1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ 2009թ-ի պետական մրցանակների արժանացան մշակույթի մի շարք գործիչներ

ՀՀ 2009թ-ի պետական մրցանակների արժանացան մշակույթի մի շարք գործիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են որպես լավագույններ: Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում ՀՀ 2009թ-ի պետական մրցանակ է ստացել Վահագն Գրիգորյանը` «Ժամանակի գետը» գրքի համար, երաժշտության ոլորտում` Երվանդ Երկանյանը` «Քրոնիկոն» ստեղծագործության համար, կերպարվեստի ոլորտում «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար պետական պարգեւի են արժանացել Արարատ Աղասյանը, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյանը, Հրավարդ Հակոբյանին, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության նոր համալիրի նախագծման համար` Ստեփան Լազարյանը, Լեւոն Խրիստաֆորյանը, Հայկ Այվազյանը, Վահանդուխտ Եղերյանը, Գրիման Հովսեփյանը, Ալբերտ Հայրապետյանը եւ խմբի ղեկավար Գրիգոր Ազիզյանը: «Ժամանակի գետը» վեպը գեղարվեստորեն արտացոլում է ցեղասպանության թեման, ներկայացվում է Մեծ եղեռնից մազապուրծ, տարագիր գերդաստանի պատմությունը: Կերպարվեստի ոլորտում թեեւ ժյուրիի քննությանը ներկայացված են եղել «Տղամարդիկ», Գյումրու հրապարակում տեղադրված «Վարդանանք» արձանախմբերը, բայց որոշում է կայացվել նախապատվությունը տալ իր տեսակի մեջ եզակի կոլեկտիվ տեսական աշխատությանը` «Հայ արվեստի պատմություն» գրքին: ՀՀ պետական մրցանակի համար քաղաքաշինության եւ ճարտարապետության հանձնախումբ ընդունվել է երեք հայտ` Պաշտպանության նախարարության վարչական համալիրը, մայրաքաղաքը շրջանցող արեւելյան ճանապարհը եւ «Հայաստանի ազգային ատլասը»: Վերջին աշխատանքը հանձնաժողովն ստիպված է եղել վերադարձնել, քանի որ չի վերաբերել այս ոլորտին: ՀՀ նախագահը շնորհավորեց մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: «Ինձ համար սա շատ հաճելի պարտականություն է` մեկ անգամ եւս մեր պետության եւ ժողովրդի անունից երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, ովքեր, գոնե ժամանակակիցներիս կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ»,-նշեց երկրի ղեկավարը: Ըստ նրա` ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց «մենք` ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին»: «Եթե մենք դա չանենք, նշանակում է` մենք անհաղորդ ենք, ի վիճակի չենք նկատելու լավը: Ես վստահ եմ, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը: Ես դրանում կասկած չունեմ: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հանձնախմբերի նախագահներին եւ անդամներին, որովհետեւ շատ հստակ պատկերացնում եմ, թե դուք ինչպիսի դժվարությունների առջեւ եք կանգնում: Փոքր պետություններում, մեր ավանդույթներն ունեցող եւ մեր ժողովրդի բնավորության գծերն ունեցող պետությունում շատ դժվար է ընտրություն կատարել, եւ ես շատ ուրախ եմ, որ ցուցաբերվում է սկզբունքային մոտեցում: Այս առումով, իհարկե, ոչ միայն ընդունելի, այլեւ խրախուսելի է, որ հանձնախմբի անդամները, նախագահներն առաջարկություններ ունեն կապված հրամանագրի հետ: Մենք հաճույքով կընդունենք այդ առաջարկությունները»,-ասաց ՀՀ նախագահը: Ս.Սարգսյանը նշեց, որ ժամանակն է, որպեսզի ընդլայնվի նաեւ պետական մրցանակների ընդգրկումը եւ սահմանվեն երկու նոր մրցանակներ` ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում: Որոշում է կայացվել մեծացնել մրցանակային ֆոնդը` կրկնապատկելով մրցանակակիրներին տրվող դրամական խրախուսանքի չափը: Նախագահի խոսքերով` թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, եւ դրա հետ կապված դժվարությունները դեռեւս ամբողջովին հաղթահարված չեն, սակայն, այդ ամենով հանդերձ, պետությունը պետք է անգամ նման դժվարին պահին չմոռանա գրականության, մշակույթի, գիտնականի դերակատարության կարեւորությունը եւ դա ցույց տա ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Հանրապետության նախագահը արվեստագետներին մաղթեց ստեղծագործական ամուր եւ նպատակաուղղված կորով, լավ տրամադրություն, ստեղծագործական երջանիկ պահեր: Երաժշտության մրցութային հանձնաժմբի նախագահ Արաքսա Սարյանը խնդրեց ՀՀ նախագահի թույլտվությունը` կանոնակարգի փոփոխությունների սեփական առաջարկները ներկայացնել` մրցութային կարգի վերանայման տեսանկյունից: ՀՀ նախագահը ողջունեց նման առաջարկություններով հանդես գալու հանձնախմբերի շահագրգռությունը` նշելով, որ հենց հանձնխմբերն են, որ պետք է կատարեն հաղթող աշխատանքի ընտրությունը: Որպես պետական պարգեւ կրծքանշանից եւ եռալեզու վկայագրից զատ, յուրաքանչյուր անվանակարգում 2 միլիոն 500 հազար դրամ է տրամադրվել: Մշակույթի գործիչները համակարծիք են, որ համաշխարհայյին ֆինանսատնետսական ճգնաժամի պայմաններում անգնահատելի է պետական նման վերաբերմունքն ու մոտեցումը մշակույթին ու արվեստին: Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոլորտների պատասխանատու նախարարները: Բոլոր հրավիրյալները լուսանկարվեցին երկրի ղեկավարի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]