Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի 
ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները   ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) կիրառել է վետոյի իրավունքը և արգելափակել ալժիրյան բանաձևի նախագիծը Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթի օգտին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 12 անդամներ: Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել, իսկ ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել բանաձևի նախագծին։

2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարել է Պաղեստինի խնդրանքը՝ ՄԱԿ-ին երկրի անդամակցության հայտի քննարկումը վերսկսելու մասին։ Պաղեստինի իշխանությունները իրենց խնդրանքին կցել էին նամակներ, որոնցում Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին հավանություն են տալիս մի խումբ արաբական պետություններ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը։ Ներկայում Պաղեստինը ՄԱԿ-ում մշտական ​​դիտորդի կարգավիճակ ունի։

2011 թվականի սեպտեմբերին Պաղեստինը ներկայացրել էր կազմակերպությանը որպես լիիրավ անդամ միանալու հայտ։ Սակայն այդ ժամանակ այն չէր կարողացել ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը։ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ վետո կդնի բանաձևի վրա, եթե մյուս մշտական ​​անդամները հավանություն տան դրան։ Վաշինգտոնում կարծում են, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին լիիրավ հիմունքներով հնարավոր է միայն պաղեստինաիսրայելական հակամարտությունը երկու պետությունների ստեղծման սկզբունքով լուծելուց հետո: Այդ իրավիճակում Պաղեստինի իշխանությունները նախընտրել էին դադարեցնել այդ հարցի քննարկումը և համաշխարհային կազմակերպությունում մնալ որպես մշտական ​​դիտորդ։

ՄԱԿ-ի անդամ երկրի ընդունման գործընթացը կատարվում է Անվտանգության խորհրդի հանձնարարականով՝ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Երկրի հայտի շուրջ հանձնարարական ստանալու համար պետք է կողմ քվեարկի Անվտանգության խորհրդի 15 անդամներից ինը՝ պայմանով, որ կառույցի մշտական ​​անդամներից (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ոչ մեկը դեմ չքվեարկի: Դրանից հետո հարցը ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, որտեղ հայտը պետք է հավաքի ձայների երկու երրորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am