Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դրամի զգալի արժևորում է գրանցվել 2024 թ. մարտին՝ տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժևորվել է 2.7 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

Միջազգային պահուստները շարունակել են նվազել` 2023 թ. վերջի դրությամբ արձանագրված 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարից իջնելով 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի` մարտին՝ այս կերպ ներմուծման ծածկույթը հասցնելով 2.6 ամսի:

«2024 թ. փետրվարին գրանցվել է բյուջեի 64.9 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Տարեսկզբից մինչ օրս գրանցված հաշվեկշռում գրանցվել է 3.8 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը պայմանավորված է հունվարին բյուջեի գերազանցված կատարողականով: Հարկային մուտքերը փետրվարին ավելացել են 9.5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի և եկամտային հարկի հավաքագրումների ավելացմամբ (երկուսն ել ավելացել են 13.5 տոկոսով ՆՏՆԺՀ): Ծախսերն ավելացել են 34.7 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի գրեթե հնգապատիկ ավելացմամբ (կրկնապատկվել են հատկացումները պաշտպանական ոլորտին) և փախստականներին օգնելու նպատակով սոցիալական ոլորտին հատկացումների 47 տոկոս ավելացմամբ»,–ասված է ամփոփագրում:

Համաշխարհային բանկի ամփոփագրում նաև նշվում է, որ մարտին գրանցվել է գների 1.2 տոկոս անկում: Սա պայմանավորված է եղել պարենային գների 5.6 տոկոս անկմամբ: Բանկից նշում են՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները` 25 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը (հասցնելով 8.5 տոկոսի) տնօրենների խորհրդի մարտի 12-ի նիստում:  

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ամփոփագրում ընդգծվում է, որ արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման բարձր ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2024 թ. փետրվարին բարձրացել են մինչև 191.3 տոկոս, ինչը պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների իննապատիկ ավելացմամբ,  ինչն էլ իր հերթին հիմնականում պայմանավորված է ոսկու, թանկարժեք զարդերի և թանկարժեք քարեր պարունակող մասերի արտահանմամբ:

«Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման մասնաբաժինն արտահանման ընդհանուր կազմում ավելացել է` 2023 թ. փետրվարի 25 տոկոս ցուցանիշից հասնելով 75 տոկոսի 2024 թ. փետրվարին: Այս բացառիկ աճը կարող է մի շարք գործոնների արդյունք լինել, այդ թվում` թանկարժեք իրերի արտադրության ծավալների մեծացում, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված` վերաարտահանման ծավալների ավելացում: Օգտակար հանածոների (այդ թվում` պղինձ) և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալները ևս ավելացել են՝ համապատասխանաբար 72 և 134 տոկոսով, և 11 տոկոսային կետով նպաստել են ընդհանուր աճին: Մնացած ապրանքային խմբերում արտահանման ծավալները կամ կրճատվել են, կամ աննշան են նպաստել արտահանման աճին: Հունվար-փետրվար ամիսներին արտահանման ընդհանուր ծավալներից 46.6 տոկոսի ուղղությունը եղել է ԱՄԷ-ն, և դա եղել է հիմնականում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը գրեթե երկուսով կրճատվել է` 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին հասնելով 20 տոկոսի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 51 տոկոսի համեմատ: Մյուս կողմից, Ռուսաստանը շարունակում է լինել ներմուծման գլխավոր աղբյուրը (58 տոկոս մասնաբաժին), որը փետրվարին աճել է 80 տոկոսով (ՆՏՆԺՀ): Սա հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման ծավալների աճով: Այս ապրանքային խմբում զուտ արտահանումը փետրվարին կազմել է 400 միլիոն ԱՄՆ դոլար»,–նշվում է ամփոփագրում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am