Միջազգային

Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ՝ անկախ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից

2 րոպեի ընթերցում

Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ՝ անկախ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ՝ ինչպիսին էլ լինի Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների արդյունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Le Figaro-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա մտավախություն ունի, որ ընդդիմադիր «Ազգային միավորումը» խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում կպահանջի նրա հրաժարականը, Մակրոնը հայտարարել է, որ ժխտում է նման վարկածը։

«Սահմանադրության նորմերը «Ազգային միավորումը» չի գրել. դրանք բավականին հստակ են, ինչպես նաև նախագահի լիազորությունները, ինչպիսին էլ լինի արդյունքը: Դա ինձ համար հաստատուն է», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Առաջիկա ընտրությունները մենամարտ կդառնան իշխող «Վերածնունդ» կուսակցության և «Ազգային միավորման» միջև։

Մակրոնը հայտարարել է, որ ակնկալում է հաղթել՝ ընդլայնելով կառավարող դաշինքը և մեծ հստակություն մտցնելով նրա քաղաքականության մեջ:

Հունիսի 11-ին Europe 1 ռադիոկայանը հայտնել էր, թե Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը։

Հունիսի 9-ին Մակրոնը որոշում է ընդունել Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին` Եվրախորհրդարանի ընտրություններում իր կողմնակիցների պարտության պատճառով․ Մակրոնի կուսակցությունը հավաքել էր ձայների 14,6 %-ը։ Սա կրկնակի պակաս է, քան ընդդիմադիր աջ «Ազգային միավորում» կուսակցության ձայները՝ 31,4 %։

Ազգային ժողովի վաղաժամկետ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։ Վերջին անգամ խորհրդարանի ստորին պալատը 1997 թվականին ցրել էր նախագահ Ժակ Շիրակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում