Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայ և օտարազգի վարպետների գործերը՝ մեկ վայրում. Երևանում բացվել է «Զարդարվեստի ակադեմիա» ցուցահանդեսը

Հայ և օտարազգի վարպետների գործերը՝ մեկ վայրում. Երևանում բացվել է 
«Զարդարվեստի ակադեմիա» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարդարվեստի ակադեմիա» (Jewellery Academy) ցուցահանդեսում, որ բացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում, ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսն իրականացվում է Սլովակիայի՝ Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

d7f92552-39a9-4912-a64b-459d79385b1e.jpg (232 KB)

Այն կազմակերպել է ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը՝ համագործակցելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ: 

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, ողջունելով ներկաներին, մեծ ուրախություն է հայտնել, որ իրենք նման գեղեցիկ նախագիծ են իրականացնում: 

«Հրաշալի առիթ է տեսնել տարբեր երկրների մոտեցումները զարդարվեստի ոլորտում: Որպես Հայաստանի ներկայացուցիչ շատ ուրախ եմ, որ մեր երկիրը ևս այս ցանկում է: Հատուկ շնորհակալություն ՀՀ-ում Սլովակիայի դեսպանությանն ու պարոն դեսպանին՝ հրաշալի համագործակցության համար»,-ասել է նա:

Ցուցադրված են զարդերի յուրահատուկ նմուշներ, որոնք առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ, նորարարությամբ ու վարպետությամբ: Յուրաքանչյուր զարդ ունի իր յուրահատուկ պատմությունը՝ արտացոլելով այն ստեղծողի որոնումներն ու արտահայտման ուղիները: 

«Մենք այստեղ ենք, որ տոնենք այս արվեստագետների տաղանդը, միշտ նորը ստեղծելու նրանց ձգտումները: Այստեղ ենք որպես Կենտրոնական Եվրոպայի մի մաս՝ ցույց տալու, որ միասին մենք ուժեղ ենք և քաջալերում ենք նման նախաձեռնությունները: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար»,-նշել է Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին և Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան: 

9766627f-7118-4f87-a4f9-93c758747d55.jpg (224 KB)

«Այս ցուցահանդեսը համընկնում է Հայաստանի և Եվրոմիության համագործակցության սերտացման կարևոր փուլի հետ: Երբեմն մշակույթն անտեսվում է, և սա բացառիկ օրինակ է, երբ համագործակցության առանցքում զարդարվեստն է: Մենք շատ կարևորում ենք Սլովակիայի հետ հարաբերությունների սերտացման նման գեղեցիկ առիթները»,-ընդգծել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: 

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 18-28-ը:

5b468854-3c82-4cf8-b521-526e124039de.jpg (213 KB)

84cabde3-7083-4bae-9a9c-ac14f08476b9.jpg (125 KB)

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am