Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հ. Միրզոյան. «Էկոնոմիկայի նախարարությունը կարեւորում է հանրապետությունում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը»

Հ. Միրզոյան. «Էկոնոմիկայի նախարարությունը կարեւորում է հանրապետությունում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը»

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 12.2 տոննա գորգ եւ գորգեղեն. անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 18,2 տոկոս: Իսկ 2009 թվականին 2008-ի համեմատ գրանցվել է 72.9 տոկոս անկում: Նախորդ տարի իրացումը կազմել է 200,3 մլն դրամ, 2008թ-ի` 434,7 մլն դրամի դիմաց, արտահանումը` 74,3 մլն դրամ, 2008թ-ի 254,8 մլն դրամի դիմաց: 2009թ-ին ոլորտում զբաղված են եղել 67 մարդ, 2008թ-ի 335-ի դիմաց: Գորգագործությանն առնչվող խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի հետ:

 

-Ներկայում գորգագործական քանի՞ ընկերություն է գործում Հայաստանում:

 

-Գորգերի եւ գորգեղենի արտադրությամբ հանրապետությունում զբաղված են 7 ձեռնարկություններ, որոնցից ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվում են «Թուֆենկյան թրանս կավկազուս» ՍՊ եւ «Մեգերյան կարպետ» ԲԲ ընկերությունները: Ինչպես ձեռագործ, այնպես էլ մեքենայական գորգեր է արտադրում «Արմեն կարպետ» ընկերությունը: Իսկ Իջեւանի «Ջրաշող» ընկերությունը մասնագիտացված է մեքենայական գորգերի արտադրությամբ:

 

-Արդյո՞ք գորգերի արտահանում իրականացվում է: Եթե այո, ապա ո՞ր երկրներ եւ ի՞նչ ծավալով:

 

-Հայաստանում արտադրված ձեռագործ գորգերը հիմնականում սպառվում են արտերկրում, օրինակ` «Մեգերյան կարպետ» ԲԲ ընկերությունն իր արտադրանքի 80 տոկոսը վաճառում է ԱՄՆ-ում, իսկ 20 տոկոսը` Եվրոպայում: Ինչ վերաբերում է մեքենայական գորգերին, ապա դրանք հիմնականում սպառվում են ԱՊՀ երկրներում, Վրաստանում:


-Գորգագործության զարգացման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

 

-Դիտարկելով գորգագործությունը ոչ միայն որպես արդյունաբերական ճյուղ, այլ նաեւ հայկական մշակույթի եւ արվեստի մաս` 2009թ-ի մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում, որով անմիջական արտադրողի կողմից ՀՀ-ում արտադրված ձեռագործ գորգերի իրացումն ազատվում է ԱԱՀ-ի գանձումից: Ճգնաժամի ազդեցությունը գորգագործական բնագավառի վրա շատ ավելի մեծ էր, քան միգուցե այլ ոլորտների վրա, քանի որ ճգնաժամի պայմաններում բնակչության գնողունակության անկման պարագայում, առաջին հերթին ձեռք են բերվում առաջին անհրաժեշտության ապրանքներ` կրճատելով այլ ծախսեր:

 

Չնայած ճգնաժամի հետեւանքով գորգերի նկատմամբ առաջացած պահանջարկի անկման պատճառով ձեռագործ գորգերի արտադրությունը նույնպես կտրուկ նվազեց, սակայն երկարաժամկետ կտրվածքով նշված օրենսդրական փոփոխությունները կարող են խթանել ոլորտի զարգացումը: Մեր նախարարությունը կարեւորում է հանրապետությունում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը, ուստի անհրաժեշտ է համարում բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտի մրցունակության բարձրացմանը, արտաքին շուկաների ընդլայնմանը եւ ներմուծվող արտադրանքի փոխարինմանը:

 

Այդ նպատակով նախարարությունը մի շարք ոլորտային քննարկումներ է իրականացրել բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ, հաշվի առնելով նրանց դիտողություններն ու առաջարկությունները: Ներկայումս մշակվում է արտահանման խթանմանն ուղղված հայեցակարգ եւ ռազմավարություն, որտեղ ներկայացվում է ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա խնդիրները եւ իրականացվելիք միջոցառումների ցանկը, որտեղ ի թիվս այլ միջոցառումների` առաջարկվում են մաքսային եւ հարկային, ինչպես նաեւ արտահանման համար պահանջվող սերտիֆիկատների տրամադրման ընթացակարգերի պարզեցում, միջազգային պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար` առաջադեմ տեխնոլոգիաներ եւ սարքավորումների ներմուծմանն աջակցելու նպատակով` լիզինգի ինստիտուտի զարգացում եւ լիզինգի մասին օրենսդրության կատարելագործում, աջակցություն ընկերություններին իրենց արտադրանքը արտաքին շուկաներում հասանելի դարձնելու ուղղությամբ եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]