Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ակնաղբյուրում կառուցվել է համայնքային կենտրոն

Ակնաղբյուրում կառուցվել է համայնքային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 4-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Տավուշում հանդիսավորությամբ բացվել է Ակնաղբյուրի նորակառույց համայնքային կենտրոնը: Շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, արարողությանը ներկա են գտնվել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը, ծրագրի բարերար Ջորջ Թավիդյանն իր տիկնոջ հետ եւ ֆրանսիայից ժամանած շուրջ 50 հոգանոց բարերարների պատվիրակությունը:

 

Թավիդյանների ընտանիքը մշտապես մասնակցում է ֆրանսիայի տեղական մարմնի կողմից կազմակերպվող դրամահավաքներին եւ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատու անդամ: Հյուրերին գյուղում ընդունել են Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշներով, աղ ու հացով եւ երգ ու պարով: Երկհարկանի համայնքային կենտրոնում այսուհետ կգործեն գյուղապետարանը, համայնքային գրադարանը, 50 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը, ինչպես նաեւ առանձին մուտքով բուժկետը:

 

Համայնքային կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է բնակչության կյանքում, քանի որ տարիներ շարունակ գյուղապետարանը գործում էր երկհարկանի խարխուլ շենքում, որտեղ առ այսօր էլ ապաստանում է փախստականների երկու ընտանիք, գյուղն ընդհանրապես չուներ հանդիսությունների սրահ, գրադարանը տեղակայված էր կիսակառույց խոնավ շենքում, իսկ բուժկետը` մետաղե տնակում: Համայնքային նորակառույց կենտրոնի կառուցումը լուծում է նշված բոլոր խնդիրները:

 

«Երկու ամիս առաջ, երբ Ակնաղբյուրում բացում էինք խմելու ջրի ջրագիծը, գյուղացիներին խոստացա, որ շուտով գյուղում ուրախության մեկ այլ առիթ կլինի, եւ այսօր մենք միասին տոնում ենք գյուղի համար այնքան կարեւոր համայնքային կենտրոնի բացումը»,- ողջույնի խոսքում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Շնորհակալական խոսքեր են ասել փոխմարզպետը, համայնքի ղեկավարը եւ բնակիչները: Գյուղում վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվել. համայնքը գազիֆիկացվել է (հովանավոր` Մայր աթոռ Սուրբ Էջմիածին), կառուցվել է ոռոգման ջրատար (հովանավոր` Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմին), հիմնովին վերակառուցվել է խմելու ջրի համակարգը (հովանավոր` Կանադայի ՀՅԴ հանձնախումբ):

 

Բացի ծավալուն ենթակառուցվածքային ծրագրերից, իրականացվել են մի շարք այլ, համայնքի համար ոչ պակաս կարեւոր ծրագրեր, ինչպիսիք են դպրոցի սպորտհրապարակի վերականգնումը (Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի նվիրատվությամբ), համակարգչային դասասենյակի ստեղծումը (նյույորքցի Լոուրենթ Պաուլաքի նվիրատվությամբ): Բազմաթիվ գյուղատնտեսների հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա, սերմացուներ, պարարտանյութ, տնկիներ, սոցիալապես անապահով մի շարք ընտանիքների` մարդասիրական օգնություն:

 

Ակնաղբյուրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ այսօր բնակվում է շուրջ հինգ հարյուր մարդ: Հիմնվել է 451 թվականին` ի պատիվ սպարապետ Վարդան Մամիկոնյանի: Ակնաղբյուրը շարունակում է մնալ հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի Տավուշի մարզի 12 շահառու համայնքներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]