Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Էրեբունու նախկին ղեկավարը զբոսայգին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Էրեբունու նախկին ղեկավարը զբոսայգին վարձակալությամբ տրամադրելու 
գործընթացում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ  ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր: «Արմենպրես»-ին այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, չի ստեղծել մրցութային հանձնաժողով: Փոխարենը, Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականի մայիսի 29-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ, օրակարգում ներառել է «Վարդավառ» զբոսայգու և լճի զբաղեցրած տարածքը ՍՊ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու հարցը:

Համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և արձանագրելով, որ «Վարդավառ» զբոսայգին ունի լուրջ ներդրումների կարիք, իսկ Էրեբունու թաղապետարանը չունի ընթացիկ ծախսեր և ներդրումներ կատարելու բավարար ֆինանսական միջոցներ, տարածքը նախկինում վարձակալած ընկերությունը չի կարողացել բարեկարգման աշխատանքներ կատարել զբոսայգում, 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ՝ չեղյալ է ճանաչել «Վարդավառ» զբոսայգին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Էրեբունի համայնքի նախկին որոշումը և զբոսայգու ու լճի զբաղեցրած տարածքը 99 տարի ժամկետով՝ տարեկան 619 հազար 655 դրամ վարձավճարով, վարձակալական հիմունքներով ու կառուցապատման իրավունքով տրամադրել է ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմին պատկանող ՍՊ ընկերությանը:

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը ավագանուն չի տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետի, Լիոնի քաղաքապետի և Մեծ Լիոնի նախագահի միջև 2008 թվականին ստորագրված համագործակցության համաձայնագրով՝ Լիոն քաղաքը ֆինանսավորել է Էրեբունի համայնքին՝ բարեկարգելու «Վարդավառ» զբոսայգին (ներկայում՝ «Լիոնի այգին»):

 Արդյունքում՝ չեն սահմանվել մրցույթի պայմանները, վճարի մեկնարկային չափը, չի կազմակերպվել բաց մրցույթ, իսկ տարեկան վարձավճարի մեկնարկային նվազագույն՝ 12 մլն 500 հազար դրամի փոխարեն, արդեն իսկ Լիոն քաղաքի միջոցներով բարեկարգվող «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրվել է ՍՊ ընկերությանն ակնհայտ ցածր՝ 619 հազար 655 դրամով:

Դատախազը 2024 թվականի մարտի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատախազը 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am