Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ-ից ուսուցիչների հերթական խումբը կվերապատրաստվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

ԱՄՆ-ից ուսուցիչների հերթական խումբը կվերապատրաստվի Հայոց 
ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալելու է ԱՄՆ-ից ժամանող ուսուցիչների հերթական խմբին։ Նրանք մեկ շաբաթ անցկացնելու են թանգարան-ինստիտուտում՝ վերապատրաստվելու նպատակով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ աշխատանքներն իրականցվում են «Genocide education project»-ի հետ։ 

«ԱՄՆ տարբեր նահանգներ օրենքի ուժով պարտադիր են դարձնում Հայոց ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելը։ Եվ ահա այս համատեքստում Հայաստան եկող ամերիկացի ուսուցիչները վերապատրաստվելու, դասավանդման հմտությունները զարգացնելու հնարավորություն են ստանում։ Ի դեպ, այն նահանգներում, որտեղ դեռ պարտադիր չէ Հայոց ցեղասպանության դասավանդումը, միևնույն է տարբեր ուսումնական հաստատություններից լինում են ուսուցիչներ, որոնք ցանկություն են հայտնում մեզ մոտ վերապատրաստվել»,-ասաց Էդիտա Գզոյանը։

ԱՄՆ-ից 15 ուսուցիչ Հայաստան է գալու հուլիսին։ Սա արդեն նման երրորդ այցելությունն է։ Ուսուցիչները, իրենց երկիր վերադառնալով, արդեն որպես մենթոր պետք է վերապատրաստեն մյուս գործընկերներին։ 

«Երբ առաջին անգամ այս վերապատրաստումն իրականացրեցինք, այն մեծ ազդեցություն ունեցավ, արձագանքը նկատելի էր։ Դա հաշվի առնելով՝ որոշում կայացվեց ծրագիրը շարունակել։ Կրթության միջոցով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը ամենակարևոր մեթոդներից է, և այդ ուղղությամբ ներդրումները միայն ողջունելի են»,-հավելեց Էդիտա Գզոյանը։

Հայոց ցեղասպանության դասավանդման հմտությունները զարգացնելու համար աշխատանքներ են տարվում՝ ներգրավելով նաև Հայաստանի ուսուցիչներին։ Դեռ 2022 թվականին թանգարան-ինստիտուտը կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով։ Էդիտա Գզոյանը նշեց, որ այդ ժամանակ հատուկ նամակ է ուղարկվում ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի ստեղծվի հատուկ հանձնաժողով Հայոց ցեղասպանության առարկայի դասավանդման առնչությամբ։ 2023 թվականի հունիսին նախարարության կողմից հաստատվեց թանգարան-ինստիտուտի կողմից մշակված ծրագիրը՝ «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացը։ Դրա հիման վրա արդեն առաջարկվում է հանրապետության դպրոցների ավագ դասարաններին, որ Հայոց ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդվի։  Էդիտա Գզոյանի խոսքով՝ իրենց կողմից մշակված դասընթացում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է ինչպես պատմական, այնպես էլ  հոգեբանական, սոցիալական, իրավական տեսանկյունից։

Որպես հաջորդ քայլ՝ ուսուցիչներին օգնելու համար մշակվում է ուսուցիչների համար հատուկ ձեռնարկ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am