Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ

Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը 
վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունն այս մասին գրառում է կատարել X-ի իր էջում:

«1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը  վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին կարևոր խոչընդոտ։ Գերմանիան շարունակում է պատրաստ լինել՝ անելու ամեն ինչ կայուն խաղաղության ճանապարհին աջակցելու համար»,–ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am