Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղի դատարկված քաղաքներում ու գյուղերում ադրբեջանական վարչակարգն անցել է արձանազտման և մշակութազտման գործընթացի․ Համահայկական միություն

Լեռնային Ղարաբաղի դատարկված քաղաքներում ու գյուղերում ադրբեջանական 
վարչակարգն անցել է արձանազտման և մշակութազտման գործընթացի․ 
Համահայկական միություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի արձանի քանդմանը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը․

«Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին կանգնեցված կիսանդրին։ Ադրբեջանի կողմից նման քայլերը, թվում է, այլևս չեն զարմացնում ոչ ոքի։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելուց հետո դատարկված քաղաքներում ու գյուղերում ադրբեջանական վարչակարգն անցել է արձանազտման և մշակութազտման գործընթացի։ Շարունակաբար պղծվում են քրիստոնեական սրբավայրերն ու սրբատեղիները, ոչնչացվում հայկական գերեզմանատներն ու արվեստի մեծարժեք նմուշները։ 

Նման քայլերն առաջացնում են նաև միջազգային հանրության զայրույթն ու դժգոհությունը։ Այդ կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն, ով հատուկ գրառմամբ մասնավորապես նշել է, որ հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ։ Էմանուելե Պոցցոլոն նաև արձանագրել է, որ Շառլ Ազնավուրը համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկն էր, ինչը նշանակում է, որ ադրբեջանական վարչակարգը բացարձակ արհամարհանք ունի համաշխարհային արժեքների նկատմամբ, մանավանդ երբ դրանք կապված են հայի ու հայկականության հետ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը շնորհակալ է իտալացի պատգամավորին ցուցաբերված ուշադրության համար։ Մենք կոչ ենք անում վերջինիս և իր գործընկերներին օգտագործել իրենց մանդատը՝ կանխելու ադրբեջանական ռասիզմի հետագա տարածումը»։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am