Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի 
նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը համահունչ է երկու երկրների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի անդամներին՝ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

«Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Նախարարի տեղակալը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am