Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

«Նոր գիրք»-15/24. Իսրայելյան, Օմեր, Մացուրովա, Հաֆներ

«Նոր գիրք»-15/24. Իսրայելյան, Օմեր, Մացուրովա, Հաֆներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Մհեր Իսրայելյան, «Քաղցր սուտ կամ դառը գաթա»

ֆֆֆֆֆֆ.jpg (200 KB)

Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» պատմվածքների ժողովածուն ճշմարտության յուրահատուկ որոնում է: Հեղինակը մանկությունից մինչև երևակայական ապագա ձգվող կամրջի վրա մեկ խարխափելով, մեկ հաստատակամ կանգնած փորձում է բացահայտել մեր և աշխարհի բարդ հարաբերության առեղծվածը: Այդ ճանապարհին գրողն ու իր հերոսները բախվում են պատերազմի և խաղաղության հավերժական հակադրությանը՝ մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբին վերլուծությամբ փորձելով ճեղքել փակուղին:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն. Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով»

ֆֆֆֆֆ.jpg (574 KB)

Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։

Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։

Բայց արդյոք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին՝ նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում

Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։

Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Թարգմանիչ՝ Զարուհի Անտոնյան, խմբագիր՝ Սոֆյա Առուշանյան:

Մանկապատանեկան գրականություն. Կատարինա Մացուրովա, «Արջուկն ու մեծ ջրհեղեղը»

ֆֆ.jpg (600 KB)

Արջուկը շատ է սիրում խնձոր ու այգին ջրելիս երազում է խնձորով կարկանդակ ուտելու մասին։ Մի օր, մտքերով տարված, նա մոռանում է փակել այգու ջրի ծորակն ու առավոտյան իր այգում իսկական ծով է հայտնաբերում՝ իսկական ծովային կենդանիներով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երբ ջուրը դադարում է խողովակից հոսելուց, ծովն անհետանում է, ու այգին վերածվում է ջունգլիի։

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Սեբաստիան Հաֆներ, «Մի գերմանացու պատմություն»

գգգգգգգգգգգգգգգգգգ.jpg (319 KB)

Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես։ Նա կերտում է իր երկրի դարակազմիկ դիմանկարը, որը մշտապես փոխվում էր՝ Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն: Այս խորապես անձնական պատմությունը ցույց է տալիս, թե արագ դեգրադացվող հասարակարգն ինչպես է իր մամլիչի տակ ճզմում միջին վիճակագրական գերմանացուն։

Հեղինակը նկարագրում է օր օրի կարծրացող ու դաժանացող հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը։

Թարգմանիչ՝ Մարիամ Գուրզադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am