Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարերար Վահե Բադալյանը 15-րդ դարի մեծարժեք ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին

Բարերար Վահե Բադալյանը 15-րդ դարի մեծարժեք ձեռագիր է նվիրաբերել 
Մատենադարանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից՝ Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։

Ի երախտագիտություն մեծարժեք ձեռագրի նվիրաբերման՝ նվիրատուին առաջին անգամ շնորհվել է «Մատենադարանի բարերար» Ոսկե մեդալ։ Բարերար Վահե Բադալյանի անունից Ոսկե մեդալն ստացել է նրա որդին՝ Ռոման Բադալյանը, ով Բադալյանների ընտանիքի անունից հանդես է եկել շնորհակալական խոսքով։

Pic 3.JPG (9.39 MB)

«Խորին երախտագիտություն եմ հայտնում մեր ազգի պատմության ու մշակութային ժառանգության պահպանմանը նպաստող ձեր անգնահատելի ջանքերի համար։ Բադալյան ընտանիքի համար մեծագույն պատիվ է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալին արժանանալը։ Այն ընդունում եմ պատկառանքով և ուրախությամբ՝ գիտակցելով, որ ևս մեկ հնագույն ձեռագիր հասանելի կլինի ինչպես ապագա սերունդների, այնպես էլ միջազգային գիտական հանրության կողմից ուսումնասիրման համար», - նշել է Ռոման Բադալյանը։

Pic 6.JPG (4.42 MB)

Pic 4.JPG (11.54 MB)

Իր հերթին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է Բադալյանների ընտանիքի անգնահատելի ջանքերը՝ հայկական մշակութային ժառանգության հարստացման գործում․ «Բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է ընծայաբերում Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն։ Մանրանկարները պատկանում են Վասպուրականի դպրոցին. պատվիրատուն եղել է տանուտեր Հակոբը»։

Pic 5.JPG (9.84 MB)

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, կարևորելով բացառիկ ձեռագրի ընծայաբերումը, նշել է․ «Մատենադարանը բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության արդյունքն է և շարունակում է լինել: Այստեղ մեկտեղվում են մեր բոլորի՝ պետության, անհատների, մասնավորի ջանքերը: Եվ սա, կարծում եմ, ցույց է տալիս Մատենադարանի նշանակությունը, որը կարողանում է համախմբել ու տանել»:

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Ներկայացվելու են տարբեր տարիներին ընծայաբերված ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

Pic 2.JPG (9.68 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]