Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում


ՎԱՆԱՁՈՐ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի ավագանու որոշմամբ` նոր տարածք է հատկացվել Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքին. գրողների տունն այսուհետ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում է:

 

«Լոռի» հեռուստաընկերության շենքի առաջին հարկում գտնվող անհարմար եւ անբարեկարգ տարածքում տարիներ շարունակ գործելուց հետո ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը տեղափոխվեց մշակույթի պալատում հատկացված բարեկարգ տարածք, որտեղ հանդիսավոր բացման արարողությունից անմիջապես հետո այսօր առաջին միջոցառումն անցկացվեց. նշվեց բանաստեղծուհի Լենա Անթառանյանի 60-ամյա հոբելյանը:

 

Գրողների տան նորամուտն ու բանաստեղծուհու տարեդարձը շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ Ռենե Լեւոնյանը, գրողներ, մտավորականներ, բանաստեղծուհու գրչակից ընկերներն ու նրա տաղանդի երկրպագուները:

 

Գրողների տան բարենորոգ դահլիճում հավաքվածները բարեմաղթանքի խոսքեր հղեցին, նվերներ հանձնեցին բանաստեղծուհուն, ունկնդրեցին նրա ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես նաեւ Իսպանիայից ժամանած հայտնի տենոր Վահրամ Թադեւոսյանի կատարումը:

 

Լեւոն Անանյանը մասնավորապես նշեց, որ Լենա Անթառանյանի ամբողջ կյանքն ինքնին բացարձակ նվիրում է գրականությանն ու մշակույթին: ՀԳՄ նախագահը միության կողմից գրական վաստակի համար մեդալ հանձնեց Լ. Անթառանյանին, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ