Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Պապուա Նոր Գվինեայի ղեկավարն արձագանքել է Բայդենի այն դիտարկմանը, թե իր քեռին այնտեղ մարդակերների զոհ է դարձել

Պապուա Նոր Գվինեայի ղեկավարն արձագանքել է Բայդենի այն դիտարկմանը, թե 
իր քեռին այնտեղ մարդակերների զոհ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պապուա Նոր Գվիենայի վարչապետ Ջեյմս Մարապեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է իր երկիրը նսեմացնելու մեջ այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իր քեռուն կերել են մարդակերները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

ԱՄՆ նախագահն անցյալ շաբաթ Փենսիլվանիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ բանակի օդային կորպուսի ավիատոր իր քեռու՝ Ամբրոզ Ֆինեգանի ինքնաթիռը խոցվել էր Պապուա Նոր Գվինեայի երկնքում։

«Նրա մարմինն այդպես էլ չգտան, որովհետև Նոր Գվինեայի այդ հատվածում իսկապես շատ մարդակերներ կային», - ասել էր Բայդենը։

Մարապեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բայդենն ակնարկել է, թե իր քեռուն կերել են մարդակերները։

«Նախագահ Բայդենի մեկնաբանությունները, գուցե, լեզվի սայթաքում էին, այնուամենայնիվ, իմ երկիրն արժանի չէ այդպես պիտակավորվելու, - նշված է Պապուա Նոր Գվինեայի վարչապետի հայտարարության մեջ։ - Երկրորդ աշխարհամարտի հեղինակն իմ ժողովուրդը չէր, սակայն նրանք անտեղի ներքաշվեցին մի հակամարտության մեջ, որի հետ կապ չունեին»։

Մարապեն նաև ԱՄՆ-ին կոչ է արել Պապուա Նոր Գվինեայի ջունգլիներում գտնել պատերազմի իր զոհերին և մաքրել պատերազմի հետևանքները։

«Երկրորդ աշխարհամարտի մնացորդները սփռված են ամբողջ Պապուա Նոր Գվինեայում, այդ թվում՝ նախագահ Բայդենի քեռուն տանող ինքնաթիռը», - ասել է նա՝ հավելելով, որ իր ժողովուրդն ապրում է վախով, որ կարող է պայթել պատերազմի ընթացքում չպայթած ականների վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am