Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ

ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր 
հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման ընթացքում հայտարարվեց Հայաստանին տնտեսական աջակցության նոր փաթեթ տրամադրելու որոշման մասին: Հայաստանի տնտեսության հետագա զարգացման, արդիականացման, տնտեսական կապերի ձևափոխման և նոր շուկաների յուրացման հարցում այդ աջակցության նշանակության ու նշմարող հնարավորությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանի հետ: 

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում բրյուսելյան հանդիպման տնտեսական արդյունքները: Ըստ ձեզ, նկատվո՞ւմ է հավաքական Արևմուտքի և Հայաստանի միջև համագործակցությունը սերտացնելու, դրան նոր որակ և բովանդակություն հաղորդելու միտում:

-Բրյուսելյան հանդիպման ամենալուրջ տնտեսական արդյունքն այս պահին կարող ենք համարել առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին համապատասխանաբար 270 մլն եվրոյի և 65 մլն դոլարի աջակցություն տրամադրելու Եվրամիության և Միացյալ Նահանգների որոշումը: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովմանը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ԵՄ-ից ստացվելիք աջակցությունը հիմնականում ուղղվելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարողությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կատարելագործմանը, ինչը մեր հանրապետությանը հնարավորություն կտա մրցունակ դիրքեր գրավել նոր շուկաներում և բարելավել ինտեգրացիոն կապերը։ Այդ առումով, նման աջակցությունը, անշուշտ, կարելի է դիտարկել որպես տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն։

-Որքանո՞վ է շոշափելի հայտարարված աջակցությունը և ինչպե՞ս կարող է նպաստել Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու զարգացմանը

-Հարկ է նշել, որ ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունը և ՓՄՁ ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են Հայաստանի տնտեսական ներուժի ամբողջական իրացմանը։ Ներկայում՝ հայտարարության այս մակարդակում, դեռևս դժվար է «թարգմանել», թե ինչ տեսք է ունենալու տրամադրվող աջակցությունը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության շրջանակներում՝ ներառելով տարբեր ֆինանսական գործիքներ՝ դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, դրամաշնորհային բաղադրիչով վարկեր:

ՀՀ-ԵՄ համագործակցության պատմության մեջ առանցքային նշանակություն ունի 2017 թվականի նոյեմբերի 24-ին կողմերի ստորագրած շրջանակային «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այն ներառում է բոլոր ոլորտները՝ բացառությամբ ազատ առևտրի և պաշտպանության հարցերի:

Հայաստանի և Եվրամիության միջև կնքած ոլորտային (գյուղատնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն, հանրային ֆինանսների կառավարում, հանրային կառավարման բարեփոխումներ, որակավորման բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար և այլն) ու բազմոլորտ ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն՝ տարբեր մասնաբաժիններով: Յուրաքանչյուր մասնաբաժնի համար սահմանված են նախապայմաններ, որոնց իրականացման արդյունքում էլ տրամադրվում են ֆինանսական միջոցները:

Բրյուսելյան վերջին հանդիպման վերաբերյալ առավել առարկայական գնահատականներ տալու հնարավորություն կստեղծվի, երբ հստակեցվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հատկացվելիք ֆինանսական նոր աջակցության «կանոնները»։

-ԵՄ-ն պատրա՞ստ է բացել իր շուկաները Հայաստանի համար, ու որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը պատրաստ եվրոպական շուկաներին ինտեգրվելուն և այնտեղ հաստատուն նիշ զբաղեցնելուն:

-Թեպետ տարիներ շարունակ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստեղծվել են տնտեսական համագործակցության ընդլայնման ինստիտուցիոնալ հիմքեր, այդուհանդերձ, ՀՀ արտաքին առևտրի վիճակագրական տվյալները փաստում են, որ տնտեսական կապերը դեռևս ամբողջությամբ իրացված չեն։ Հայաստանի արտահանման կառուցվածքի վերլուծությունը, որը հիմնված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2014 թվականին մեր երկրի արտաքին առևտրում գերիշխել է արտահանումը դեպի ԵՄ երկրներ (31%), սակայն, 2018 թվականից սկսած, իրավիճակը փոխվել է՝ առաջատար են դարձել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, որոնց բաժին է հասել ՀՀ արտահանման 28.5%-ը, այն դեպքում, երբ ԵՄ երկրների մասնաբաժինը նվազելով՝ հասել է 27.6 տոկոսի: 2022 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 46.8%, իսկ միայն Ռուսաստան՝ 45%-ը: Մինչդեռ, նույն թվականին արտահանումը ԵՄ երկրներ եղել է 14%։

Դեպի ԵՄ արտահանման կառուցվածքում առաջատար դիրքեր են զբաղեցրել Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները և Բուլղարիան։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Գերմանիա մեր արտահանումը միջինում կազմել է 5%: Ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրվել է 2014 թվականին՝ 11%, ամենացածրը՝ 2022 թվականին (2%):

Հիմնվելով ներկայացված վիճակագրական տվյալներին՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս չունի որակական և գնային մրցունակության այն բաղադրիչները, որպեսզի կարողանա սպասարկել եվրոպական շուկաները: Մյուս կողմից՝ ցանկացած տնտեսության զարգացման անկյունաքարը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է, որին աջակցելը, կարողությունները զարգացնելն ու հզորացնելը կարող է երկարաժամկետ կտրվածքով որոշակի հեռանկարներ ստեղծել հայկական ապրանքների համար և նպաստել նրանց դիրքավորմանը եվրոպական շուկաներում։ Կարծում եմ՝ Հայաստանի տնտեսությունը եվրոպական շուկաներին ինտեգրելու համար պահանջվում են լուրջ և համակարգային բարեփոխումներ: Դա առաջին հերթին պետք է նպաստի մեր տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու միջազգային մրցունակության խթանմանը։

-Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա:

-Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պետք է շարունակական ջանքեր գործադրի ԵՄ-ԵԱՏՄ հավասարակշռված համագործակցության պայմաններում եվրաինտեգրման հնարավորությունները չկորցնելու և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամություն երաշխավորելու համար։ Իհարկե, աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններում այդ խնդիրը որոշակիորեն բարդանում է: Մյուս կողմից, հատկանշական է, որ Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով ԵՄ-ն միշտ էլ կարևոր ֆինանսական դերակատարում է ունեցել մեր երկրում։ Սակայն, չի կարելի ասել, որ իրականացված ծրագրերը բացառապես հաջողված են: Իհարկե, դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, բայց չհաջողված փորձերը հաճախ բացատրվում են նաև գործընթացներում ներգրավված համապատասխան կառույցների կարողությունների ոչ բավարար զարգացվածության մակարդակով։ Այդ առումով ֆինանսական նոր աջակցության ավելի արդյունավետ կիրառման հարցում առանցքային է դառնում գործընթացում ճիշտ և հասցեական որոշումներ կայացնողների առկայությունը։

 

Հրայր Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am