Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մատենադարանում ներկայացվեց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը

Մատենադարանում ներկայացվեց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի 
հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 12  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակադեմիական քաղաքն այն միջավայրն է, որը խթանելու և երաշխավորելու է ժամանակակից հետազոտական և նորարական գործունեությունը, որտեղ բարձրագույն կրթությունը լծորդվելու է հետազոտությունների ու գործնական կիրառման հետ։

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին ապրիլի 12-ին  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացմանն ասաց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Ակադեմիական քաղաքը նաև նպաստելու է ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառելիությանը և առևտրայնացմանը, այսինքն՝ այս մասով ակադեմիական քաղաքում ի սկզբանե նախատեսված են փորձարարական մշակումների համար հատուկ տարածքներ, ինչպես նաև գիտությունից դեպի շուկա այդ շղթան երաշխավորող ենթակառուցվածքներ»,-մանրամասնեց Հայոցյանը։

Նրա խոսքով՝ակադեմիական քաղաքը կլինի ոչ միայն ուսումնական, գիտական տարածք, այլ նաև մտավոր և մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, ուր մարդիկ կգան մշակութային կյանքին առնչվելու։

Ըստ Հայոցյանի՝ ակադեմիական քաղաքի գիտական և նորարարական փոխկապակցվածությունը երաշխավորող միջավայրը դեպի իրեն է ձգելու մասնավոր բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք, ըստ էության, հանդիսանում են գիտական արդյունքի սպառողները։ Միևնույն ժամանակ ակադեմիական քաղաքը կդառնա բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ ծնող միջավայր։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի խոսքով՝ այս ամենին զուգահեռ գոյություն ունի նաև բովանդակային բարեփոխումների գործընթաց, որը բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման ծրագիրն է։

Կառավարության կողմից այդ առումով առաջարկվել է  խոշորացված բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների 6 կլաստերներում համախմբման գաղափարը, որի ձևաչափով էլ նախատեսվում է ձևավորել ծավալուն քննարկումները։

«Դա դասական կլաստերներն են, որն այն միջավայրն է, որտեղ իրականանում են իրական ու հիմնարար գիտությունների ուղղություններով կրթություն և հետազոտություններ»,-ընդգծեց Հայոցյանը։

Դրանցից են՝ բժշկական կլաստերը, որտեղ բժշկական կրթություն ու բժշկական հետազոտություններ կարվեն։ Տեխնոլոգիական կլաստերում տեխնոլոգիական կրթություն և հիմնականում կիրառական գիտությունների ուղղությամբ հետազոտություններ, փորձարարական մշակումներ կիրականացվեն։ Կրթության ոլորտում ուսումնառությունը կկազմակերպվի և ոլորտի վերաբերյալ հետազոտություններ կարվեն կրթական կլաստերում։ Արվեստների կլաստերում էլ  համապատասխան ճյուղերի կրթությունն ու հետազոտություններն են իրականացվելու՝ ներառելով նաև մշակութաբանության ոլորտը։  Սպայական կլաստերը նախատեսված է ներքին և արտաքին անվտանգային ուղղություններով կրթության, վերապատրաստումների և հետազոտությունների համար։

Ակադեմիական քաղաքի հայեցակարգի վերաբերյալ զեկուցմանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև այլ երկրների նմանօրինակ փորձին։

«Այստեղ կարևոր է նշել, որ սա գլոբալ գործընթաց է, այսինքն՝ բուհերի խոշորացումը և գիտական կազմակերպությունների հետ միավորումը ներկա ժամանակներում ընթացող գործառույթ է, որի նպատակն է ռեսուրսների արդյունավետությունը, մտավոր ներուժի մեկտեղումը, ինչը նպաստում է այդ թվում նաև միջդիսցիպլինարության զարգացմանն ու ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը»,-պարզաբանեց Հայոցյանը՝ որպես օրինակ նշելով գործընկեր կազմակերպություններից Մյունխենի տեխնիկական համալսարանը, որն իր բոլոր ենթակառուցվածքները տեղափոխել է համանուն քաղաքից  դուրս։ Նույն կերպ Լոնդոնի արվեստների համալսարանը, ըստ Հայոցյանի, մոտ 6 բուհերի միավորմամբ առաջացած համալսարանական կոմպլեքս է, որը տեղափոխվել է քաղաքի ծայրամասային, լքված, թաղամասերից մեկը, որտեղ այժմ գեղեցիկ, ներառական-մասնակցային միջավայր է ստեղծվել։

Հայոցյանը Հայաստանի դեպքում կարևորեց մեծ երկրների փորձի տեղայնացումն ու մասշտաբները հաշվի առնելը, քանի որ, օրինակ, Մյունխենի տեխնիկական համալսարանը 50 հազար ուսանող ունի, իսկ ՀՀ-ում ընդհանուր ուսանողական համայնքը 75-80 հազար է։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը ներկայացրեց նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելը։

«Սա իրականում մեր միասին անցած ուղու մի մասն է։ Մենք Հայաստան եկանք, շատ բան չիմանալով Հայաստանի, Երևանի ակադեմիական ոլորտի մասին։ Այստեղ շատ փորձառություն ունեցանք։ Հիմա արդեն բավականին շատ բան գիտենք և բավականին լավ պատկերացնում ենք ինչպիսին պետք է լինի մեր ակադեմիական քաղաքը»,-ասաց Քայելը՝ շեշտելով, որ ակադեմիական քաղաքի առկա գլխավոր հատակագծի հայեցակարգն ընդամենը գաղափարների համախմբման մի փուլի ամփոփումն է ներկայացնում։

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքը, որը նախատեսվում է 17-րդ թաղամասում, Երևանից փոքր-ինչ դուրս կլինի, բայց միևնույն ժամանակ Երևանում։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծողներն այս ընթացքում առանձնացրել են ամենակարևոր կետերն ըստ իրենց տեսլականի՝ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, բոլորին հասանելիություն, ընդհանուր տարածքի վրա սոցիալ-տնտեսական ազդեցություն և այլն։

Քայելի դիտարկմամբ՝ ապագա ակադեմիական քաղաքը գտնվում է ինչպես Երևանի կենտրոնին, այնպես էլ՝ Հայաստանի ամենախիտ բնակեցված հատվածներին շատ մոտ և հասանելի է լինելու բնակչության մեծ մասին ամբողջ պետության մասշտաբով։ Բացի այդ՝ ակադեմիական քաղաքը, ըստ բանախոսի, գրավիչ հատված կլինի նաև օտարերկրացի ուսանողների, ինչպես նաև գիտահետազոտական նպատակներով այստեղ այցելողների համար։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծում, որ ներկայացվեց միջոցառմանը, նախանշված են այն ճանապարհները, որոնք կապող ուղիներ կլինեն ոչ միայն Աշտարակի և Երևանի, այլ նաև Հայաստանի այլ մարզերի միջև։

Նախագծող ընկերության փոխտնօրենի հավաստմամբ՝ ակադեմիական քաղաքը պետք է մաս կազմի Երևանի կյանքի, և, որտեղ կներգրավվեն հասարակության բոլոր շերտերը։

Այն կունենա երկաթուղային կայարան, լիճ, կանաչապատում, այգի, գրավիչ տարածք ուսանողների, դասախոսների ու այցելուների համար, սպորտային հատված, մշակութային կենտրոն  և այլն։

Քայելի հավաստմամբ՝ լուրջ քննարկումներ են ընթանում երկաթուղու ապահովման  հարցի շուրջ, որպեսզի Երևանի կենտրոնից ամենաուշը 20-25 րոպեում հնարավոր լինի հասնել համալսարանական տարածք։

Նախատեսվում են նաև ուսանողական հանրակացարաններ, հյուրանոցային գործունեության հատված, ինչպես նաև մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, մեդիա և կինոարտադրության կենտրոններ։

Կլաստերները տեղակայված կլինեն ակադեմիական քաղաքի սրտում, որոնք կապված կլինեն ինչպես միմյանց, այնպես էլ տարածքի հանրային վայրերի հետ։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բուհերի ղեկավարներ և շահառու կառույցների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am