել, իսկ ամենակարեւորը' տեսնելով իրենց անպատժելիությունը' այդ ուժերը սկսեցին հավակնել նաեւ քաղաքական որոշ դերակատարության: Խորքային պետության կողմից օգտագործվող կամ օգտագործված, հետագայում վերահսկողությունից դուրս եկած կամ չափազանց ուժեղացած եւ այլ դերակատարության հավակնող ուժերից մաքրվելն ամենեւին էլ չի նշանակում խորքային պետության թուլացում կամ վերացում: Այդ տեսակետից խորհրդանշական են ժամանակին ASALA-ի դեմ պայքարում օգտագործած եւ ներկայում դատապարտված Թուրքիայի մաֆիայի «կնքահայրերից» Ալահեդդին Չաքըջըի խոսքերը. «Պետությունը մեզ օգտագործեց եւ աղբանոց նետեց»:

Անդրադառնանք նաեւ խորքային պետության եւ նրա կողմից օգտագործվող ուժերի միջեւ կապող օղակ հանդիսացող կամ համարվող անձին, որի անունը հավասարաչափ հիշատակվում է թե «Էրգենեկոն» կազմակերպության, թե Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչների, թե 2006 թ. մայիսի 17-ի Պետական խորհրդի վրա հարձակման ետեւում կանգնած մայոր Մուզաֆֆեր Թեքինի դատավարությունների ժամանակ: Խոսքը գնում է Մեծ Միասնության կուսակցության (Buyuk Birlik Partisi – BBP) նախագահ Մուհսին Յազըջըօղլուի մասին: Այդ կուսակցությունը թուրք-իսլամի միավորման ծայրահեղական գաղափարախոսությամբ ստեղծված կուսակցություն է, որի անդամ էր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը, Մուզաֆֆեր Թեքինը, եւ ներկայում տարբեր դատական գործերով անցնող մի շարք անձինք, եւ տարբեր ուղղություներով ձգվող թելերը կենտրոնանում էին մեկ մարդու վրա' Մուհսին Յազըջըօղլուի, որը խորքային պետության կամ առնվազն խորքային կապեր ունեցող մարդու համբավ ուներ: 1980 թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո Մուհսին Յազըջըօղլուն առանց դատական վճռի 7,5 տարի բանտում անցկացրեց եւ այն ժամանակվանից ի վեր տեղեկություններ հայտնվեցին, որ Յազըջըօղլուն օգտագործվում է շատ ազդեցիկ գաղտնի ուժերի կողմից: Յազըջըօղլուի անունն առաջին անգամ մամուլի էջերում հայտնվեց 1979 թ. Ստամբուլի Բահչելիեվլեր թաղամասում եւ Քահրամանմարաշ քաղաքներում ազգայնականների կողմից կազմակերպված ջարդերի ժամանակ: «Էրգենեկոնի», Հրանտ Դինքի սպանության եւ այլ վերոնշյալ դատավարությունների ժամանակ, երբ սկսեց ակտիվորեն արծածվել Մուհսին Յազըջըօղլուի անունը եւ բացահայտվել դեպի նրան տանող կապերը, վերջինս անսպասելիորեն 2009 թ. մարտի 25-ին ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվեց: Ընդ որում, նրա մահը շատ հարցեր հարուցեց, քանի որ հետաքնությունը պարզեց, որ ուղղաթիռի վայր ընկնելուց հետո Յազըջըօղլուն ողջ էր, միայն ոտքն էր կոտրվել եւ տեղական իշխանությունները, մասնավորապես Քահրամանմարաշի նախանգապետը, դրա, ինչպես նաեւ ուղղաթիռի վթարի մոտավոր վայրի մասին ստույգ տեղեկություններ ունեին: Սակայն ուղղաթիռի մնացորդները, Յազըջըօղլուի եւ նրա վեց ընկերների դիակները, որոնք մահացել էին ցրտահարությունից, գյուղացիների կողմից գտնվել էին միայն 48 ժամ անց իշխանությունների կողմից որոնման եւ փրկարար աշխատանքների անցկացման շրջանից 115 կմ հեռավորության վրա: Մուհսին Յազըջըօղլուի կասկածելի մահը պարզելու նպատակով կազմված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հատուկ հանձնաժողովը մինչ այսօր որեւէ արդյունքի չի հասել: Որոշ թուրք վերլուծաբանների կարծիքով Մուհսին Յազըջըօղլուի մահով կտրվեց «Էրգենեկոնից» դեպի խորքային պետություն տանող օղակը:

Արսեն Ավագյան

պատմական գիտությունների դոկտոր, Քաղաքական

գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ

հատուկ «Արմենպրես»-ի համար




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ