Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Չնայած գործադրվող ջանքերին՝ ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ

Չնայած գործադրվող ջանքերին՝ ցեղասպանության շարունակական վտանգն 
աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած գործադրվող ջանքերին՝ ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:

1915թ․ սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:

Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։

Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։

Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»,- ասված է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ԱԳՆ հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am