Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալ. Բոժկո. «Կարեւոր է, որ Ուկրաինայում էլ հասկանան հայի իսկական արժեքը»

Ալ. Բոժկո. «Կարեւոր է, որ Ուկրաինայում էլ հասկանան հայի իսկական արժեքը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես գիտեմ, որ Հայաստանում պատահական մարդ չեմ եւ իմ գործունեությամբ միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին»,-Հայաստանի ազգային գրադարանում այսօր կազմակերպված հրաժեշտ-հանդիպումի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Շուտով նա կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ կվերադառնա Ուկրաինա` տեղի Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու:

 

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը Ա. Բոժկոյին պարգեւատրեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, իսկ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` Հայաստանի գրողների միության պատվոգրով: «Մենք պետք է խոսենք Ա. Բոժկոյի մասին` որպես Ուկրաինայի դեսպան Հայաստանում, որպես գրական դեսպան Հայաստանում եւ Ուկրաինայում, եւ որպես հայ ժողովրդի ուկրաինացի զավակ: Նա մեր ժողովրդի լավագույն բարեկամներից է»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` նշելով, որ հայ ժողովուրդը ուկրաինացիներին ճանաչում է հենց Բոժկոյի կերպարով: Ալ. Բոժկոն, շնորհակալություն հայտնելով պարգեւների եւ գնահատանքի համար, նշեց, որ դեռ ուսանողական տարիներից է կապված Հայաստանի ազգային գրադարանի հետ , եւ ընթերցանությունն ու գիրքն իր նախասիրությունն են:

 

«Ես Ուկրաինայում հայկական մեծ գրադարան ունեմ, որը պատրաստվում եմ հանձնել Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այնտեղ հայկական բաժին բացվի»,-ասաց հայագետը` հավելելով, որ հայ եւ ուկրաինացի ժողովուրդները պետք է ճանաչեն միմյանց հենց մշակույթի լեզվով: «Կարեւոր է, որ Ուկրաինայում հասկանան հայի իսկական արժեքը եւ հասկանան մշակույթի լեզվով:

 

Այնինչ, հայկական գրքերը շատ քիչ են, հայկական մշակույթը շատ քիչ է հասանելի օտարազգերի համար: Օրինակ` հայերեն-ռուսերեն եւ ռուսերեն-հայերեն բառարանները շատ հին են ու 30 տարվա վաղեմություն ունեն, ինչը դժվարացնում է հայ մշակույթով հետաքրքրվող անձանց գործը»,-նկատեց Ալ. Բոժկոն: Նա նաեւ հավելեց, որ իր կնոջ` Ռաիսա Ղարագոզյանի հետ հայերենից ուկրաիներեն եւ ուկրաիներենից հայերեն մի շարք աշխատանքներ են թարգմանել: Դրանցից մեկն էլ Ուկրաինայի համառոտ պատմության հայերեն թարգմանությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]