Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Կամավոր ատեստավորման քաղաքականությունը պահանջված ու կարևոր է. Զոլաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Կամավոր ատեստավորման քաղաքականությունը պահանջված ու կարևոր է. 
Զոլաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նունե Օսեյանը կամավոր ատեստավորման քաղաքականությունը համարում է շատ պահանջված ու կարևոր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ վերոնշյալ դպրոցի տնօրինությունից, Նունե Օսեյանն  արդեն 32 տարի մանկավարժությամբ է զբաղվում:

Նա կամավոր ատեստավորմանը մասնակցել է 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայից, ընդ որում՝ երկու անգամ՝ և՛ փորձնական փուլին, և հիմնական ատեստավորմանը։ Առաջին մասնակցությամբ ունեցել է 60, երկրորդ մասնակցությամբ՝ 70 տոկոսանոց արդյունք։

Նունե Օսեյանը վստահեցնում է, որ  այս տարի ևս մասնակցելու է կամավոր ատեստավորմանը։ Որոշել է ուժերն այս անգամ փորձել «Քիմիա» առարկայից, հատկապես, որ արդեն հասցրել է այս առարկայի դասավանդման շրջանակում Գեղարքունիքի մարզում դառնալ ամսվա լավագույն ուսուցիչ՝ մասնակցելով ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնությանը։ Նա դասը վարել է 7-րդ դասարանում, որտեղ ներմուծվել է հանրակրթության նոր չափորոշիչը և առաջին տարին է քիմիա դասավանդվում։

«Իմ նպատակն էր՝ երեխաներին ընկալելի և սիրելի դարձնել քիմիայի հետաքրքրաշարժ աշխարհը։ Ներկայացրած դասի թեման էր «Մոլեկուլների և ատոմների մասին ուսմունքի ձևավորման գիտական տեքստը»։ Աշակերտները բնագիտությունից անցում էին կատարել նոր՝ մոլեկուլների և ատոմների թեմային. պետք էր հասկանալ՝ ինչ են հիշում, ինչպիսի բազա ունեն, որտեղից պետք է սկսեմ իմ քայլաշարը»,- ներկայացրել է ուսուցչուհին։

Նա կիրառել է Բոնոյի՝ մտածելու 6 գլխարկների մեթոդը՝ դասարանը բաժանելով 6 խմբի՝ յուրաքանչյուր խմբին տալով առանձին հանձնարարություն։

«Հիմա արդեն, երբ մտնում ենք լաբորատորիա, իրենք են առաջարկում թիմային որևէ աշխատանք, քանի որ արդեն գիտեն՝ իրար լեզու լավ են հասկանում»,-  ոգևորված պատմել  է ուսուցչուհին՝ ավելացնելով՝ յուրաքանչյուր անգամ լաբորատորիայից դուրս գալուց հետո աշակերտներն ասում են՝ «Ընկեր Օսեյան, մենք քիմիա շատ ենք սիրում»։

«Նունե Օսեյանը յուրաքանչյուր դաս վարում է ստեղծագործաբար, կիրառում ուսուցման համար անհրաժեշտ բազմաթիվ մեթոդներ, անում հնարավորը, որպեսզի ամեն մի աշակերտ իրեն զգա դասի թեմատիկայի մեջ, հիմնովին յուրացնի գիտելիքը։ Նա միշտ աշխատում է իր իմացած նյութը կատարելագործելու, աշակերտներին իր գիտելիքներն ամենաարդյունավետ ճանապարհով փոխանցելու միջոցների ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ մեր դպրոցում արդեն ունենք կամավոր ատեստավորված 7 ուսուցիչ, որոնց օրինակով առաջիկայում կձգտեն ատեստավորվել նաև մյուս ուսուցիչները»,-ներկայացրեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Մելիքյանը։

Խոսրով Խլղաթյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am