Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

«Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս». ցուցադրություն, որը ներկայացնում է Ցեղասպանության դաժան փորձությունների միջով անցած կանանց ճակատագրերը

«Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս». ցուցադրություն, որը ներկայացնում է 
Ցեղասպանության  դաժան փորձությունների միջով անցած կանանց 
ճակատագրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության  109-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանրությանը ներկայացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց միևնույն ժամանակ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը:  

«Առանձին խորագրերով ներկայացված են մինչև ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր: Ցուցադրությունում ներկայացված են հայ կանանց անհատական պատմություններ, որոնք, անցնելով թուրքական վայրագությունների միջով, դարձան պայքարի, կուռ կամքի և հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշներ: Ցուցադրության մեջ ընդգրկված են հայ կանանց անհատական  պատմություններ, որոնք ամբողջացնում ու ներկայացնում են  ցեղասպանության տարիներին հայ կանանց բաժին հասած ողբերգական դրվագները»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ցուցադրությունների կազմակերպիչ Սեդա Պարսամյանը նշեց, որ  «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրությունը կոչված է ներկայացնելու ոչ միայն ցեղասպանության տարիներին դաժան փորձությունների միջով անցած կանանց ճակատագրերը, այլև նրանց անսովոր տոկունությունն ու քաջությունը:

«Ցուցադրությունը հստակ ժամանակագրության միջոցով ենք փորձել ներկայացնել․ նախ ներկայացված է հայ կնոջ կերպարը Օսմանյան կասրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Բազմաթիվ ցուցանմուշների՝ անձնական իրերի, հագուստների, զարդերի, լուսանկարների և այլ իրերի միջոցով փորձել ենք ցույց տալ, թե ինչպիսին էր հայ կինը ընտանիքում, կենցաղում, կրթության ոլորտում: Ինչպես նաև փորձել ենք վեր հանել կանանց իրավունքների հետ կապված հարցեր:

Ցուցադրության հիմքում երկու շատ կարևոր շեշտադրում կա. խոսքը զոհի և հերոսի կոնցեպտի  ընդլայնված ներկայացումն է: Այս ցուցադրության մեջ ոչ միայն ներկայացված են այն կանայք, որոնք խոշտանգվեցին և սպանվեցին, այլև կանայք, որոնք տեղահանության ընթացքում առևանգվում էին, վաճառվում, ստրկության մատնվում, տարբեր տիպի բռնության ենթարկվում»,- ասաց նա:

Սեդա Պարսամյանն ընդգծեց՝ պատմությունները մեկ տասնյակից ավել են, որոնցից ամեն մեկը Հայոց ցեղասպանության  մի դրվագ է ներկայացնում: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության տարիների կնոջ թեման երբևէ  այսքան լայն չի լուսաբանվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Պարսամյանը նշեց, որ օգտագործվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ցուցանմուշները, ինչպես նաև մեր մյուս թանգարաներում եղած այլ նմուշներ:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am