Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է. Վարդանյանը՝ Տավուշի հատվածում սահմանազատման համաձայնության մասին

Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է. Վարդանյանը՝ Տավուշի 
հատվածում սահմանազատման համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնության համատեքստում կարևորում է փոքր քայլերով փոխադարձ վստահություն ձեռք բերելը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: 

«Կա համաձայնություն, որ պետական սահմանը պետք է անցնի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է, որ Խորհրդային Միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանի սահմանազատման և սահմանագծման համար: Սա նշանակում է, որ սահմանագծման աշխատանքներն իրականացվում են այդ կտորի վրա, այդ կտորի վրա սահմանազատման հետ կապված համաձայնություն է ձեռք բերվել»,–ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ ցանկացած դեպքում պայմանավորվածությունը, որը երկու կողմի համար դիտարկվում է որպես արդյունավետ լուծում, դրական է:

Անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ չէր լինի, որ Ադրբեջանի զինվորները դուրս գային Հայաստանի տարածքից՝ Ջերմուկի հատվածից, հետո նոր սկսվեր սահմանազատումը՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Իրական քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ փորձ է կատարվում հնարավորինս գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է գալ կոնսենսուսի և շարունակել առաջ գնալ: Ի վերջո, փոխադարձ վստահությունը՝ փոքր քայլերով, շատ ավելի կարևոր է, քան էպոխալ լուծումները»:

Պատգամավորը նկատեց, որ փոխվստահությունը բավականին երկարատև գործընթաց է:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որը հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա»,–ասաց Վարդանյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am