Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Ազգային պատկերասրահում անհատական ցուցահանդեսով նշվեց Գրիգոր Աղասյանի 80-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան):Հայկական կերպարվեստի ավագներից Արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 80-ամյակն այսօր անհատական ցուցահանդեսով հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում, որի տնօրեն Փարավոն Միրզոյանը բացման խոսքում բարձր գնահատեց նրա գեղանկարչությունն ու մանկավարժական գործունեությունը: Ըստ Փ.Միրզոյանի, Գ. Աղասյանի ստեղծագործությունը Երեւան քաղաքի կերպարի ինքնատիպ ու վառ նկարագրությունն է, իսկ որպես ուսուցիչ նա տասնյակ արվեստագետների է կյանքի ուղեգիր տվել մանկավարժական աշխատանքի ավելի քան վեց տասնամյակների ընթացքում: «Այստեղ հավաքվածներիս մի զգալի մասը Աղասյանի աշակերտներն ենքե, -ասաց նա: Նկարչին ջերմորեն ողջունեցին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, քանդակագործներ Խաչատուր Իսկանդարյանը, Ղուկաս Չուբարյանը: Շնորհակալության խոսք ասաց Գ. Աղասյանը, մասնավորապես իր համար մեծ պատիվ ու պարտքի-պարտականության զգացում համարելով պատկերասրահում գտնվող աշխարհի մեծերի կողքին իր ստեղծագործությունների ցուցադրումը: Նա ասաց, որ ներկա ցուցահանդեսը նախորդներից տարբերվում է այն իմաստով, որ ինքն առաջին անգամ նատյուրմորտ է ցուցադրել եւ առաջին անգամ ներկայացրել իր ուսանողական տարիների աշխատանքները: Գրիգոր Աղասյանը ծնվել է Երեւանում, ավարտել տեղի Փ.Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը եւ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ինստիտուտը: Արժանացել է մի շարք մրցանակների, ցուցադրվել աշխարհի մոտ 20 երկրներում: Անհատական ցուցահանդեսներ է բացել Երեւանում, Մոսկվայում, Լենինականում, Չարենցավանում, Փարիզում: Աշխատանքները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Անգլիայի թանգարաններում, ինչպես նաեւ մեկ տասնյակ երկրների մասնավոր հավաքածուներում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ