Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների

Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն 
Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթևի վանքի  շրջակայքում  մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է զարգացման գործակալության տարածած հաղորդագրությունից, բացի մրգատու ծառերից,  այգում տնկվելու է նաև սոսի՝  Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:

«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն  ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է  բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշայդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք  համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս  զորակցությունը հայտնելու՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող  Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Պտղատու  ծառերի տունկը շարունակվելու է  ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում:  Ծրագրին կարող են  մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք, և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը:  

Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am