Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական 
գագաթնաժողով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի՝ շուրջ 1000 ներկայացուցիչների: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն.

«Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է: Համահայկական իրականության ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում համահայկական միասնականությունը և գաղափարների ու լուծումների համատեղումը միակ ուղղորդող ճանապարհն են ներկայի բարեփոխման և կայուն զարգացման համար: Սփյուռքը և հայրենիքը կարիք ունեն ներգրավվածության և ներառականության նոր հնարավորությունների և ուղիների: Հայաստանը սփյուռքում և սփյուռքը Հայաստանում պետք է դառնան օրակարգային թեմաներ՝ ունենալով առավելագույն մասնակցություն համահայկական իրականության զարգացման բոլոր գործընթացներում: Այս համատեղ աշխատանքի և երկկողմ պատասխանատվության ստեղծման ճանապարհին հայ իրականության երկու հանգույցները՝ հայկական պետությունը և հայկական սփյուռքը, կարիք ունեն երկխոսության և համագործակցության նոր և դինամիկ հարթակների: Համաշխարհային հայկական գագաթնաժողովները նախ և առաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակներն են»,- անդրադառնալով գագաթնաժողովի կարևորությանը՝ նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը: Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:

200.jpg (522 KB)

300.jpg (543 KB)

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որին մասնակցություն են ունեցել 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք  են հանդիսացել Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարության մշակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am